«Տոկոս խփելու» վանաձորյան նրբերանգները…

arm146121464150

Չնայած ՏԻՄ ընտրություններն այլևս ավարտվել են, բայց դրանց հետ կապված համապատասխան քաղաքական գործընթանցերն երկրում հետզհետե թևակոխում են առավել հետաքրքրական փուլ, ինչը վկայում է այն մասին, որ 2016-ի ՏԻՄ ընտրություններն ամենևին էլ պարզ ընտրական գործընթաց չէին, այլ ավելի շատ նախակարապետն էին երկրում սպասվող լրջագույն քաղաքական տեղաշարժերի, դաշտի վերաձևման ու խաղի կանոնների որոշակի փոփոխությունների:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Հանրապետության երրորդ քաղաքի համարում ունեցող Վանաձորում բավական ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել, ու քաղաքի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» և երրորդ տեղը զբաղեցրած «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները հայտարարել են քաղաքապետի ընտրության հարցում «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ համաձայնության մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ հայտարարել էր՝ եթե ԼՀ-ն ու ՀՎ-ն գան համաձայնության, ապա իրենք էլ կգործեն ըստ այդմ:

Այսպիսով՝ եթե իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերի համախմբումը լինի ամուր, ու առաջիկայում ոչինչ չփոխվի, ապա միանգամայն իրական կդառնա Վանաձորում ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալու՝ մինչ այս անիրական թվացող հեռանկարն, ու արդյունքում՝ վանաձորցիները կունենան ընդդիմադիր քաղաքապետ:

Բայց այս ամենը ոչ այնքան հրճվանք, որքան լրջագույն հարցեր է առաջացնում, որոնց դեռևս պետք է հնչեն պատասխաններ, քանի որ այս ամենում, ստեղծված իրավիճակի նկատմամբ իշխանությունների դրսևորած լոյալության մեջ չտեսնել չերևացող գործընթացների հետքեր ու համարել այս ամենը միանգամայն ինքնաբուխ ու բնական, ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ. ինչպես հայտնի է, մեզանում հիմարներ չկան…

Թե վարկաբեկվածության ինչ ռեկորդների է հավակնում հայաստանյան ընդդիմությունը ներկայումս, առանձնապես գաղտնիք չէ, քանի որ ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ընդդիմադիր կոչվողներից և ոչ մի կուսկացություն հասարակության շրջանում իրական աջակցություն չի վայելում:

Ու չնայած առաջին հայացքից կարող էր թվալ, թե ՀՀԿ-ին միանգամայն ձեռնտու է կիսաոչնչացված վիճակում գտնվող ընդդիմություն ունենալը, սակայն ներքաղաքական ռեալները հուշում են, որ ՀՀԿ-ի համար լավագույն տարբերակը ոչ թե ընդդիմության իսպառ բացակայությունն է կամ եղած-չեղածի հաշիվ լինելն, այլ՝ դրա կառավարելի լինելը: Եվ ուրեմն՝ հասկանալու համար վանաձորյան իրադարձությունների բուն էությունը` հարկավոր է դրանք դիտարկել հենց վերոհիշյալ դիտակետից. «ընդդիմադիրները», որ կատարելապես ենթարկվում են Բաղրամյան 26-ից եկող հրահանգներին ու սեփական գործողություները ծրագրում ու կյանքի են կոչում միմիայն ըստ համապատասխան հրահանգավորումների, ձևացնելով, թե հանուն վեհ նպատակի ու գաղափարի պատրաստ են մի կողմ դնել սեփական քաղաքական ամբիցիաներն ու հանդես գալ միասնական ճակատով, ինչը, պետք է խոստովանել, հայկական իրականության պայմաններում գրեթե չտեսնված բան է, փորձում են ընդամենը ժողովրդի շրջանում ստեղծել տպավորություն, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց տրվելիք ձայները չեն փոշիացվելու այլևս ու իրենք տեր են կանգնելու ամեն մի քվեին՝ հարկ եղած դեպքում և միավորման, միացյալ ընդդիմադիր ճակատ ստեղծելու գնով. իրենք ոչ թե քաղաքական զոմբիներ են, այլ՝ միանգամայն կենսունակ օրգանիզմներ, որ ընդունակ են իրական կոնկուրենցիա ապահովել առաջիկա ընտրություններում:

Անկասկած է, Հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխանությունների «տոկոս խփելու» գործընթացը սկսված է, ինչը,սակայն, այս անգամ իշխանությունները փորձում են գլուխ բերել առավելապխես նուրբ մեթոդոլոգիա կիրառելով, ինչն, անշուշտ, պայմանավորված է այն նոր իրականությամբ, որում մենք այլևս ապրում ենք. նպատակները նույնն են, դրանց հասնելու ձևերն են փոխվել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *