Ինչու է վարկերի վերադարձը դառնում խնդրահարույց ու բանը հասնում նույնիսկ մարդասպանության. սպանել է «Անելիք բանկ»-ի վարչության պետին

DETAIL_PICTURE_688788_603600091

Հայաստանյան բանկերի չափազանց բարձր, չարդարացված, իրականում բավարար հիմնավորում չունեցող, բանկերի տերերի համար գերշահույթներ ապահովելուն միտված վարկային տոկոսադրույքները չարիք են դարձել մեր երկրի ու ժողովրդի համար:

Նշված տոկոսադրույքների բարձր լինելու հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չի կարողանում բավարար զարգացում ունենալ (եթե ՀՀ վարչապետի կողմից պաշտոնապես ներկայացված աճը համարենք զարգացում, դրա արդյունքներից հասարակության սոսկ չնչին մասն է կարողանում օգտվել): Տխուր վիճակ է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում (չխաբվենք ցուցադրական դարձած առանձին օրինակներով), տնտեսության այլ ճյուղերում էլ ուրախանալու բան չկա: Փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող շատ ընկերություններ, ԱՁ-ներ վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով սնանկանում ու փակվում են, սպառողական վարկեր վերցրած շատ քաղաքացիներ (ֆիզիկական անձինք) բանկերի հանդեպ այնպիսի պարտքերի տակ են ընկնում, որ կորցնում են նույնիսկ իրենց բնակարանը, դատարանով, ԴԱՀԿ ծառայությամբ այն աճուրդի է հանվում:

Անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկն այս հիմնախնդրին չեն կամ չեն կարողացել լուծում տալ, կամ, թերևս ավելի ճիշտ կլինի ասել, չեն ցանկացել լուծում տալ: Ցավոք, կա նաև այնպիսի դեպք, երբ, կապված խնդրահարույց վարկի վերադարձման հետ, բանը հասել է մարդասպանության:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթաբյանի աջ թիկունքային շրջանին:

Կրակոցի հետևանքով վերջինս ստացած և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Հովհաննես Աթաբյանի ծառայողական գործունեության բնույթը հասկանալի է դառնում այն վարչության անվանումից, որը ղեկավարել է նա: Դա եղել է խնդրահարույց վարկերը վարկառուներից պահանջելը, նրանց պայմաններ, ժամկետներ առաջադրելը, վարկերը չստանալու պարագայում հայցեր պատրաստելը ու դատարան ներկայացնելը:

Վերը նշված արարքի համար Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանությունը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *