Սպորտային 2016. Հայաստանը գերազանցեց բոլոր ռեկորդները…

%d5%a3%d5%a1%d5%a3%d5%ab%d5%af-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%85%d5%af

Անկասկած, 2016թ.-ը հարուստ էր ոչ միայն հասարակական-քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությւններով, այլև՝ մարզական, ու ամփոփել տարին առանց սպորտային աշխարհում մեր ունեցած ձեռքբերումներին առանձին անդրադարձի, միանշանակորեն սխալ կլիներ:

Հարկ է նշել,որ տարին սպորտային առումով մեզ համար բացառիկ էր. դժվար է մտաբերել ևս մեկ տարեթիվ, երբ հայերս առիթ ունեցած լինենք այսչափ հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով ու ունեցած ձեռքբերումներով սպորտային տարբեր ոլորտներում: 2016թ.-ը արտակարգ հաղթական էր հատկապես ուժային սպորտաձևերում, երբ մեր փառահեղ մարզիկներն ևս մեկ անգամ ապացուցեցին աշխարհին, որ հատկապես սպորտի այս ասպարեզում աշխարհում, ի թիվս ավանդական գերտերությունների, եղանակ ստեղծողներից մեկն էլ Հայաստանն է՝ երկիր, ուր լրջագույն հիմքերի վրա են դրված ուժային հիմնական սպորտաձևերը:

Նախ՝ գարնանը Ռիգայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մարզիկները կարողացան հանդես գալ ուղղակի փայլուն՝ նվաճելով մեկական ոսկե, բրոնզե և 2 արծաթե մեդալներ՝ բոլորն էլ նույն՝ հունահռոմեական ոճում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Վարշամ Բորանյանը (71 կգ), արծաթե մեդալների արժանացան Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Ռոման Ամոյանը (58 կգ), բրոնզե մեդալ նվաճեց Կարապետ Չալյանը (75 կգ):

Իսկ ահա Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի ծանրորդները նվաճեցին բոլորից շատ մեդալներ և թիմային ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրին 1-ին տեղը: Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նազիկ Ավդալյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (գերծանր քաշ) երկամարտի արդյունքում կարողացան նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Տիգրան Մարտիրոսյանն (77 կգ) ու Գոռ Մինասյանը(գերծանր քաշ) արժանացան արծաթե, Սիմոն Մարտիրոսյանն էլ (105 կգ)՝ բրոնզե մեդալներ: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, ինչը, հպարտությամբ պետք է նկատել, լավագույն ցուցանիշն էր ավարտված մրցաշարում ու նախանշանը օլիմպիական չտեսնված հաղթանակների:

Անկասկած, 2016թ.-ի խոշորագույն սպորտային ձեռքբերումը պետք է համարել Ռիոյի ամառային օլիպիական խաղերում մեր հավաքականի գրանցած բացառիկ հաղթանակները: 2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերն, արդարև, պետք է դասել հայկական սպորտի փառահեղ էջերի շարքին. մեր առյուծ տղերքը կրկին ապացուցեցին, որ Հայաստանն արժանի է իր համաշխարհային փառքին, ու, որ մեզ համար կարևորը ոչ թե օլիմպիադային մասնակցելն է, այլ՝ հաղթանակը. երկար ընմիջումից հետո Արթուր Ալեքսանյանի անօրինակ սխրանքի արդյունքում Հայաստանը վերջապես օլիմպիական ոսկի կարողացավ նվաճալ՝ մի ձեռքբերում, որի մարզական արժեքն ու երկրի համար ունեցած նշանակությունը ոչ մի կերպ չես կարող թերագնահատել:

Դե իսկ մեր մյուս մարզիկների՝ Միհրան Հարությունյանի, Գոռ Մինասյանի, Սիմոն Մարտիրոսյանի նվաճած արծաթե մեդալներն է՛լ ավելի ամրապնդեցին մասնակից երկրների ցուցակում Հայաստանի զբաղեցրած դիրքն՝ աշխարհին ապացուցելով, որ հայ մարզիկի բազկի ուժը շարունակում է անգերազանցելի մնալ (հարկ է նշել, որ Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական արծաթով բավարարվելու փաստը զուտ սուբյեկտիվ հանգամանքներով էր պայմանավորված, ինչն, անշո՛ւշտ, ևս մեկ անգամ փաստում է համաշխարհային սպորտում առկա անցանկալի երևույթների մասին): Պետք է նկատել, որ մեր թիմի հաղթանակները ոչ միայն հաստատ վկայությունն են հայ մարզիկի անգերազանցելի ուժի, այլև մեր թիմային ոգու՝ հանդիսանալով բնական արդյունքն այն համակարգված աշխատանքի, որ ցուցաբերվեց հատկապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (նախագահ Գագիկ Ծառուկյան) կողմից, երբ ամենաբարձր մակարդակով արվել էր տառացիորեն ամեն բան՝ հաղթանակներն իրական ու շոշափելի դարձնելու համար:

Տարեվերջը ևս, պետք է ընդգծել, բավական բեղուն ստացվեց. 2016 տարվա ընթացքում, ի թիվս մեր գրանցած այլ հաղթանակների ու ձեռքբերումների՝ չափազանց արժեքավոր էր ու հիշարժան նաև դեկտեմբերին Իսրայելի Էիլաթ քաղաքում կայացած ծանրամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնության ընթացքում հայ մարզիկների գործած սխրանքը. մերոնք Իսրայելից վերադարձել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներով: Առաջնության չեմպիոններ են հռչակվել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ) և Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ քաշային կարգ): Արծաթե մեդալակիր է դարձել Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային կարգ): Սամվել Գասպարյանը (94 կգ քաշային կարգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Մեր խորին համոզմամբ՝ 2016թ.-ը միայն մեկ հանգրվանն է այն ձեռքբերումների, որոնք ապագայում դեռևս գրանցելու են հայկական սպորտի փառահեղ ներկայացուցիչները: Շնորհիվ հետևողական աշխատանքի, նվիրյալ անձանց անձնուրաց ու համակարգված գործողությունների ու լավ մշակված ռազմավարության՝ Հայաստանը դեռ բազում անգամներ է աշխարհին ապացուցելու, որ սպորտային գերտերություն է, որ ունակ է բաների, որոնք անհասանելի են նույնիսկ համաշխարհային գերտերություններին. մեծամեծ հաղթանակներն առջևում են:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *