ԲՀԿ-ից հեռացվածը. Էլինար Վարդանյան

elinar-472x265

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ կան, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, հանուն մեր ազգի բարօրության կամ ի շահ իրենց, օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի հաշվին և սրտատրոփ սպասում 2017 թ.-ին, մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամսիներ են մնացել ԱԺ հաջորդ ընտրություններին, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.comի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորն ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Էլինար Վարդանյանն է:

Էլինար Վարդանյանը ծնվել է 1978 թ.-ի նոյեմբերի 18-ին՝ Երևանում:

2000թ.-ին ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը, իսկ 2008թ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ է:

2000-2002թթ. դասավանդել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 2005-2007թթ.՝ Հյուսիսային համալսարանում: 2002-2008թթ. աշխատել է Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնում՝ որպես գործադիր տնօրեն, 2005-2009թթ.՝ «Էլեկտրաապարատ» ԲԲԸ-ում՝ իրավախորհրդատու, 2008-2012թթ.՝ «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատուն էր:

2009-2012թթ. եղել է «Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ-ի տնօրեն:

2008-2012թթ. հանդիսացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգողը:

2001թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ԲՀԿ քոչարյանական թևի ներկայացուցիչը պարբերաբար ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ է հնչեցնում, հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով… Մեղք գործած կլինեմ, թե ասեմ՝ պատգամավորը լավ չի աշխատում, թեպետ, փայլուն արդյունքերի մասին էլ խոսել չեմ կարող:

Պատգամավորուհին չի խուսափել լրագրողների հետ հաղորդակցվելուց, հարցազրույցներ է տվել, չի խուսափել նաև՝ իր գործընկերների ոչ ճիշտ պահվածքը քննադատելուց…

Սկանդալներից հեռու անձ լինելով՝ նա պատգամավորության 4 տարիների ընթացքում ուղղակի մի փոքր հարստացել է.

2012թ. Էլինար Վարդանյանը Երեւանում ունեցել է 72.5 քմ մակերեսով բնակարան, եւ ուրիշ ոչ մի անշարժ եւ շարժական գույք: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա այդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ «Գլոբալ լիֆտ կոմպլեկտ» ՍՊԸ-ից ստացել է 660 հազար դրամ աշխատավարձ, ինչպես նաև 6 մլն դրամ, նույն ընկերությունից՝ որպես շահաբաժին:

Էլինար Վարդանյանը, մինչ պատգամավոր ընտրվելը, ունեցել է ավտոմեքենա, որը վաճառել է 1.5 մլն դրամով: Ընդհանուր հաշվարկով պատգամավորն ունեցել է 26 մլն դրամ եւ 15 հազար 300 դոլար:

Պատկերը փոխվել է 2015 թվականին՝ Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 5.000.000 դրամ և 70.000 ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականից սկսված, արդեն կարելի է խոսել պատգամավարուհու աշխատանքային ռիթմի փոփոխության մասին: Ինչպես շատ ԲՀԿ-ականների, Ծառուկյանի հեռանալուց հետո, Վարդանյանի մոտ էլ հակասություններ առաջացան կուսակիցների վարած քաղաքականության նկատմամբ և անցած տարվա հոկտեմբերի 8-ին նա հեռացվեց ԲՀԿ-ից:

Դեռ այն ժամանակ ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր. -«Էլինար Վարդանյանը խմբակցության քարտուղարի զանգերին չէր արձագանքում, չէր մասնակցում կուսակցության մարզային հանդիպումներին, բա ո՞նց պետք է վարվեինք»…

Հեռացման լուրին հաջորդեց ևս մեկ փոփոխություն՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրահանգով Վարդանյանը հետ կանչվեց միջազգային կառույցների ՀՀ պատվիրակությունների կազմից: Այդ օրը Էլինար Վարդանյանը գործուղման մեջ էր. ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին էր մասնակցում:

ԲՀԿ-ում այս խմորումներն առաջացան ԱԺ-ում նոր Սահմանադրության քվեարկությունից հետո, երբ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը չներկայացան ԱԺ եւ կողմ չքվեարկեցին նոր Սահմանադրությանը:

Սրանով, սակայն, ոչ թե ավարտվեց տիկնոջ քաղաքական ճանապարհը, այլ ազդարարվեց նորի մեկնարկի մասին: Այս տարվա ապրիլին ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց նոր՝ «Համախմբում» կուսակցության մասին, որի փոխնախագահ ընտրվեց Էլինար Վարդանյանը:

Այս կուսակցությունով պատգամավորուհին 2017 թ.-ին կփորձի կրկին մանդատ ստանալ, և ինչպես ինքն է ասում՝ աշխատելու է նոր մշակույթ ներմուծել հայաստանյան քաղաքական դաշտ:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *