Հայրենիքի արժեքն ի՞նչ գիտեն, որ սահմանինն իմանան

Մեր իշխանավորները սիրում են պաթոսով ելույթներ ունենալ հայրենասիրության թեմայով: Քանի-քանի անգամներ եմ նրանցից լսել, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Այս արտահայտությունը արտաբերող շատ պաշտոնյաների համար նմանատիպ խոսքերը վաղուց վերածվել են շաբլոնի, իրենց քաղաքականության սնանկությունը թաքցնող քողածածկույթի: Եթե մեր պաշտոնյաներն իսկապես հասկանային, թե Հայաստանի համար ինչ կարևորություն ունի սահմանն, ապա այստեղ գտնվող գյուղերում վիճակն այսքան անմխիթար չէր լինի:

Սահման ասվածը միայն այդտեղ կանգնած զինվորը չէ, այլ մի ամբողջ ենթակառուցվածք, որ կոչվում է սամանամերձ գոտի, շրջան, գյուղ:

Սահանամերձ շրջանների հարցում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, մեղմ ասած, անպատասխանատու է: Այնքան անպատասխանատու, որ մի պահ թվում է, թե իշխանության մեջ գտնվողները մոռացել են, որ մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Չգիտես էլ` ինչ մտածես ու ասես: Ուզում ես հարցնել՝ որ այդքան սիրուն ու հուզիչ հայրենասեր եք ձևանում, գիտե՞ք արդյոք, թե ինչ է հայրենիքը կամ նրա սահմանը: Հարցը հռետորական է, որովհետև եթե իմանային` սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր կբացեին, ներդրումներ կխրախուսեին, արտոնությունների ինչ-որ համակարգ կներդնեին, որպեսզի կանխեին զանգվածային արտագաղթն այս համայնքներից:

Արարատի մարզի Երասխ սահմանամերձ համայնքում անցած տարի կար 17, այս տարի` 11 առաջին դասարանցի: Նույն պատկերն է Տավուշի մարզի Ոսկեվան կամ Վայոց Ձորի Խաչիկ գյուղերում:

Այսինքն դպրոցներում աշակերտների թիվը պակասում է: Ու դա հետևանք է երկու հանգամանքի՝ չդադարող արտագաղթի և ծնելիության նվազման:

Դրանք էլ իրենց հերթին հետևանք են հասարակության աղքատացման: Սահմանն ամուր է ոչ միայն բանակով, այլև` զարգացում ապրող գյուղով, որտեղ մարդիկ արժանապատիվ աշխատում են և ապրում` իրենց երեխաների ուսումն ու ապագան կապելով բնօրրանի հետ:

 

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *