«Ընդդիմությունը»՝ կաթվածահար վիճակում…

Վերջին շրջանի կարևորագույն քաղաքական իրադարձություններից ՏԻՄ ընտրություններն արդեն պատմություն են: Բացի կարևորագույն քաղաքական իրադարձություն լինելուց՝ այս ընտրությունները նաև յուրատեսակ ստուգատես դարձան այն քաղաքական ուժերի համար, որոնք իշխող «Հանրապետական» կուսակցության հետ մեկտեղ հանդես էին եկել սեփական հավակնություններով՝ իրենց մասնակցությունը բերելու երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարման գործում:

ՏԻՄ ընտրությունները, պետք է նշել, բավական հետաքրքիր էին հատկապես, այսպես ասած, նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությունների՝ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշի մասին որոշակի իրական պատկերացում կազմելու տեսանկյունից. վերջիններիս գրանցած արդյունքները, հատկապես խոշոր քաղաքներ Գյումրիում ու Վանաձորում, բավական հիասթափեցնող են, մանավանդ, երբ հաշվի ես առնում այն թվացյալ պոտենցյալը, որ կարող էին ունենալ յուրատեսակ ֆավորիտների կեղծ համբավ ունեցող որոշ ընդդիմադիր ուժեր:

Օրինակ՝ Վանաձորի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքներից(Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 14899՝ 37,6%, «Լուսավոր Հայաստան» – 10899՝ 27,5 %, «Հայկական վերածնունդ» – 5286՝ 13,34%, «Բարգավաճ Հայաստան» – 2872՝ 7,25% Հայ հեղափոխական դաշնակցություն – 2522՝ 6,36%, «Քաղաքացիական պայմանագիր» – 1617՝ 4,08%, «Համախմբում» – 984՝ 2,48%, Հայ ազգային կոնգրես – 551՝ 1,39%) պարզ է դառնում, որ նույն Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ից ունեցած սպասելիքներն այդպես էլ չարդարացվեցին՝ չնայած այն հանգամանքին, որ կուսակցության ցուցակը գլխավորում էր նույն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանն, ում շանսերը խիստ բարձր էին գնահատվում ի սկզբանե. գրանցած արդյունքները նույնիսկ ֆիասկո կարելի է համարել մի քաղաքական ուժի համար, որի համար Վանաձորը հարազատ քաղաքի համարում ուներ:

Չպետք է մոռանալ, որ Վանաձորը Մարուքյանների համար հարազատ քաղաք է, որ վճռորոշ դերակատարություն է ունեցել Էդմոն Մարուքյանի քաղաքական կարիերայի հարցում. Մարուքյանը տարիներ առաջ հենց Վանաձորից էր ընտրվել որպես ԱԺ պատգամավոր՝ իր ստացած քվեներով շրջանցելով հիմնական մրցակից Վիկտոր Դալլաքյանին, ինչը նշանակում է, որ քաղաքում Մարուքյանի դիրքերը պետք է շատ ավելի ամուր լինեին, ու Քրիստ Մարուքյանի՝ ժողովրդի շրջանում ունեցած պոպուլյարությունը պետք է որ նյութականանար ստացած շատ ավելի բազմաքանակ ձայների տեսքով, քան փաստացի կա:

Սակայն ստացվեց այնպես, որ Մարուքյանների ժողովրդականությունը ոչ մի էական ազդեցություն չունեցավ «Լուսավոր Հայաստանի» գրանցած արդյունքների վրա, ու կուսակցությունը հավաքեց շատ ավելի պակաս ձայներ, քան ակնկալվում էր նրանից. փաստացի ստացվում է՝ Մարուքյանի՝ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշը շատ ավելի բարձր է, քան «ԼՀ»-ինը, ինչը կարող է վկայել մեկ բանի մասին. ժողովուրդն ամենևին էլ հիմար չէ ու շատ լավ հասկանում է, որ նորաստեղծ «ընդդիմադիր» կուսակցություններն, ովքեր էլ դրանք գլխավորեն, ընդամենն իշխանական պրոյեկտներ են, որոնց հիմնական նպատակը մարդկանց ապակողմնորոշելն է, դաշտում սխալ թիրախներ ստեղծելը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որն ավանդաբար իրեն է համարում Հայաստանի միակ ու իրական ընդդիմություն, ապա պետք է ասել, որ ընտրությունների ադրյունքները ցույց տվեցին ու ապացուցեցին, որ այս կուսակցությունն այլևս գտնվում է գործնականում ոչնչացված վիճակում, ինչը բնական արդյունքն է այն գործունեության, որ հատկապես վերջին շրջանում ծավալում է խորհդարանական այս ուժը: Իսկ, օրինակ, «Համախմբում» կուսակցության գրանցած արդյունքը, պետք է ասել, ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ առանձնապես նորություն չէ այն, որ Վարդան Օսկանյանի ժողովդրականությունը մեզանում հավասար է գրեթե զրոյի, ինչի հետևանքն էլ կուսկացության հավաքած չնչին տոկոսներն են:

Ինչ վերաբերում է Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին, ապա, այստեղ ևս առանձնակի անակնկալներ չգրանցվեցին, ու  նորաստեղծ ընդդիմադիր կուսակցություններից նույն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որ, կարելի է ասել, նախընտրական փուլում ամեն ինչ անում էր՝ համապատասխան քվեներ վաստակելու համար, կատարելապես ձախողվեց:

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Բալասանյան դաշինքը՝ 34.64 %-ը, ԲՀԿ՝ 20.70%, «Հայկական վերածնունդ»-ը՝ 10.62%, ԳԱԼԱ կուսակցությունը՝ 10.49 %, ՀՅԴ՝ 5.36 %, ՔՊ՝ 1.49 %…)ցույց տվեցին, որ Փաշինյանի ժողովրդական վարկանիշը սարսափելի ընկել է, ու հավաստիացումներն այն մասին, թե իբր ժողովուրդը նրան ընկալում է որպես մերօրյա Ռոբին Հուդ, չափից դուրս հեռու էին իրականությունից: Իսկ սրա պատճառն, անշուշտ, պետք է փնտրել նախևառաջ «Սասնա ծռերի» բարձրացրած երևանյան ապստամբության հետևանք հանդիսացած համապատասխան իրադարձություններում, երբ Փաշինյանի ոչ միանշանակ դիրքորոշումն ու գործելաոճը պատճառ դարձան նրա ունեցած քաղաքական կապիտալի վատնման. ժողովուրդը հիասթափվեց, ինչի արդյունքը դարձավ 1.5%-ը, որ այլևս գուժում է «ՔՊ»-ի քաղաքական գործոն չլինելու ու ժողովրդականության չգոյության մասին:

Ի տարբերություն շատերի՝ պետք է նշել, որ ՏԻՄ ընտրությունները բացառիկ հաջողակ ստացվեցին հատկապես «Հայկական վերածնունդի» համար, ինչը, շատերի համար իսկական անակնկալ դարձավ. այն արդյունքները, որ կուսակցությունը կարողացավ գրանցել 2016-ի ՏԻՄ ընտրություններում, թերևս, լավագույններից մեկը պետք է համարել կուսակցության ողջ պատմության ընթացքում.կուսակցությունն, ըստ նախնական արդյունքների, 3-րդն է թե՛ Վանաձորում, թե՛ Գյումրիում:

Այսպիսով՝ ՀՀԿ-ի հաղթանակը ՏԻՄ ընտրություններում վկայում է մեկ փաստի մասին. ընդդիմադիր դաշտում առայժմ չկան այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնք կարող էին բացարձակ ֆավորիտ համարվել ու դիմակայել ամենակուլ ՀՀԿ-ի գերիշխանությանը:

Իսկ հաշվի առնելով այն, որ ներկայումս համայքներում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն ամենևին էլ բարվոք չէ, իսկ բնակչության արտագաղթը միայն ավելանում է, ակնհայտ է դառնում, որ իշխողների հաղթանակը փաստում է ոչ թե լավ աշխատանքի, այլ՝ ընդդիմադիր հատվածի՝ որպես այլընտրանք ներկայանալ չկարողանալու հանգամանքի մասին, ինչը չի կարող տխրեցնող հանգամանք չհամարվել, քանի որ այս ամենը խոսում է Հայաստանի քաղաքական համակարգի չկայացվածության ու ռեալ այլընտրանքի բացակայության մասին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *