Սփյուռքն էլ հիասթափվեց…


timthumbԸնտրությունները սարերի հետևում չեն, տնտեսությունն էլ ծանր հիվանդի կարգավիճակից դուրս գալու որևէ նշան ցույց չի տալիս: Այս պարագայում՝ հայաստանյան իշխանությունները ավելի հաճախ են հիշում սփյուռքի և վերջինիս հնարավորություններից օգտվելու անհրաժեշտության մասին: Վարչապետը վերջերս պաշտոնական կոչով դիմել էր սփյուռքին՝ միասնական ջանքերով միասնական և զարգացած երկիր կառուցելու առաջարկով:

Կարեն Կարապետյանն իր նամակում ասում է, որ ՀՀ իշխանություններն ունեցել են սխալներ եւ գիտակցում են այդ մասին եւ հիմա առաջարկում են Սփյուռքին՝ տեր կանգնել հայրենիքը փրկելու գործին, իսկ Փարիզում պաշտոնական այցով գտնվող նախագահը եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու մասին:

Ուշագրավ է այն փաստը, որ հարաբերություններին նոր որակ հաղորդելու բուռն ցանկությունը իշխանությունների մոտ առաջացել է հենց նախընտրական շրջանում, երբ խնդիր կա հանրությանը ցույց տալու՝ ՀՀԿ նախընտրական ծրագրի մեխը համարվող ներդրումները իրական են և գալիս են առողջացնելու մեր տնտեսությունը: Բայց մեծագույն ցանկության դեպքում էլ երաշխավորել, կամ, ինչպես ինքը՝ Կարեն Կարապետյանն էր ասում՝ «բարաթ տալ», որ ամեն ինչ լավ կլինի, ինքը չի կարող, որովհետեւ մեծ ցանկության դեպքում էլ ինքը չի կարող հայաստանյան տնտեսությունում նվազեցնել որոշ օդիոզ դեմքերի ազդեցությունը:

Սփյուռքը կարծես թե հուսախաբ է անում ՀՀ իշխանություններին և այս պահին թերևս չի արդարացնում ոչ բարոյական, ոչ էլ ֆինանսական աջակցության ակնկալիքները: Իսկ խնդիրները հարկավոր է դիտարկել առավել խորքային հարթության մեջ: Տարիներ շարունակ սփյուռքը զորավիգ եղավ մեր պետությանը, սակայն մնաց անտեսված և կտրված երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից: Սփյուռքի գոյության մասին ՀՀ իշխանությունները հիշում են առիթից առիթ, օրինակ՝ երբ գումար է պետք, կամ հարկավոր է լռեցնել մեր դիվանագիտական ապարատի խայտառակ աշխատանքի բացերը, միևնույն ժամանակ՝ սփյուռքի հետ աշխատելով «փող տվեք, բայց մի՛ միջամտեք» սկզբունքով:

Եվ այսօր իշխանությունները քաղում են նման մոտեցման դառը պտուղները: Ինչ խոսք, այն առաջարկները, սահմանված խնդիրները, համագործակցության կոչերը սիմվոլիկ են, բայց այդքանը միայն. դրանք ավելի քան կտրված են իրականությունից: Հարց է առաջանում՝ ինչու ենք հիմա՛ մտածում սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու մասին, երբ այդ նպատակով կազմավորվել էր մի ամբողջ նախարարություն, որը, ի դեպ, այդպես էլ ի վիճակի չեղավ պաշտոնական մակարդակով հստակ պատկերացում կազմել սփյուռքի ներուժի, պահանջների, խնդիրների մասին: Թե՞ Սփուռքի նախարարության միակ առաքելությունը «արի տուն» ծրագիրն էր, որը կարող էր իրագործել ցանկացած ՀԿ…

Հայաստանի իշխանությունների համար սփյուռքի վերաբերմունքի նեգատիվ երանգավորումը լուրջ մարտահրավեր կարող է հանդիսանալ, քանի որ վերջիններս այլևս երկրից դուրս էլ լեգիտիմության խնդրի առջև են կանգնում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ակնհայտ է, որ սփյուռքն այսուհետ առաջնորդվելու է չոր բիզնես շահերով, ուստի՝ քանի դեռ չի փոխվել ներքին միջավայրը, գրեթե անհնար է ազգային զգացմունքներ խաղացնելով՝ սփյուռքին համոզել ներդրումներ կատարել Հայաստանում և, առավել ևս՝ աջակցել օրվա իշխանություններին…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *