Առողջապահության նախարարությունը հիշեցնում է ճաշատեսակներ պատրաստելու կանոններ

04280530415c67a14a903314123e1064ՀՀ առողջապահության նախարարությունը ամանորյա տոներին ընդառաջ հիշեցրել է ճաշատեսակները պատրաստելու կանոնները: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:

Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն:

Պետք է ուշադիր լինել, որ  գնումների ժամանակ հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին դրվեն այլ սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև:

Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Նշենք, որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: Հարկավոր է մշտապես հետևել, որ  կերակուրը լինի լավ եփած կամ տապակած: Պատրաստի կերակուրը պետք է տաքացնել հանգամանորեն։

Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից  ավելի: Աարագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները` ոչ ավելի, քան 48 ժամ:

Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:

Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում:

Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված  կաթ և այլն:

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:

Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք:

Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց կամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել 15-20 րոպե:

Եթե կասկած կա ջրի անվտանգության վերաբերյալ, ապա օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել:

Խորհուրդ չի տրվում գնել և սննդում օգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Եթե վատ եք զգում, հատկապես, եթե առկա է սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում, մարսողության խանգարում և այլն, պետք է զերծ մնալ ընտանիքի և հյուրերի համար սնունդ պատրաստեուց»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *