Նարեկ Սարգսյանը ինչպես Երևանը ոչնչացրեց, այդպես էլ շարունակելու է պատմական բնակավայրերում. կարծիքներ փոփոխության վերաբերյալ

14454474_1124624440949540_575439358_n

Կառավարության երեկվա նիստում որոշվեց Քաղաքաշինության նախարարությունը վերացնել և ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:

Ընդ որում, մշակութային արժեքների պահպանման լիազորությունն առանձնացվում է Մշակույթի նախարարությունից:

Նիստում նախագիծը միանշանակ չընդունվեց, քանի որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առարկեց. «քաղաքաշինության խնդիրները դնել մի կառույցի մեջ` պատմամշակութային հուշարձանների հետ նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը»:

Քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Սարգսյանն էլ այս պնդմանը հավելեց. «Ճարտարապետության կոմիտեի լիազորության ներքո մտնում են վերակառուցվող հուշարձանները՝ այնքանով, որ դրանք կապ ունեն ճարտարապետության կամ շինարարության հետ»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ոլորտի մասնագետներից հետաքրքրվեց, ի վերջո իրենց գնահատմամբ, ո՞րն է այս որոշման ուժեղ և թույլ կողմերը, ի՞նչ խնդիր ենք մենք լուծում, երբ մշակութային արժեքների պահպանման լիազորությունը հանձնում ենք այս նորաստեղծ կոմիտեին.

Մեզ հետ զրույցում` Պատմական հուշարձաններ վերականգնող Ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը որոշումը հանցագործություն որակեց:

Նալբանդյանի խոսքով`երկար տարիների ընթացքում Մշակույթի նախարարությունը հազիվ խելքի է գալիս, որ կարողանա մի բան անել այդ հուշարձանների հետ և փոխարենը միջոցներն ու կադրերն ավելացնեն` ուզում են կառույցը հանձնել Քաղաքաշինության նախարարությանը`անունն էլ դնել՝ կոմիտե.

«Կոմիտե կոչվածում մեր հուշարձաններն ամբողջությամբ կկորցնենք: Վստահ եմ ասում Ձեզ, հիշեք իմ խոսքը, եթե դա եղավ, մեր բոլոր պատմական բնակավայրերը նորից Նարեկ Սարգսյանն է մտնելու, ինչպես Երևանը ոչնչացրեց, այդպես էլ շարունակելու է իր գործունեությունը պատմական բնակավայրերում` ասենք Գորիսում, Դիլիջանում, Գյումրիում: Ինչ է իրենից ենթադրում Նարեկ Սարգսյանի կառավարության նիստում արած հայտարարությունը, այսինքն մի մասը հանձնվում է Մշակույթի նախարարությանը՝ որպես պահակ, իսկ մյուս մասը, որ գործ պետք է արվի, հանձնվում է կոմիտե կոչվածին, դա անհեթեթություն է, մենք մեր պատմամշակությանին հուշարձանները կկորցնենք»,- ասաց Նալբանդյանը:

Զրուցեցինք նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ում կարծիքով՝ նախընտրելի է մշակութային արժեքների պահպանումը տրամադրել մեկ առանձին կազմակերպության` առանձին կոմիտեի տեսքով, ինչպիսին դա եղել է 80-ականներին, երբ այն նախարարների խորհրդին առընթեր գլխավոր վարչություն էր՝ ավելի մեծ լծակներով:

«Որևիցե վտանգավոր բան չի լինում, բայց մի բան եմ կարևորում, ուր էլ՝ գնա, պետք է առաջնորդվել միմիայն օրենքով: Այդ օրենքը այսօր գործնականում չի կիրառվում: Մենք զբոսաշրջիկներին ներկայանում ենք մեր հուշարձաններով և մենք, եթե դա լավ չպահենք և աշխարհին ներկայանալի չլինենք, ում է պետք, թե որ կառույցում կլինի:

ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ, ով կարևորեց խնդրին ավելի լուրջ մոտենալը և հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությանը լայն հնարավորություններ և լծակներ տալը, այսինքն` բարձր կարգավիճակ հաղորդել:

«Մշակույթի հետ կապված խնդիրները պետք է լուծի այդ գործին կոչված նախարարությունը, իսկ եթե փոփոխություն են կատարում պետք է բարձրացնել կարգավիճակը, իսկ եթե հիմա փորձ է արվում մակարդակը բարձրացնել, գուցե փորձ արվեր մշակույթի նախարարության համակարգի մեջ գլուխ բերել:

Կարապետյանի կարծիքով` հիմա անորոշ վիճակ է, քանի որ Մշակույթի նախարարության մեջ կարգավիճակը հստակ է, բայց վերանայման, ավելի մեծ ուշադրության կարիք ունի:

 Զրուցեց` Նելլի Ավետիսյանը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *