Նախարարը հիասթափեցնում է…

50b05000-506f-48bd-946e-c7f006dd30ce

Հայաստանը գիտության ու գիտատար արտադրության երկիր դարձնելու ռազմավարական առաջադրանքի եւ նրա իրականացմանն ուղղված կիսաքայլերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս բնագավառը շարունակում է գործել «հառաջ կպոռանք, բայց հետ-հետ կերթանք» կարգախոսով։

Մինչեւ հիմա չենք էլ ճշտել, թե ի՞նչ հստակ ու կոնկրետ նպատակներ ենք հետապնդում կրթության բնագավառում, ինչպիսի՞ կադրեր են մեզ հարկավոր դրանք իրականացնելու համար եւ ինչպե՞ս պետք է կազմակերպել նրանց պատրաստումը։ Այդ պատճառով էլ բարձրագույն կրթության բնագավառում պարբերաբար խաղարկվում են բարեփոխման պատրանք ստեղծող թատերականացված ներկայացումներ, որոնց միջոցով առաջադրելով հերթական մոդայիկ նպատակը, քիչ անց անցնում ենք հաջորդին։ Ձանձրալի կլինի անգամ թվարկել դրանք, քանզի այդ ճռճռան կարգախոսների հետեւում, բացի որոշակի միջոցների մսխումից, ուրիշ ոչինչ չենք տեսել։

Այս բոլոր քայլերի հետեւանքով՝ փոխվում է միայն համակարգի արտաքին տեսքը, իսկ նրա խորքում ԽՍՀՄ ժամանակներից մինչ օրս տեղի է ունեցել ընդամենը մի տեղաշարժ՝ կրթական համակարգի քողարկված կոմերցիալիզացիան դարձել է բացահայտ։ Դրա հետեւանքով ավելացել է բուհերի ու նրանցում իբր պատրաստվող մասնագետների, բայց իրականում՝ բաժանվող դիպլոմների հետեւում կանգնած դատարկ գլուխների թիվը։

Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առիթ ունենում խոսել մեր երկրում կրթության ցածր որակի և տեսանելի ապագայում իրավիճակից ելք չտեսնելու մասին: Մինչ պատկան մարմինները հայտարարում են, որ կրթության ոլորտի բարեփոխումները թիրախային են և արդեն իսկ տալիս են իրենց դրանց դրական ազդեցությունը, միջազգային հեղինակավոր ամբիոններից մեր կրթական ոլորտի հասցեին հնչում են, մեղմ ասած՝ անբարեհունչ գնահատականներ:

Մասնավորապես, ոչ վաղ անցյալում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացրած զեկույցի մեջ, սևով սպիտակի վրա գրված էր, որ Հայաստանը ընդհանուր կրթական ցուցանիշով 118 երկների շարքում զբաղեցնում է 109-րդ «պատվավոր» տեղը: Ընդ որում՝ մեր հարևանությամբ Զիմբաբվեի և Բանգլադեշի նման երկրներ են: Ինչ խոսք, եթե նախարարի համար սույն երկրները հանդիսանում են կրթության որակի ապահովման տիտաններ, որոնց մենք պետք է հավասարվենք, ապա՝ այո՛, բարեփոխումներն, անշո՛ւշտ, տվել են պատկան մարմինների սպասած արդյունքները:

Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ մեր հասարակության սպասելիքները կրթության որակից զգալիորեն տարբերվում են ԿԳՆ-ի ակնկալիքներից և առավել հավակնոտ են: Տարիներ շարունակ շեշտը դրվել է կրթության ձևի փոփոխման վրա, սակայն աչքաթող է արվել կրթության բովանդակությունը, որը իրականում կրթական ամենակարևոր բաղադրիչն է: Ի՞նչն է խանգարում արմատախիլ անել ոլորտում տիրող կոռուպցիան, կամ հավելյալ ֆինանսավորում գտնել ոլորտի զարգացման համար: Ակնհայտ է, որ ցանկությունը: Արդյունքում՝ ունենում ենք ռազմավարական ոլորտի կոսմետիկ բարեփոխումներ, ինչն իր մեջ լուրջ վտնագներ է պարունակում, քանի որ կիրթ հասարակություն ունենալը՝ ազգային անվտանգության տեսանկյունից, անչափ կարևոր պայման է:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *