Կարապետյանի կառավարության խոցելի կողմը…

big_01e296a74c671e5d12312efd4fe3cd0d

Չնայած կառավարության լիարժեք կազմն արդեն հայտնի է, ու Կարեն Կարապետյանն արդեն իսկ հասցրել է մոտավոր պատկերացում տալ այն սկզբունքների մասին, որոնցով պատրաստվում է առաջնորդվել՝ երկրի տնտեսությունը, իր բնութագրմամբ, ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար, բայց հարցերը՝ կապված Կարապետյանի կառավարության ունեցած իրական պոտենցյալի հետ՝ աշխատող լուծումներ առաջարկելու ու դրանք հստակորեն իրականացնելու, շարունակում են հնչել նաև հիմա, քանի որ որքան էլ փորձ արվի՝ որոշակի տեխնոլոգիաների բանեցման միջոցով հասարակության շրջանում ստեղծելու դրական սպասումների մթնոլորտ, պարզ է, որ ուշ թե շուտ գալու է իրական գործերի ու ժողովրդի սպասելիքները պրակտիկորեն արդարացնելու ժամանակն, ու PR տեխնոլոգիաներն այլևս գործուն չեն լինելու:

Թեպետ կարող է տպավորություն ստեղծվել, թե Կարապետյանի տեխնոկրատական կառավարության ամեն մի անդամ արդեն իսկ սեփական գրպանում ունի իր ոլորտին վերաբերող խնդիրների լուծումներն ու հստակ պատկերցնում է իր կոնկրետ անելիքը՝ տնտեսությունը վատթար վիճակից դուրս բերելու համար, փաստ է, սակայն, որ Կարապետյանի կադրերը, գոնե պետական կառավարման տեսանկյունից, այնքան էլ իդեալական կամ անխոցելի չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից:Փաստը, որ տնտեսության առաջընթացի համար պատասխանատու նախարարությունների ղեկավարները հիմնականում լավ մասնագետի համարում ունեն, ցավոք, գոնե մեզ ծանոթ հայաստանյան իրականության պայմաններում, դեռևս չի նշանակում, որ նրանք կկարողանան արդյունավետորեն աշխատել պետական կառավարման այն օղակներում, որոնք վստահվել են իրենց բարձրագույն ղեկավարության կողմից. տեխնոկրատների համբավ ունեցող նախարարները բացառապես մասնավոր, սպասարկման ոլորտից բերված կադրեր են, որոնք պետական աշխատանքի որևիցե փորձ փաստացի չունեն: Ասվածի մեջ համոզվելու համար բավական է ուսումնասիրել նրանց աշխատանքային կենսագրությունը, որպեսզի պարզ դառնա, որ 100%-անոց վստահություն տածել անձանց նկատմամբ, որոնք ընդամենը բիզնես ոլորտի հետ են առնչվել, ռեալ չէ. էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մինչև իր նոր պաշտոնին անցնելը, 2015-ից «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2015 թվականից զբաղեցնում էր Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնն, իսկ ահա Վահան Մարտիրոսյանը 2012-ից ի վեր՝ մինչև նոր նշանակումը, «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել: Իսկ առողջապահության նախարար Ալթունյանն էլ, որն, ինչպես հայտնի է, վարչապետի մանկության ընկերն է, թեպետ մասնագիտությամբ բժիշկ է, բայց առավելապես ասոցացվում է ապահովագրական բիզնեսի հետ. ասել կուզի՝ մարդն ընդամենը հաջողված բիզնեսմեն է:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, ուր զարգացած երկրներին բորոշ ղեկավարման գործիքակազմերն այնքան էլ էֆեկտիվ չեն կարող աշխատել: Այս իրողությունն, իհարկե, ունի իր՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառները, որոնք հաշվի չառնել, պարզապես, չի կարելի: Հետևաբար՝ հարց է ծագում՝ արդյոք տեխնոկրատների այս թիմը համապատասխանո՞ւմ է այն ռեալներին,որոնց պայմաններում ստիպված է լինելու գործել: Գուցե նրանք հրաշալի մենեջերներ են, գուցե՝փայլուն գիտակներ, բայց, վստահաբար, նրանց պակասում է մի բան, առանց որի առավելագույն արդյունավետությամբ աշխատել չեն կարողանալու. մեր պետական կառավարման համակարգում իշխող իրականության հետ ծանոթ չլինելու փաստն է,այն ներսից չտիրապետելը, որ իրական խոչընդոտ է դառնալու նրանց համար: Գուցեև սկզբնական շրջանում նկատելի չլինեն դժվարությունները,բայց ակնհայտ է,որ դրանցից խուսափել ոչ մի տեխնոկրատ չի կարողանալու. պետական մենեջմենթի սպեցիֆիկան Հայաստանում միանգամայն այլ է, չենթակրվող դասական կանոններին, ուստի՝ դրանցից գլուխ հանելու համար միայն բարձր էրուդիցիան ու տնտեսագիտության օրենքներին քաջատեղյակ լինելը բավարար չէ. սա՝ վստահաբար…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *