Իրական օլիմպիական չեմպիոնը

mih

Ռիոյի 31-րդ օլիմպիական խաղերն այլևս անցյալում են: Կասկած լինել չի կարող այն բանում, որ 2016-ի ամառային օլիմպիադան Հայաստանի համար պատմական ձեռքբերումների ու չտեսնված արդյունքների օլիմպիադա դարձավ, երբ մեր երկիրը, տասնամյակների դադարից հետո օլիմպիական ոսկի նվաճեց՝ աշխարհին փաստելով, որ չնայած մեր սուղ հնավարություններին ու օբյեկտիվ գործոններով պայմանավորված սահմանափակումենրին, ընդունակ ենք ցանկացած պահի անակնկալի բերել ցանկացած հակառակորդի ու խառնել բոլոր նրանց պլաններն, ովքեր առանձնապես լավ չեն տրամադրված մեր երկրի նկատմամբ:

Ցավոք, պետք է նշենք, որ 31-րդ օլիմպիական խաղերը մեզ համար միայն ձեռքբերումներով չէ, որ հավերժացան. այս խաղերն օլիմպիադաների ողջ պատմության ընթացքում դարձան ամենասկանդալայիններից ու աղմկահարույցներից, որոնց ընթացքում ականատես դարձանք այնպիսի ճչացող անարդարությունների ու չարաշահումների, որոնք, իրապես, հիասթափեցնող էին, թևաթափ անող:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ մեր մարզիկի՝ Միհրան Հարությունյանի հետ, ոչ մի կերպ պարզ անարդարություն չես համարի: Եվ ինչպե՞ս համարես տեղի ունեցածը պարզագույն չարաշահում, երբ ականատես ես դառնում, թե ինչպես է «մրցավար» կոչվածը փորձում փաստացի օլիմպիական չեմպիոնին զրկել վաստակած տիտղոսից: Իսկ այն, որ Միհրանն այդ տիտղոսն, իրոք, վաստակել էր, երկու կարծիք լինել չի կարող. դժվար է մտաբերել ևս մեկ նմանատիպ մրցավեճ, երբ մի մարզիկի առավելությունը մյուսի նկատմամաբ այսքան մեծ եղած լինի. վեց րոպե շարունակ Միհրան Հարությունյանը գրոհիչ գործողություններ էր կատարում, իսկ Շտեֆանեկն ընդամենը պաշտպանվում էր։

Բայց արի ու տես, որ պասիվության համար երկու անգամ հենց Հարությունյանը պատժվեց, իսկ ահա Շտեֆանեկը’ ոչ մի անգամ։ Իսկ մրցավարի կողմից բեմադրված այս ներկայացման տրամաբանական ավարտը դարձավ այն, որ մրցավարները միավոր նվիրաբերեցին սերբին, և հաղթանակը շնորհեցին Դավոր Շտեֆանեկին: Բայց այսքանից հետո հարց է առաջանում՝ քանի՞ գրոշ արժե Շտեֆանեկին նվիրաբերած ոսկին, երբ ողջ աշխարհն է խոստովանում՝ Միհրանն է իսկական չեմպիոնը, այն անհաղթ առյուծը, որի առաջ դեռ խոնարհվելու են շատ ավելի հզոր ազգերի մարզիկներ՝ կամովին խոստովանելով հայ բազկի անհաղթահարելի հզորությունն ու անբասիր հեղինակությունը:

Կասկածից վեր է՝ Միհրանը հենց այն մարզիկն է, որն ընդունակ է արդարացնել այն սպասումներն ու ակնկալիքները, որ ունի ողջ հայ ժողովուրդը հենց նրանից. նրա սպորտային կարիերան դեռևս առջևում է, ու սին են բոլոր այն խոսակցությունները, թե Միհրանը, դառնալով ճչացող անարդարության զոհ, կարող է հիասթափվել ու հեռանալ մեծ սպորտից. նրան այդ անել թույլ չի տա ժողովուրդը, որը նրա սպորտային տաղանդի մեծ երկրպագուն է, որը հավատում է իր տաղանդաշատ մարզիկի կամքի ու բազկի ուժին՝ վստահ լինելով՝ օլիմպիական ոսկին, այնուամենայնիվ, մերն է լինելու…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *