Մենք ապրում ենք մառազմի երկրում

14138572_622237571270478_1353702865_n

Երեկվանից համացանցում տարածվել է մի լուսանկար, որում պատկերված մեքենայի տերը տուգանվել է նրա համար, որ իր մեքենայի շողքը հատել է հոծ գիծը: Մենք էլ հայավարի սկսեցինք տարածել այդ լուսանկարը՝ որոշները զարմացան, որոշները կատակի տվեցին և այլն: Բայց հավատացեք դրանից ոչ պակաս անմիտ խախտումներ արձանագրում են նաև մեր տեսախցիկները:

Եթե մեկ օր փորձեք գնալ այդ խախտումների բողոքարկման վայր, հավատացեք ավելի տարօրինակ դեպքերի ականատես կլինեք: Այդ լուսանկարի տարածվելու պահին հիշեցի մի դեպք հենց Հայաստանում. մի քանի տարի առաջ, երբ քարշակի արագության պատճառով տուգանել էին տեղափոխվող մեքենային:

Մի դեպք էլ պատահել էր ծանոթներիցս մեկի հետ, երբ մեքենան խափանվել ու ճանապարհին էր մնացել, մի քանի ժամ հետո եկել քարշակով տարել էին, քանի որ վարել մեքենար անհնարին էր, մեկ ամիս հետո տուգանք էր եկել խափանված մեքենայի տիրոջը, որ նա մեքենան կանգնեցրել է ոչ սահմանված վայրում՝ չմտածելով անգամ այն բանի մասին, որ տվյալ մեքենան վարել հնարավոր չէր եղել:

Ու այսպիսի տուգանքները շատ են, որոշ մարդիկ ժամանակ խնայելու համար նախընտրում են վճարել այդ գումարը, որպեսզի ազատվեն ավելորդ գլխացավանքից, որոշներն էլ ընկնում են դռնեդուռ, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն իր վրայից գցում է պատասխանատվությունը, դառնում ես վանդակի մեջ փակված ծովախոզուկ, որը կլոր անիվի մեջ անիմաստ վազվզում է: Վերջում կամ դատի ես տալիս, եթե բախտդ բերի հաղթում ես, եթե ոչ նորից սուս ու փուս տանում վճարում ես:

Չնայած Հայաստանում արդեն մոտ 6 ամիս է գործունեություն է ծավալում «Վարորդի ընկեր» գրասենյակը, ովքեր օգնում են այսպիսի անհիմն տուգանքներից ազատվելու հարցում: Մարդիկ անվճար օգնում են ցանկացած վարորդի, որ օրենքի շրջանակներում ապացուցի իր տուգանքի սխալ լինելու փաստը: Շաբաթական մի քանի տասնյակ դատեր են հաղթում ՃՈ-ի դեմ ու վարորդներին ազատում են այդ հոգսից: Ուղղակի հարկավոր է Ձեզ եկած տուգանքի PIN կոդը փոխանցեք իրենց և 1-2 օրվա ընթացքում նրանք կպատրաստեն ձեր գործը:

Իսկ ընդհանրապես Հայաստանում տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելը ուղղակի ժողովրդին ձեռք առնելու նման մի բան է: Մենք ապրում ենք Թամանյանի նախագծած քաղաքում, որը ճարտարապետը նախագծել էր 150 հազար բնակչի համար, իսկ 2014 թվականի տվյալներով ներկայիս Երևանում ապրում են 1մլն 68 հազար մարդ: Թամանյանից հետո շատ չնչին փոփոխություն է եղել քաղաքի փողոցներում: Այն ժամանակվա մեքենաների թվին հավասար մեքենաներ հիմա միայն կայանատեղիներում կանգնած են: Այսինքն պետությունը չի ապահովում վարորդին մինիմալ հնարավորություններ, բայց տուգանքները արձանագրում է գերմանական ճշտապահությամբ, դեռ մի բան էլ ավել:

Քաղաքում այդքան արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու փոխարեն կարելի էր ավելացնել ՃՈ աշխատակիցների քանակը: Նախ այդ դեպքում շփումդ լինում է մարդու հետ, ով կարող է հասկանալ տվյալ պահին քո դրությունը, հնարավորության դեպքում օգնել քեզ, եթե ղեկին ես ու խնդիր է առաջացել, իսկ տեսախցիկի պարագայում ինչ էլ լինի մարդիկ տուգանքը կնկարեն, հետո պետք է ընկնես դռնեդուռ, որ ապացուցես այդ պահին հետդ կատարվածը՝ վատ ես զգացել, մեքենան է խափանվել և այլ նման բաներ, իսկ ՃՈ աշխատակիցը ոչ միայն չի տուգանի տվյալ դեպքում , այլ նույնիսկ ապահով տեղ կհասցնի:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *