Անմրցունակ ընտրություններ

109469

ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը, որ տեղի է ունենալու վաղը ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում որևէ կերպ մրցակցային համարել չենք կարող: Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքապետ ընտրող 237 համայքներից 125-ում քվեարկվելու է միայն մեկ թեկնածու: Այս փաստն արդեն իսկ խոսուն է և վկայում է այն մասին, որ մեր կուսակցությունների զգալի մասն, ըստ էության միայն երևանյան գրանցում ունեն:

Մյուս կողմից իշխանությունների կողմից ընտրությունների ինստիտուտի պարբերական և հետևողական ոչնչացումը ընդդիմադիր կուսակցություններից շատերի մոտ ձևավորել է այն կարծրատիպը, թե գլոբալ հարցերի լուծման միակ հարթակը հանրապետական ընտրություններն են:

Ստացվում է հավի և ձվի հայտնի պատմությունը: Հատկապես նոր Սահմանադրության և ընտրակարգի պայմաններում որևէ կուսակցություն չի կարող հաջողել առանց տեղական կառույցների:

Մյուս կողմից գործող համակարգը ընդդիմադիրներին  գրեթե զրկում է ՏԻմ ընտրություններում հաջողության հասնելու գործնական հնարավորությունից:

Գյումրու և Վանաձորի ավագանիների հոկտեմբերի երկուսի ընտրությունները բացառություն են ՏԻՄ շղթայում, որովհետև դրանք անցկացվում են խորհրդարանական ընտրությունների համակարգով և ԱԺ հաջորդ տարվա ընտրությունների մինի մոդելն են, գլխավոր ստուգատեսը:

Սրանով է պայմանավորված քաղաքական ողջ ներկապնակի ակտիվությունը հանրապետության երկրորդ և երրոդ քաղաքներում:

Դրանցից դուրս ՏԻՄ ընտրությունները չունեն մրցակցության որևէ բաղկացուցիչ ինչը լավագույնս արտացոլում է իշխանությունների բարեփոխվելու չկամությունը, ընդդիմության չկայացվածությունը:

Վաղը լարված կլինի Ապարանում և Արթիկում, սակայն ոչ թե քաղաքական մրցակցության, այլ ներհամակարգային գզվռտոցի մակարդակում: Տեստային է նաև Ծաղկահովիտի գյուղապետի ընտրությունը. Արդյո՞ք ընտրողները միայնակ կթողնեն իրենց գյուղի ճանաչված ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին, թե կընդդիմանան իշխանություններին՝ գերադասելով Միայնակ գայլի հետ ընկերակցությունը:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *