2 լավաշ գողացած քաղաքացին կանգնել է դատարանի առջև

լավաշ

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է երկու լավաշի հափշտակության վերաբերյալ քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ քաղաքացի Ա. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 8 շենքի դիմաց բացահայտ հափշտակել է Ն. Ա. պատկանող պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է երկու հատ՝ ընդհանուր 180 ՀՀ դրամ արժողության լավաշ:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ գործն ուղարկվել է դատարան’ քաղաքացու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար: Նախկինում դատվածություն չունեցած քաղաքացու նկատմամբ առաջադրվել է քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք, կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Փաստորեն, երկու լավաշի հափշտակության գործի շրջանակներում գործի է անցել դատաիրավական ամբողջ համակարգը՝ ոստիկաններ, քննիչ, դատախազ, արդեն իսկ փոխվել է երկու դատավոր և դեռ հայտնի չէ՝ մեր պետությունը այս գործի շրջանակում ինչ այլ միջոցներ է ծախսելու:

Ընդ որում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն’ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *