Իշխանությունների վարկաբեկվածության արդյունքը…

15049868_1827135077576077_441446124_n

Ցավալի է, բայց՝ փաստ, որ Հայաստանում ներկայում դժվար է գտնել իշխանական դաշտից գոնե մեկին, ով քիչ թե շատ ընկալելի կարող է համարվել հասարակության ամենալայն շերտերի կողմից: Այդ իրողությունն, ինչ խոսք, մեծապես պայմանավորված է ոչ միայն երկրի սոցիալական վիճակով, որն ավանդաբար այսպես թե այնպես իր նեգատիվ ազդեցությունը թողնում է հասարակության կողմից իշխանությունների ընկալման վրա, այլև այն՝ իսպառ իրեն սպառած ու չեղած վստահությամբ, որ հասարակությունը «տածում» է իշխանություններիկ հանդեպ:

Երբ փորձում ես պատկերացում կազմել, թե ովքեր են հասարակության շրջանում ամենավարկաբեկվածներն, ակամա բացահայտում ես, որ անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, թե այս կամ այն գործիչն իշխանական, թե ընդդիմադիր դաշտից է, նրանց բոլորին մեկ բան է միավորում, նրանք բոլորն էլ միևնույն ընդհանրությունն ունեն. ավագ սերնդից են: Ավագ սերնդի քաղաքական գործիչների վարկաբեկվածության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ եթե, ինչպես ասում են, սրանք աստղեր էլ երկնքից վար բերեն կամ ձեռքերի մեջ ձվածեղ անեն, միևնույն է, չեն կարող արժանանալ քաղաքացիների վստահությանը:

Վերջին օրերի ամենաթեժ ու ամենալայն քննարկման առարկա դարձած 1000 դրամներիհավաքագրման խնդիրը ընդամենը մի թույլ օրինակ է այն բանի, թե ինչպես լավ, դրական ու նույնիսկ հայրենասիրական նախաձեռնությունը կարող է ընկալելի չլիներ հանրության կողմից միայն այն բանի բատճառով, որ այն մտահղացողներն իշխանություններն են: Չէ՞ որ, երբ փորձում ես հասկանալ բողոքավորների փաստարկները,միգուցե անակնկալ կերպով պարզում ես,որ բացարձակ մեծամասնությունը վիճարկում է ոչ թե գաղափարն՝ ինքնին, այլ՝ համապատասխան նախաձեռնության արդյունավետությունը. մարդիկ լրջագույն կասկածներ ունեն առ այն, թե ինչպիսի արդյունավետությամբ է ծախսվելու գոյացած գումարը, կամ արդյոք չինովնիկական վերնախավն իրեն հատուկ գործելաոճով չի՞ հանդգնի մսխել ազգաբնակչության փողերն ու յուրացնի դրանք: Չէ՞ որ ոչ ոք չի կարող 100%-անոց երաշխիքներ տալ, որ հավաքագրված փողերն ամբողջությամբ գնալու են այն ուղղությամբ, որ մատնանշվել է ի սկզբանե:

Հետևաբար՝ պատճառահետևանքային կապը վարկաբեկված քաղաքական համակարգի, դրա մասը հանդիսացող իշխանությունների ու բարձրացած այս ողջ աղմուկի միջև չտեսնել ուղղակի չի կարելի:

Հարց է առաջանում՝ ո՞րն է այն բանաձևը, որի օգնությամբ կարելի կլինի վերացնել վստահության այն ճգնաժամը, որ տիրել է Հայաստանը՝ վերևից ներքև. անկասկած՝ սերնդափոխությունն է, որ իրողություն կդառնա ոչ թե արհեստականորեն բուծած մի քանի երիտասարդ դեմքերի իշխանության բերելով, այլ արդյունք կհանդիսանա ներհասարակական բնական գործընթացների:

«Միասնություն» շարժումը, որն, ըստ էության, լավագույն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում արդեն իսկ սկսվել են համապատասխան պրոցեսներ, որոնք միանգամայն բնական հիմքի վրա գալու են՝ լուծելու հասունացած գերխնդիրը, դարձել է հենց այն հարթակը, որը թույլ է տալու հասարակության առողջ ուժերին համախմբվել ու կենտրոնացնելով ուժերը՝ սերնդափոխության միջոցով լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Դրա համար կա թե՛ կամք, թե՛ վճռակամություն, ու թե՛, որ ոչ պակաս կարևոր է, պոտենցիալ՝ մեկընդմիշտ հաղթահարելու այն ներքին ճգնաժամը, որ անխուսափելի է լինելու՝ խնդիրներին պատշաճորեն լուծում չտալու դեպքում. ապագան երիտասարդներինն է, ովքեր էլ վճռելու են Հայաստանի ճակատագիրը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *