Քաղաքական ուժերը՝ ճակատագրական եզրագծի առաջ…

aj-1-1

Անցնում են տարիներ, ու երկրի առաջ ծառացած գերխնդիրներին գումարվում է ևս մեկը, որը, սակայն, հավանաբար, շատ ավելի հիմնահենքային նշանակություն կարող է ունենալ, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել. սերնդափոխությունն է՝ ինչպես կառավարման, այնպես էլ ընդհանուր քաղաքական համակարգում, որ սպառնում է, սակայն, վերածվել կատարյալ պատուհասի հայաստանցիներիս գլխին:

Որ պրոբլեմների պակաս Հայաստանում առանձնապես չի զգացվում, հայտնի է բոլորին: Անկասկած է՝ պրոբլեմներն այդ հիմնականում կրում են խիստ սուբյեկտիվ բնույթ, երբ քաղաքական-հասարակական էլիտան, որ պտտվում է իշխող Հանրապետականի շուրջն, իրենով արած երկրի հիմնական ռեսուրսները, երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ առաջընթացն այլևս դարձել է անհնար: Ոմանք, որոշ միամիտներ երկրի նմանօրինակ վիճակը մեծամասամբ հաճախ պայմանավորում են Հայաստանում երկար տարիներ շարունակ այդպես էլ տեղի չունեցած սերնդափոխությամբ, որ իբր կարող էր լուծում հանդիսանալ ստեղծված իրավիճակում ու բնական ճանապարհով մաքրեր դաշտը ողջ «աղբից»:

Ու չնայած վերջին շրջանում նկատվող միտումներին՝ հայրերին որդիներով փոխարինելու, արդեն իսկ պարզ է դարձել, որ առանձնակի հույսեր չարժի կապել սույն երևույթի հետ, ու ինչպիսին որ հայրերն էին, այնպես էլ նրանց զավակներն են լինելու՝ եթե ոչ է՛լ ավելի վատը: Բայց սույն խնդրի առաջ կանգնած է ոչ միայն պետական համակարգն, այլև, ինչպես վերը նշվեց, քաղաքականը ևս, երբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բոլոր կուսակցություններն՝ անխտիր, իրենց առաջ գերխնդիր են դրել գոնե ինչ-որ չափով սերնդափոխվելու, այսպես ասած՝ ջահելներին տեղ տալու ու այդպիսով տպավորություն ստեղծելու, թե իրենք այլևս հինը չեն, նպատակ չունեն մարդկանց հիմարացնելու և նրանց հաշվին ինքնակայանալու, այլ տարված են իդեաներով ու իդեալներով, որ իբր պետք է փոխեն բոլորիս կյանքը: Այս իրավիճակն է թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ՀՅԴ-ում, թե՛ իբր ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ, բայց հատկապես ԲՀԿ-ի, որն ինչպես հայտնի է, ներկայանում է՝ արմատական ընդդիմադիր (համենայնդեպս՝ Զոհրաբյան Նառայի ճղճղան ելույթներից նման տպավորություն է ստեղծվում):

Ընդհանրապես, այս կուսակցությունում ներկայումս ստեղծված իրավիճակը բավական հետաքրքրական է. չգիտեն՝ ինչ անեն, որ մի կերպ գլուխները խցկեն ապագա խորհրդարան: Իսկ այն, որ կուսակցությունն այս ներկայիս տեսքով, մեղմ ասած, ոչ գրավիչ է, անվիճելի իրողություն է, քանի որ նույն Նաիրա Զոհրաբյանի քաղաքական վարքն այնպիսի վայրիվերումների միջով է անցել, որ դժվար թե դրանից հետո հնարավոր լինի ակնկալել որևիցե պոպուլյարություն. մարդիկ իրենց գրեթե 100%-ով սպառել են, և այլևս ո՛չ Վահագն Մախսուդյանը, ո՛չ Աշոտ Աղաբաբյանը, ո՛չ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ Բադալյանն, որ, կարելի է ասել, մոտ են առաջացած տարիքին, ի վիճակի չեն իրենց ունեցած պոտենցյալով գրավիչ դարձնել «ԲՀԿ» կոչվածը, որը կարելի է դասել ապագայի աութսայդերների շարքին: Գլխավոր հարցերից մեկը, որ, թերևս, ծառացել է կուսակցության առաջ, խելքը՝ գլխին մարդկանցով եղածներին փոխարինելն է, ինչը, դատելով ամենայնից, անլուծելի դիլեմայի է վերածվել ԲՀԿ-ականների գլխին: Բայց եթե նույն իշխանական կուսակցությունների` հատկապես ՀՀԿ-ի համար սույն հարցի արժեքը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ, ապա ԲՀԿ-ի դեպքում, կարելի է ասել, կենացմահու խնդիր է, քանի որ այստեղ բոլորն են հասկանում, որ եթե ճիշտ մարդկանց չընդգրկեն կուսակցության շարքերն ու ասենք Վահան Բաբայանի պեսերի բաժին դառնա կուսակցությունն, ապա ընդմիշտ կարող են թաղել այդ քաղաքական ուժն ու ուղարկել պատմության գիրկը՝ որքան էլ համալրեն այն երիտասարդներով. սերնդափոխությունը ոչինչ չի տա, եթե եկող սերունդն ապրում է այն նույն արժեքներով, ինչ՝ ազգիս գլխին պատուհաս դարձած ավագները:

Իսկ թե արդյոք կկայանա՞ մեզանում իրական սերնդափոխություն, կամ որքանո՞վ այն էֆեկտիվ ազդեցություն կունենա երկրի կյանքում, ցույց կտա ապագան, որը, դատելով ամենայնից, կարող է և ժամանակից շուտ այցելել մեզ՝ ասենք 2017-ին, երբ խնդիր է դրված ԱԺ-ն մաքրել «նավթալին դրածներից» ու «թթվի քարերից»՝ կատարյալ փորձություն դառնալով մեր ողջ քաղաքական դաշտի համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *