Թուրքագետ. Սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում ավարտին կհասցնեն Էրդողանի հեղափոխությունը

default (49)Սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում ավարտին կհասցնեն Էրդողանի հեղափոխությունը. եթե դրանք իրականություն դառնան, հնարավոր կլինի ասել, որ քեմալական Թուրքիայից ոչինչ չի մնա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։

Նրա խոսքով, Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի այս տարվա ապրիլին։ «Ինչպես հայտնի է, այդ փոփոխությունների թիվը երկու տասնյակի է հասնում։ Պարզ է, որ Էրդողանին, վերջապես, միանձնյա երկիրը կառավարելու պատմական հնարավորություն է ընձեռվում, ինչին նա ձգտում էր դեռ 2002 թվականից։ Այստեղ գործ ունենք հեղափոխության հետ. եթե այդ փոփոխությունները իրականություն դառնան, ապա կարող ենք ասել, որ քեմալական Թուրքիայից ոչինչ չի մնա», – շեշտեց Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։

Քեմալական սկզբունքներից, շարունակեց թուրքագետը, կմնան միայն հանրապետական կարգերը, քանի որ Քեմալ Աթաթուրքի կողմից դրված հիմքերը կոչնչացվեն սահմանադրական փոփոխություններով։ «Սա բավական վտանգավոր է. Թուրքիայում բազմակարծության և բազմակուսակցական համակարգի շնորհիվ այս կամ այն չափով արտահայտվեց դրական տրամադրվածություն, որը կարող են բարեփոխումների համար լուրջ հիմք հանդիսանալ, սակայն այժմ համատարած վերահսկողություն է սահմանված։ Էրդողանի ավտորիտարիզմը հասնում է վտանգավոր չափերի, զսպման մեխանիզմները, փաստացի, անհետանում են, դատական համակարգը ամբողջությամբ կանցնի նախագահի վերահսկողության տակ», – նշեց Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։

Եվ այստեղ կարեւորագույնն հետեւյալն է. Թուրքիայի խորհրդարանի ստեղծման ժամանակ՝ 1920 թվականին ամրագրվել է, որ «ինքնիշխանությունը անվերապահորեն պատկանում է ժողովրդին»։ «Սա Թուրքիայի օրենսդիր մարմնի հիմնական կարգախոսն էր։ Այսքան տարի անց, երբ խորհրդարանին զրկում են Կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունքից, կարելի ասել, լուրջ հարված է հասցվում քեմալական ժառանգությանը։ Եւ Էրդողանը նախաձեռնել է բավականին հավակնոտ եւ արկածախնդիր գործընթաց՝ չեզոքացնելով ինչպես քեմալականներին ու զինվորականներին, այնպես էլ՝ Ֆեթուլա Գյուլենի կողմնակիցներին։ Կատարված իրադարձությունները ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, եւ գործ կունենանք մեկ կենտրոնից ղեկավարվող ավելի խնդրահարույց Թուրքիայի հետ», – ամփոփեց Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *