Այվազյանը բացահայտում է իշխանությունների իրական նպատակը…

arm145803517664

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում վերջին շրջանում գրեթե բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունները կամ բարեփոխումներն գրեթե «աննախադեպ» են առնվազն վերջին տարիների կտրվածքով. դժվար կարելի է մտաբերել ևս մեկ նմանատիպ ժամանակահատված, երբ երկրում միանգամից տեղի ունեցած լինեն նույնքան տեղաշարժեր ու իրադարձություններ, որքան՝ այժմ:Անկասկած, այդ տեղաշարժերի թվին պետք է դասել նաև տնտեսական քաղաքականության մեջ տեղի ունեցող պրոցեսները, որոնք, դատելով գոնե համապատասխան չինովնիկների հրապարակային հայտարարություններից, առաջին հայացքից բավական խոստումնալից են թվում. երկար ընդմիջումից հետո հայաստանյան հասարակությանն ավետվում է այն մասին, որ առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի գները իջեցվելու են, դառնալու ավելի տրամաբանական: Ընդ որում՝ նմանօրինակ հայտարարություններն ձայնի այնպիսի տոնայնությամբ են ոմանք արտասանում, որ թվում է՝ ևս մի քանի ամիս, ու Հայաստանը դառնալու է Անդկովկասի մարգարիտը:

Ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդու մոտ, սակայն, կարող է մի պարզ հարց առաջանալ՝ եթե դա սկզբունքորեն հնարավոր էր, ապա ինչու նույն էժանացումը տեղի չէր ունենում նախկինում՝ ասենք մի քանի ամիս ավելի շուտ: Իսկ այս հարցի պատասխանն, ինչ խոսք, ավելի քան պարզ է. երկրում նախընտրական շրջան է, ու, հետևաբար, որքան շատ լինեն լավ ու բարի հայտարարություններն ու քաղցր խոստումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների փորձությունը ՀՀԿ-ն ավելի սահուն կերպով կհաղթահարի:

Իսկ ամենևին էլ ոչ ավելորդ հոռետեսության առիթ տալիս է, մասնավորաբար, Վարդան Այվազյանի՝ օրերս կատարած այն հայտարարությունը, որից պարզ է դառնում, որ ամեն բան այնքան էլ կարող է վարդագույն դուրս չգալ, ինչպես թվում է առաջին հայացքից. Այվազյանն, իրեն հատուկ ոճով, բացեիբաց հայտարարել էր, թե գազի գնի իջեցման մասին որոշումն առնվազն 6 ամիս անձեռնմխելի է մնալու: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե իրականում ինչ է թաքնված Այվազյանի՝ այս ոչ երկիմաստ հայտարարության տակ. մարդը, փաստացի, հայտարարում է, որ 6 ամիս հետո ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր, իսկ գների էժանացումն էլ ընդամենը թափանցիկ պղպջակ է, որի իմաստը կայանում է հասարակության շրջանում դրական սպասումների մթնոլորտ ձևավորելու մեջ:

Եվ իրոք, ո՞վ կամ ի՞նչ է խանգարում իշխանություններին համապետական ընտրություններից հետո, երբ այլևս վտանգն անցած կլինի, իսկ կյանքն էլ կտեղափոխվի իր բնականոն հուն, վերցնել ու չեղարկել նախկինում կայացրած որոշումը՝ բերելով «փաստարկված» տնտեսագիտական հաշվարկներ, պատճառաբանելով համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները և այլն. ոչ ոք…

Այնպես որ՝ միամտաբար կարծել, թե իշխանությունները բացարձակ անկեղծ են իրենց ձեռնարկներում, իսկ երկրում իբր սկիզբ առած փոփոխություններն էլ կարող են խորքային բնույթ կրել, աններելի միամտության անթույլատրելի դրսևորում կլիներ. այս ամենն ընդամենը արվում է 2017թ.-ի ընտրությունները հնարավորինս անցնցում անցկացնելու նպատակով. ՀՀԿ-ում լրջագույն մտավախություն ունեն, որ առանց հարաբերականորեն դրական միջավայր ձևավորելու, նունիսկ զանգվածային կաշառատվությունը կարող է չփրկել իրավիճակն, ու ամեն բան «հարամվի», ուստի՝ փորձում են նոր լիցք հաղորդել հանրությանն ու նոր մարդու միջոցով՝ Կարապետյանի, մարդկանց «աչքերին թոզ փչել»: Սա է իրականությունը, որից ոչ մի տեղ չես փախչի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *