Կառավարության կազմավորումը խորացնելու է Կարեն Կարապետյան-ՀՅԴ հակադրությունը

big_1473328221_8806606

Սերժ Սարգսյանի համար ՀՅԴ-ն պահանջարկված դարձավ տարվա սկզբին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին քաղաքական հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությունն, ի վերջո վարչապետից ազատվելու ցանկություն առաջացավ:

Սահամանադրական փոփոխություններին տրված միասնական դիրքորոշումները, քառօրյա պատերազմով առաջացած ազգային օրակարգը, ընդամենը հարակից գործոններ էին, որոնք պետք է ապահովեին կոալիցիայի արտաքին հրապարակային էֆեկտը:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ի սկզբանե հակաքաղաքագիտական էր, որովհետև առանց դրա էլ գործող խորհրդարանում լուծված էր կառավարությանը սատարող կայուն մեծամասնության հարցը: Մյուս կողմից ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն երբեք չեն հայտարարել, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում դաշինքով հանդես գալու մտադրություն ունեն: Ստացվում է՝ նրանք պոտենցիալ մրցակիցներ են,որոնց համատեղ գործունեության ՕԳԳ-ն կառավարությունում բարձր լինել չի կարող: Կոալիցիայի անհեթեթությունն ավելի ցայտուն դարձավ այս օրերին, երբ Հ. Աբրահամյանի քաղաքական գործոնը չեզոքացված է և Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն, ըստ էության, չունեն անգամ քաղաքական ընդհանուր հակառակորդ, թիրախ:

Մի կողմից հայտարարվում է, որ նորանշանակ վարչապետին տրված է գործողությունների ազատություն, մյուս կողմից ՀՅԴ-ն հայտարարում է, թե իր երեք նախարարներն անձեռնմխելի են:

Նորանշանակ վարչապետը կառավարության հետ առաջին նիստում բանավեճ ունեցավ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ՝ նախատելով նրան: ՀՅԴ արձագանքը կտրուկ էր, ինչը հուշում է, որ կառավարության նիստի փոքր էպիզոդը ընդամենը առիթ էր, իսկ խորքայինն այն է, որ Կ. Կարապետյանը իսկապես չի ուզում իր տնտեսական և կադրային քաղաքականությունը կաշկանդել ՀՅԴ-ի գործոնով: Ինչքան էլ ասենք, որ ժամանակակից Հայաստանում քաղաքական ծրագրերն ու արժեքները տեղ չունեն մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես են համադրվելու և մեկ միասնական տնտեսական քաղաքականություն դառնալու գործող վարչապետի տնտեսական նորարարությունները և ՀՅԴ-ի պոպուլիստական կարգախոսները: Մյուս կողմից ոչ մի վարչապետ չի ուզենա իր կառավարությունում ական տեսնել: Գուցե այսօր ոչ ոք շահագրգիռ չէ, որ այդ ականը գործի, բայց քաղաքական իրավիճակը կարող է փոխվել՝ դերակատարների տարբեր մտադրություններով: Ս. Սարգսյանն այն մարդկանցից չէ, ովքեր արագ հանգուցալուծում են տալիս ճգնաժամներին: Հակառակը, նա նույնիսկ հրահրում է «կառավարելի ճգնաժամեր»  դրանցից օգտվելու ակնկալիքով և խնդիրներին լուծում է տալիս միայն այն ժամանակ, երբ դրանք սպառնում են համակարգի կայունությանը:

Ըստ այդմ, Սագսյանն արագ լուծում չի տալու Կ. Կարապետյան-ՀՅԴ հակադրությանը՝ այն տեղափոխելով Կառավարության նոր կազմ: Ըստ ամենայնի ՀՅԴ-ն կոալիցիայի մաս չի կազմի արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իհարկե դրանցում ՀՀԿ-ն առնվազն 40 % ձայն ստանա և Կ. Կարապետյանի վարչապետությունն երաշխավորվի գոնե մինչև 2018-ի ապրիլը:

Ինչ վերաբերվում  է Կ. Կարապետյանին, ապա նրա առաջին քայլերը միանգամայն տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ և ուղղված են հասարակական դժգոհության լիցքաթափմանը:

Կ. Կարապետյանը կառավարությունում իր առաջին նիստը սկսեց անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին՝ պահանջելով ՊԵԿ-ին ուշադրության կենտրոնում պահել խոշոր գործատուների կողմից հարկային պարտավորությունների կատարումը և առաջարկելով անապահով խավերի համար վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

Եթե առաջին հանձնարարությունը կարելի է համարել օլիգարխներին հասցեագրված առանձին սիգնալ, ապա երկրորդ հանձնարարությունը վերաբերում է հենց հասարակությանը: Փորձ է արվում հասարակական հենարան նվաճել, որովհետև սակագնի նվազումը 30 օրվա մեջ են մարդիկ զգալու, երբ կատարեն կոմունալ առաջին վճարումները: Սա հասարակ քաղաքացիների համար ավելի կարևոր է, քան պերճախոս ճառերը, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Սարգիս Հակոբյանbig_1473328221_8806606

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *