«Մորֆի չուզես, թե չէ կհաշվառենք որպես թմրամոլ»

Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ից ազդրի ու սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։

«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատական միջամտության միջոցով Հովհաննեսի ոտքից հեռացվել են միայն գնդակի բեկորները, իսկ կոտրվածքների հարցով վիրահատական միջամտություն չի եղել։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հանդեպ կիրառվող խոշտանգումների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը։

««Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո Հովհաննեսին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ մի հակասանիտարահիգենիկ հիվանդասենյակ, որտեղ խավարասերները բառացիորեն վխտում էին, նման վերաբերմունք ես երբևէ չեմ տեսել, սենյակից դուրս գալիս բժիշկները բառացիորեն ինձ խնդրեցին ձեռքերս ախտահանել։ Սենյակում այնպիսի վիճակ էր, որ ես իմ ձեռքով Հովհաննեսի վերքի վրայից տառական եմ հեռացրել, ինքն էլ անօգնական վիճակում է և չի կարող ինքնուրույն հեռացնել վերքի վրայից։

Անկեղծորեն, ես դա սենյակ չեմ համարում, դա բառացիորեն քարանձավ է։

Ներսում նույնիսկ նորմալ բժիշկ չկար, գրեթե բոլորը պրակտիկանտներ են։ Մի քանի օր առաջ՝ գիշերը ժամը մեկի շրջանում Հովհաննեսը ցավեր է ունեցել ու բժիշկ է կանչել, սակայն բժիշկները մոտեցել են ավելի քան մեկուկես ժամ անց։ Հովհաննեսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելուց հետո ընդամենը մեկ անգամ են մորֆի ներարկել ու ասել են, որ եթե էլի մորֆի ուզի, կհաշվառեն որպես թմրամոլ։ Հիմա նա չի պահանջում, որպեսզի չգրանցեն, բայց աննկարագրելի ցավեր է ունենում ու չի դիմանում այլևս։

Հովհաննեսի ոտքի կոտրվածքը շտկելու հարցով դեռ չեն վիրահատել և ոտքից արդեն մի քանի շաբաթ ծանրոց է կախված, որպեսզի ոսկրերը սխալ չկպնեն։ Օրեր առաջ այդ ծանրոցի ծայրին ամրացված երկաթը, որ Հովհաննեսի ոտքի տակից մտցված է, ոսկրի մեջ ծռվել էր։ Բժիշկներն առանց ցավազրկման, հարթաշուրթով ուղղել են այն, որի ընթացքում Հովհաննեսը ցավից կծել էր մատը։

Բազում բողոքներից հետո Հովհաննեսին տեղափոխել են իբր նոր հիվանդասենյակ, որը հնից ոչնչով չի տարբերվում, ճիշտ է պատերը սպիտակ են, բայց խավարասերների ներկայությունը բացառել չի հաջողվել: Մահճակալը նորից նույն որակի է, վիրակապերը փոխում են մի քանի օրը մեկ։

Սա խոշտանգում է, և վերջ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ի գիշեր ՊՊԾ գնդի տարածքում աջ ազդրի և աջ կրունկի հրազենային կոտրվածքով վնասվածք ստացած 29-ամյա Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից):

Միքայել Նազարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *