Սրբադասված Մայր Թերեզայի հայկական ծագման հետքերով. մաս 1-ին (տեսանյութ)

14218239_326345494378883_2040120255_n

Սուրբ Մայր Թերեզայի անձնագրային անուն ազգանունը Ագնես Գոնջա Բոյաջիու է, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu, իսկ իրականում նրա անուն ազգանունը եղել է Ագնեսա Բոյաջյան (Agnessa Boyadjian): Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում, քրիստոնյա ալբանուհի Դրանֆիլեի և հայ Նիկոլայի ընտանիքում: Նրա ծնողները կաթոլիկներ էին, ուներ քույր և եղբայր՝ Ագատան և Լազարը: Մայր Թերեզայի հայրը` Նիկոլա կամ Նիկոլայ Բոյաջյանը, այն ժամանակ Օսմանյան Կայսրության լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանից է եղել և Ալբանիա է արտագաղթել հայերի նկատմամբ թուրքերի բռնաճնշումների հետևանքով:

«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն՝ եղել է հայուհի (այդ մասին, 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան, ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից)». ընկերուհիներիցս Հրաչուհի Փալանդուզյանի ֆեյսբուքյան այս գրառումն առիթ հանդիսացավ սկսելու և շարունակելու լրագրողական մի ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացնելու ժամանակն է արդեն:

Բնականաբար, առաջին քայլս այս շատ կարևոր, իսկապես սենսացիոն տեղեկատվության առաջին աղբյուրին դիմելն է եղել՝ սրբազանից հավելյալ տեղեկություններ իմանալու ակնկալությամբ:

«Այո, Մայր Թերեզան հայուհի է, Բոյաջյան է իսկական ազգանունը, հայրը՝ Բոյաջյան է, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:- Ինքն այդ մասին ասել է 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան կատարած այցելության ընթացքում Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, կաթողիկոսն էլ դրանից անմիջապես հետո, երբ միաբաններով նստած էինք, բոլորիս հայտնեց` ի զարմանս մեզ, ինքն ինձ նոր այդպիսի բան ասաց»:

Վաղուց էի նկատել երեկ սրբադասված (այս կապակցությամբ նախորդ հրապարակումը՝ Մայր Թերեզայի թե արտաքին, թե ներքին՝ հոգևոր նմանությունը հայ տիկնոջ տեսակին, մտածել էի՝ ինչքան նման է հայի, սակայն միայն այդ նմանությամբ, չունենալով համապատասխան հիմքեր, չէի համարձակվել եզրակացնել, որ նա հայկական ծագում ունի, այս կապակցությամբ աղոտ ենթադրությունից այն կողմ չէի անցել: Ընկերներիցս մեկը՝ Հովսեփ Արթինյանը, այս լուրին այսպես արձագանքեց՝ «Դեռ ովքե՜ր մէջտեղ պիտի ելնեն, որ հայ են… Հնդկաստանի հայ թագուհուն էլ չմոռանալ, որի ամուսինը կնոջ հանդեպ իր սերն արտահայտելու համար Թաջ Մահալ հրաշալի պալատը կառուցեց, նաև՝ Եգիպտոսի հայ իշխանուհի Շաժարաթ Ալ Տըրին, որը ներկայի Կահիրեի ու Եգիպտոսի պետության հիմքը դրեց»։

Այո, իբրև այլազգի հանդես եկած, ինչպես նաև իբրև այլազգի ներկայացվող հայ աշխարհահռչակներն ու մեծերը մեզ դեռ էլի կզարմացնեն, այդպես է ստացվել իր բնօրրանից կտրված աշխարհասփյուռ հայի ճակատագիրը…

Շնորհակալություն հայտնելով այս հրաշալի բացահայտման համար, գրող, հրապարակախոս, հայագիտության ոլորտում արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ կատարած Ռուզան Ասատրյանն ասաց.

«Մեկ անգամ էլ հպարտանալու առիթ ունեցա, իսկական գրելու թեմա է, և ճիշտ կլիներ ռուսական «Ռենթիվի» հեռուստատեսության կաշառված լրագրողին նամակ ուղարկվեր այս մասին, չմոռանալով շեշտել Նեֆերտիտիի հայուհի տատի ու Կիևյան Ռուսիայի առաջին հայ թագուհու՝ Աննայի մասին»:

Ոմանք ինձ հարցնում, գուցե առաջիկայում էլ ուրիշները հարցնեն՝ իսկ ապացույցներ կա՞ն՝ Մայր Թերեզայի հոր հայ լինելու, նրա մասնակի հայկական ծագման վերաբերյալ: Հարգելիներս, ի՞նչ ապացույց եք ուզում՝ ԴՆԹ-ի անալիզի եզրակացությո՞ւն… Կներեք, բայց այդ դեպքում սրբի աճյունի արտաշիրիմում և ԴՆԹ-ի անալիզ իրականացնելն իմ ուժերից վեր է, եթե կարողանայի էլ, հասկանալի պատճառով չէի անի, մանավանդ որ, ԴՆԹ-ի անալիզը գուցե չտա Մայր Թերեզայի մասնակի հայկական ծագման ապացույցը, նրա միայն հայրն է հայ եղել, իսկ մայրը՝ ալբանուհի: Ամենայն հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ասածը, Պարգև Սրբազանի այս խիստ արժեքավոր վկայությունը ձեզ համար բավարար չե՞ն, նրանց ստախո՞ս եք համարում կամ կարծում… Եթե այո, նմանների համար հետագա մեկնաբանություններս ավելորդ են… Նմաններին ճիշտը արհամարհելն է:

Որևէ մեկը եթե փորձի հերքել Պարգև սրբազանի ասածը, ապա, եթե զուրկ չէ տրամաբանությունից, նախ պետք է ապացուցի, որ ինքը, այն ժամանակ լինելով միաբաններից մեկը, ներկա է եղել միաբանների հետ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անխտիր բոլոր հանդիպումներին, և հետո նոր միայն ասի, որ կաթողիկոսը նման տեղեկություն չի հայտնել: Սակայն, սա էլ դեռ բավարար չի լինի Պարգև սրբազանի ասածը հերքելու համար, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի այն ժամանակվա միաբաններից առնվազն երկուսի կողմից այդպիսի ապացույցի ներկայացում ու վկայություն: Ի դեպ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինքը ներկա է եղել Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր Թերեզայի առանձնազրույցին (դա անհնար է, որովհետև առանձնազրույցն այդ դեպքում առանձնազրույց չէր լինի), հետևաբար և չի կարող ասել, թե Մայր Թերեզան իր հոր հայ եղած լինելու մասին տեղեկություն կաթողիկոսին չի հայտնել:

Հասկանալի է, Պարգև Սրբազանի մոտ այդ պահին ձայնագրիչ չի եղել, որ ձայնագրեր Վազգեն Առաջինի խոսքը, մտքովն էլ չէր կարող անցնել, թե նա իրենց՝ միաբաններին ինչ է ասելու: Ձայնագրված լինելու պարագայում Վազգեն Առաջինի խոսքն էլ աշխարհի գերակշիռ մասի համար կարող էր արժանահավատ չլինել: Հայերիս, համենայն դեպս, բոլոր նրանց համար, ովքեր Վազգեն Առաջին կաթողիկոսին կամ Պարգև սրբազանին ստախոս չեն համարում, մայր Թերեզայի հոր հայ լինելն արժանահավատ է:

Այնուամենայնիվ, կա՞ն այլ վկայություններ կամ տեղեկություններ, որոնք Պարգև սրբազանի ասածն արտաքին աշխարհի համար կդարձնեն հնարավորինս արժանահավատ: Այս կապակցությամբ նախ նշեմ, որ Մայր Թերեզայի հայկական ծագման վերաբերյալ լուրը հաստատել է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում արդեն 21 տարի ապրող մեր հայրենակից Նազիկ Հակոբյանը: Ֆեյսբուքով ինձ գրած ու պահպանված նամակով նա հայտնել է, որ 2000 թվականին, երբ ապրելիս է եղել Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում, Մայր Թերեզայի հայկական ծագման մասին իմացել է մի ալբանացի կնոջից: Ահա Նազիկ Հակոբյանի նամակը.

«Տարիներ առաջ աշխատում էի մի հուշանվերների խանութում, մի օր հաճախորդներից մեկը հարց տվեց ինչ-որ բանի մասին, պատասխանեցի, նա ժպտաց ու հարցրեց՝ իսկ ո՞ր երկրի առոգանությամբ եք խոսում… Ասացի՝ Հայաստանից եմ, նա միանգամից ոգևորվեց ու ասաց՝ օ՜, Հայաստանի՞ց ես, ես Ալբանիայից եմ, մեր նշանավոր սուրբ Մայր Թերեզան ազգությամբ հայ է, մենք հայերին շատ ենք սիրում, քանի որ Մայր Թերեզան ամենանշանավոր ալբանացին է աշխարհում… Զամացած հարցրեցի՝ իսկապե՞ս, ես չգիտեի: Նա զարմացավ ու ժպտալով պատասխանեց՝ այո, այո, այդ ինչպե՞ս է, որ չգիտեք…»:

Ոմանք գուցե այս ամենում ազգային սնապարծություն տեսնեն, բայց, ինչպես ասում են, Աստված նրանց հետ, իրականությունը ու դրա արձանագրումը որևէ առնչություն չունեն ազգային սնապարծության հետ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ագնեսա Բոյաջյանի իսկական անունը եղել է Գայանե, սակայն այդ տեղեկությունը դեռ ճշտման կարիք ունի:

Ծանոթանալով Մայր Թերեզայի վերաբերյալ այս լուրին, ոչ միայն Ռուզան Ասատրյանը, ուրիշները նույնպես առիթ են ունեցել մեկ անգամ ևս իրենց ազգային պատկանելությամբ հպարտանալու և ուրախանալու այս բացահայտման համար: Եվ դա միանգամայն հասկանալի է՝ Մայր Թերեզան սովորական մարդ չէր, նա իր ապրած կյանքով մարդու նկատմամբ Քրիստոսի պատգամած սիրո, կարեկցանքի, գթասրտության մարդկությանը ցայսօր հայտնի ամենապայծառ օրինակներից մեկն է Աստծո Որդուց հետո, եթե ոչ ամենապայծառը:

«Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում,- ասել է մայր Թերեզան:- Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է»: Նա ասել է նաև. «Որքան շատ սեր, իմաստություն ու բարություն հայտնաբերեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք ձեզ շրջապատող աշխարհում»:

Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութը ստորև.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *