Սերժ Սարգսյանի ակնարկը՝ Պուտինին…

arm143569724073

Մինչ Կարեն Կարապետյանը զբաղված է Հայաստանում ռուսական դիրքերի ամրապնդմամբ՝ դրա համար անելով հնարավորն ու անհնարինը, պարզվում է՝ Արևմուտքը ևս աստիճանաբար սկսում է մտնել խաղի մեջ՝ փորձելով յուրատեսակ հակակշիռ ստեղծել Հայաստանում թափ ստացած գործընթացներին, որոնք, ինչպես հայտնի է, մեծամասամբ կառավարվում են Հյուսիսից:

Րաֆֆի Հովհաննիսյանը, որն, ինչպես հայտնի է, համարվում է ամենաարևմտամետ գործիչը Հայաստանում, երկար ընդմիջումից հետո կրկին փորձում է ակտիվություն դրսևորել. հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշել է, թե ինքը միանում է «Արդարություն Հայաստանում» արշավին՝ նպատակ ունենալով իր նպաստը բերել «ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն հայրենիքի» ստեղծմանը: Իհարկե, միգուցե ոմանք կարող են կարծել, թե որևիցե ընդհանուր բան լինել չի կարող ասենք Կարեն Կարապետյանի կողմից բավական ագրեսիվ կադրային քաղաքականության, կառավարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների ու նույն Րաֆֆիի՝ երկար ընդմիջումից հետո հրապարակային խոսք հնչեցնելու միջև, բայց, ինչպես հայտնի է, քաղաքականությունում երբեք պատահական ոչինչ չի լինում, ու շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Րաֆֆիի ակտիվացումը Վաշինգտոնի պատասխանն է Մոսկվայի աննախադեպ քայլերին Հայաստանում: Ըստ էության՝ փորձ կարվի այստեղ ստեղծել ռեալ արևմտամետ ընդդիմություն, որ գործիք կդառնա Արևմուտքի ձեռքին՝ դատափետելու ու խարազանելու այլևս լիովին մոսկվայահպատակ կառավարության գործունեությունը՝ այդ միջոցով յուրատեսակ հակակշիռ ստեղծելով ռուսամետ ուժերին Հայաստանում:

Տեղի ունեցածը, սակայն, ևս մեկ հարց է առաջ բերում՝ ո՞րն է այս ամենում Սերժ Սարգսյանի քաղաքական շահը (չպետք է մոռանալ, որ առանց նախապես Սարգսյանի հետ համաձայնեցնելու, Արևմուտքը չէր գնա Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվացմանը): Իսկ Սարգսյանի շահերն այստեղ առավել քան ակնհայտ են. փաստացի ձեռք է բերում հավելյալ լծակ՝ ընդդեմ Կարապետյանի, ինչը, բնականաբար, բխում է Սարգսյանի կենսական շահերից, քանի որ վարչապետի անսահման հզորացումը կարող է հավելյալ վտանգ ստեղծել՝ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու, ինչը, բնական է, Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի կարող թույլ տալ. Քոչարյանին կասեցնելու համար Սարգսյանը կօգտագործի ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմերը, այդ թվում և արևմտյան խաղաքարտը:

Իսկ թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննսիյանի նկատմամբ դրսևորելիք հավանական լոյալությանը, ցույց կտա ժամանակը, բայց որ արևմտյան գործոնի ակտիվացումը չի կարող բխել Մոսկվայի շահերից, անկասկած է: Ուստի՝ չի բացառվում նաև, որ Սարգսյանը օգտագործի արևմտյան գործոնը Ռուսաստանի հետ իր սակարկություններում՝ ընդմիշտ փակելու Քոչարյանի հավանական վերադարձի թեման. խաղը միայն նոր է սկսվում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *