Քանի դեռ ուշ չէ…

221

Երբ ամիսներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում բուռն քննարկումներ էին ծավալվում նոր Ընտրական օրենսգրքի շուրջ, շատերի մոտ կարող էր թյուր տպավորություն ստեղծվել, թե հարցն այս այն աստիճան կարևորության էր, որ այդուհետ հենց դրանից էր կախված լինելու Հայաստանում անցկացվելիք բոլոր տեսակի ընտրությունների որակն, ու վերջապես Հայաստանում օրենսդրական մակարդակով երաշխավորվելու էր եվրոպական ստանդարտներին համապատասխան ընտրությունների անցկացումը, ընտրություններ, որ տեսականորեն դառնալու էին ոչ թե հասարակության շրջանում պառակտման պատճառ, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով համախմբող գործոն. պարզ հայաստանցին վերջապես հնարավորություն էր ստանալու ազատ կամարտահայտման միջոցով երկրում ձևավորել իշխանություն, որը կհանդիսանար ոչ թե ներքին կամ արտաքին թաքնված գործընթացների արգասիք, այլ՝ պարզ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված ու բոլորի համար ընկալելի քաղաքկան ուժ՝ պատրաստ Հայաստանն առաջնորդել այն ուղիով, որ դեպի համընդհանուր զարգացում ու բարօրություն պետք է տաներ երկիրը:

Բայց ինչպես հաճախ է մեզանում պատահում, այս պարագայում ևս նույնիսկ նոր Ընտրական օրենսգիրքն ի զորու չեղավ փոխել այն չգրված օրենքները, որ կային մեզանում դեռևս նախքան համապատասխան օրենսգրքի ընդունումն, ու հիմա արդեն պարզ է, որ բոլոր ակնկալիքները՝ կապված ամիսներ առաջ հայրենի խորհրդարանականների կողմից ընդունված նոր Ընտրական օրենսգրքի հետ, հօդս են ցնդել՝ անվերադարձ:

Այն, ինչ տեղի ունեցավ 2016-ի ՏԻՄ ընտրություններին, այլ կերպ, քան կատարյալ քաոս կամ «կատավասյա» անվանել չես կարող: Առանց չափազանցության՝ ՏԻՄ ընտրությունները դարձան Հայաստանի պատմության մեջ անցկացված ամենավատթար ընտրություններից, որի ընթացքում ջրի երես դուրս եկան այն բոլոր թերություններն ու բացթողումները, խոցելի կողմերն ու անկատար մնացած դրույթները, որ պարունակում էր իր մեջ այդ չարաբաստիկ նոր Ընտրական օրենսգիրքը:Պրակտիկորեն ապացուցվեց այն թեզը, որ օրենսգիրքն այս ոչ միայն առաջընթաց չապահովեց, այլև դարձավ քաղաքական դաշտի ինքնադեգրադացման լրջագույն պատճառ. այլևս աներկբա է, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նույն Ընտրական օրենսգրքով, ինչ որ ՏԻՄ ընտրություններն, ապա ոչ մի հույս կարող ենք չունենալ, որ դրանք որակական տարբերություն են տալու՝ համեմատած օրերս ավարտված ընտրությունների հետ: Փաստ է, որ  գունավոր քվեաթերթիկները, ռեյտինգային քվեարկությունները, ընտրատարածքների թվաքանակի նվազեցումը, պատգամավորների թվակազմը 101-ով սահմանափակելը, տոկոսային խաղերն ընդամենը լավ քողարկված թակարդ են հանրության ու քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերի համար,որոնց միակ նպատակն օրենքներն է՛լ ավելի խճճելն է, դրանք անհասկանալի ու անտրամաբանական դարձնելը: Փոխարենը գործընթացը պարզեցնելու, «պղտոր ջրում ձուկ որսալու» հնարավորությունը բացառելու, տարբեր սուբյեկտիվ գործոններով պայմանավորված կասկածելի գործընթացները կանխելու՝ ներկայիս Ընտրական օրենսգիրքը շատ ավելի պարարտ հող է ստեղծում մեզ հայտնի կեղծարարությունների ու խլրտումների համար, քան՝ նախկինը. պարզից էլ պարզ է, թե ի սկզբանե ինչին է միտված եղել դրա ընդունումը. իշխող քաղաքական ուժի ազդեցության ու ունեցած իշխանության հավերժացումն է եղել դրա բուն նպատակը:

Ասվածից հետևում է մեկ բան՝ քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ ուշ չէ, հարկավոր է չեղարկել ներկայիս ԸՕ-ն ու դրա փոխարեն ընդունել նորը, ընդունել այնպիսի մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի ներդնել ընտրությունների վերահսկման շատ ավելի ճկուն ու միևնույն ժամանակ պարզ մեխանիզմներ՝ հասկանալի բոլորին, որ կերաշխավորի ՏԻՄ ընտրությունների սցենարի կրկնության բացառումն ու կստեղծի համապատասխան մթնոլորտ՝ ընտրությունների սահուն ընթացք ապահովելու համար. ժամանակն է չեղյալ հայտարարել այն ԸՕ-ն, որի դրույթներով տեղի ունեցած ընտրությունները իսկական պատուհասի վերածվեցին շատերի գլխին, ու պարզ դարձավ՝ ևս մի անզգույշ քայլ, ու երկիրը կհայտնվի քաղաքական խորխորատում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *