ՊՆ-ն հերքում է, Քննչականը՝ նյութեր նախապատրաստում. ԼՈՒՐԵՐ.com-ի հրապարակած սկանդալի հետքերով

14484967_1422724564422593_2115373997267388303_n

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակեց«Սկանդալ՝ ՊՆ-ում» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացված էին սկանդալային փաստեր ՊՆ-ում տիրող կոռուպցիոն երևույթների մասին։Հոդվածից հետո Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ ծավալուն հերքմամբ, որտեղ շեշտեց, որ մեր հոդվածում հրապարակված տվյալները իրականությանը չեմ համապատասխանում. «Համաձայն սահմանված կարգի, պահեստազորից սպայական պաշտոնի նշանակվելու ցանկություն հայտնած թեկնածուների հետ անցկացվում են ստուգարքներ ֆիզիկական պատրաստությունից և մասնագիտական առարկաներից: 2016թ. հունիսի 17-ին Ս. Ասատրյանը ֆիզիկական պատրաստության և մասնագիտական առարկաների ստուգարքներից ստացել է «անբավարար» գնահատական: Ընդառաջելով Ս.Ասատրյանի ցանկությանը, բացառության կարգով նրան ևս մեկ անգամ հնարավորություն է տրվել մասնակցելու ստուգարքներին: Օգոստոսի 5-ին անցկացված ստուգարքներից Ս.Ասատրյանը ֆիզիկական պատրաստությունից գնահատվել է «բավարար», իսկ մասնագիտական ստուգարքից կրկին ստացել «անբավարար»: Ինչ վերաբերում է վերոնշյալ հաստիքի կրճատմանը, ապա դա տեղի է ունեցել 26.08.2016թ. ՀՀ պաշտպանության նախարարի Կազմակերպչական հաստիքների հարցերի վերաբերյալ հրամանի հիման վրա»։

Չչարաշահելով ընթերցողի համբերությունը՝ չենք ցանկանում հերքման ամբողջ տեքստը զետեղել սույն հրապարակման մեջ։ Պաշտպանության նախարարությանը միայն հորդորում ենք հերքման այդ տեքստը ուղարկել ՀՀ Քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչություն, որտեղ հոդվածում ներկայացված տվյալների հիման վրա նախապատրաստվում են նյութեր։ Հնարավոր է՝ վարչությունում նախապատրաստվող նյութերոմ այդ տեքստը օգտագործվի որպես փաստական հանգամանք։

Իսկ ահա սույն գործով նյութեր նախապատրաստող քննիչ Արայիկ Բաբայանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հետևյալը. «Նյութեր ենք նախապատրաստում։ Դուք հոդվածը տպագրել եք, մենք էլ նախապատրաստում ենք նյութեր, ես ստուգում եմ դրանք։ Հո՞ ամեն ինչ չենք ասելու ձեզ։ Նյութեր ենք նախապատրաստում, կնախապատրաստենք, կտեսնեք ինչ ընթացք կստանա։ Նյութերի նախապատրաստման սահմանված կարգը 10 օրն է, դրանից հետո որոշվում է քրեական գործի հարուցումը կամ մերժումը։ Սահմանված կարգով ես նյութերը կնախապատրաստեմ ու որոշումը կկայացնեմ»։ 

Իսկ Պաշտպանության նախարարության կողմից տարածած հերքման վերաբերյալ, քննիչը նշեց, որ իրենք դա միանշանակ չեն ընդունում։ «Մենք տեղյակ ենք որ իրենք հերքում են։ Իրենք իրենց դիրքորոշումն են հայտնում, իրենցն են ասում, մենք դա միանշանակ չենք ընդունում, պետք է ստուգենք»,- ներկայացրեց քննիչ Բաբայանը։

Հարցին՝ այս պահին հիմքեր տեսնում են քրեական գործ հարուցելու, թե ոչ, Բաբայանը պատասխանեց. «Այս պահին միանշանակ չենք կարող ասել՝ քրեական գործ հարուցելու հիմքեր կան թե ոչ։ Կա առիթը նյութեր նախապատրաստելու, մնացածը՝ հետո»։

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *