Ոչ թե ձայն ենք վաճառում, այլ՝ հոգի և ապագա. Հրանտ Թոխատյան

5297097

Փետրվարի 27-ից Ազատության հրապարակում «Ազատություն «Հաց բերող»»-ին ակցիայի մասնակից երիտասարդները նստացույց են անում: Նրանց պահանջը մեկն է՝ ազատ արձակել Արթուր Սարգսյանին: Այս օրերի ընթացքում հաճախ է նրանց այցելում ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը: Նա ցուցարարներին այցելել է և իր կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի, և իր ընկեր, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը նշեց՝ երիտասարդների ոգևորությունն ու ոգին, որով նրանք սկսել են իրենց պայքարը, պետք է հաջողությամբ ավարտվի: Վերջինիս համոզմամբ, սակայն, ամեն րոպեն կարող է ուշ լինել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ կան Արթուր Սարգսյանի մոտ:

Անդրադառնալով երեկ տարածված լուրին, ըստ որի, Արթուր Սարգսյանին ազատ են արձակել, Հրանտ Թոխատյանը նշեց՝ ինքը ևս լսել է այդ խոսակցությունը և ոգևորվել, սակայն այդ ոգևորությունը քիչ է տևել, քանի որ ավելի ուշ պարզվեց՝ Սարգսյանին ազատ արձակելու որոշում չի կայացվել։

Քաղաքական այս շրջանում, հատկապես մշակութային շատ գործիչներ՝ անտարբեր չեն լինում, հետևում են անցուդարձին, շատերը կանգնում են այս կամ այն քաղաքական ուժի կողքին, մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ինքը գնահատում այսօրվա քաղաքական իրավիճակը և ո՞ր քաղաքական ուժին է սատարելու, Հրանտ Թոխատյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուրը նախևառաջ պետք է զբաղվի իր գործով: Իսկ թե ինչո՞ւ են անընդհատ նշում հենց մշակութային գործիչներին»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ինչու չեն խոսում նաև բժիշկների, ուսուցիչների մասին:

«Յուրաքանչյուրն իր քայլերն անում է իր մտածելակերպի և հոգու կանչին համահունչ, ես որևէ մեկին դատապարտելու կամ արդարացնելու միտում չունեմ: Ամեն մեկն անում է այն, ինչ զգում է»:

Անդրադառնալով հարցին, թե որ քաղաքական ուժին է սատարելու, դերասանը պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս, ինձ համար կարևորը երկրի ապագան է, թե ո՞ր քաղաքական ուժը երկիրը կբերի այն վիճակին, ինչպիսին՝ ես եմ ուզում տեսնել, չեմ կարող ասել: Այս տարիների ընթացքում բոլորը լավ խոստումներ են տալիս, բայց չեմ տեսնում իմ երազած Հայաստանի անգամ պոչը, որը առաջացնում է անվստահության ու կասկածի զգացողություն: Այդ իսկ պատճառով, ևս մեկ անգամ պետք է բոլորին լսել, չափել, ձևել»:

Դերասանը կարևորեց նաև այն, որ այս ընտրություններին քաղաքացին չվաճառի իր հոգին. «Տվյալ դեպքում, մենք ոչ թե ձայն ենք վաճառում, այլ՝ հոգի և ապագա: Փորձենք արդար լինել մեր խղճի հանդեպ: Մի վաճառեք ձեր ձայնը, եթե գոնե մեկին հավատում եք, ուրեմն գնացեք, տվեք ձեր ձայնը, որպեսզի վաղը գոռգոռալու, բողոքելու տեղ ունենաք, քանի որ ձայն չեք վաճառել»:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *