Սահմանը փակ է, բայց…

Հայաստան-Թուրքիա պետական սահմանը փակ է ռուսական ամուր կողպեքով: 101 տարի Հայաստանն աշխարհին փորձում է ապացուցել իր հանդեպ կատարված Ցեղասպանությունը, 101 տարի Թուրքիան հրաժարվում է առերեսվել պատմության այդ էջի հետ:

Ամբողջ քաղաքով մեկ պաստառներ են ամրացվել անցած տարվանից, որոնք տարբեր լեզուներով դատապարտում են ցեղասպանությունը: Այդ պաստառների շնորհիվ փորձում ենք նաև արտասահմանցիներին ծանոթանցել մեր պատմության սև էջերի հետ, որպեսզի այն հասանելի դառնա ամբողջ աշխարհին:

ԲԱՅՑ… ինչպե՞ս կարող ես բացատրել քո երկրի խնդիրն արտասահմանցի զբոսաշրջիկին, երբ քաղաքիդ կենտրոնում փակցված է թուրքիայի դրոշը, որպես մարդասպանի կերպարանք, որտեղ թուրքին համարում ես դահիճ, բայց այդ նույն պաստառի տակով անցնում է մի մեծ մեքենա, որի վրա Թուրքիայի գովազդն է, այդ նույն դրոշն է ՝ ավելի մեծ, այդ երկրի ֆուտբոլի հավաքականն է… ու նա անցնում է անարգել, ինչ-որ գործարանի ապրանք է տանում հենց Թուրքիայից, բայց մի րոպե՝ սահմանը ախր փակ է, կհարցնի քեզ արտասահմանցի տուրիստը:

Այո’, սահմանը փակ է եղբայրս, բայց մեր շուկան լցված է թուրքական ապրանքներով, հաճախ ավելի էժան, քան՝ նույն ապրանքի տեղական արտադրանքը: Սահմանը փակ է, բայց խնդիր չկա, թուրքական բեռնատարները մի քիչ երկար ճանապարհ կընկնեն և Վրաստանով կմտնեն Հայաստան, բայց սահմանը փակ է:

Իսկ իմաստը ո՞րն է փակ սահմանի, եթե միևնույնն է այդ ապրանքը գալու է Հայաստան, արդյունքում՝ քաղաքական խաղերի պատճառով տուժում է շարքային քաղաքացին, քանի որ ապրանքի ճանապարհածախսը ևս նա է վճարելու: Եթե թուրքական ապրանքը Վրաստանով է մտնում Հայաստան, ապա ավելորդ ճանապարհ է անցնում, հետևաբար ապրանքի գինը բարձրանում է, իսկ եթե միանգամից Թուրքիայից մտներ Հայաստան, այդ դեպքում գները շատ չէին տատանվի:

Իսկ եթե սահմանը փակ է, ապա իմ կարծիքով այդ երկրի ոչ մի ապրանք չպետք է թողնել Հայաստան մտնի: Իսկ, եթե ապրանքները մտնում են ու մտնում են ժողովրդի հաշվին, ապա դա հերթական անիմաստ քաղաքական կրկեսն է, որը բեմադրվում է երկու երկրների ժողովրդների համար:

Մենք, անմոռուկները վզներիս կախած, Թուրքիայի հետ սահմանը պինդ փակել ենք, բայց հետևի դարպասը բաց ենք թողել: Այսքանից հետո էլ ցանկանում ենք , որ աշխարհը ճանաչի մեր հանդեպ կատարված Ցեղասպանությունը, ախր նույնիսկ մենք մեզանից գլուխ չենք հանում, բա աշխարհը ո՞նց հասկանա, ո՞նց բացատրենք, որ մի մայթին մենք հայհոյում ենք թուրքին, մյուս մայթով՝ նա իր սեփական մեքենայով ապրանք է բերում մեր երկիր:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *