Ընդդիմության վերջին շանսը…

14800782_1810877299201855_980172882_n

Այն, որ անցած ՏԻՄ ընտրությունները կատարյալ խայտառակություն դարձան Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ողջ պատմության մեջ, անվիճարկելի ճշմարտություն է՝ փաստված կոնկրետ իրողություններով: Թե հատկապես որն էր նման խայտառակ ընտրությունների անցկացման բուն պատճառն ու նպատակը, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. ընդամենը անհրաժեշտ է դիտարկել ընտրությունների արդյունքները, որպեսզի պարզ դառնա, որ միակ քաղաքական ուժը, որ կարող էր շահագրգիռ լինել այս ամենով, նույն ինքը՝ «Հանրապետականն» է՝ միակ հեգեմոնը հայաստանյան քաղաքական դաշտի:

Իսկ ընտրություններն իշխանությունների համար ցանկալի հունով տանելու համար ուղղակի անփոխարինելի դուրս եկավ նոր Ընտրական օրենսգիրքը, որն, ինչպես հայտնի է, ամիսներ առաջ մեծ դժվարությամբ ընդունվել էր հայրենի խորհրդարանում: ԸՕ-ն, փաստացի, դարձավ այն օրինական հիմքը, որ թույլ տվեց իշխանություններին՝ տոկոս խփելու գործընթացն այնպես կազմակերպել, որ հետո հնարավոր չլինի այն վիճարկել: Այս կերպ իշխանությունները կարողացան ոչ միայն ամրապնդել սեփական դիրքերն երկրի տեղական ինքնակառավարման մարմիններում, այլև լիարժեքորեն չեզոքացնել ընդդիմության ունեցած պոտենցյալը՝ զրոյի հավասարեցնելով նրանց բոլոր շանսերն ու ջախջախիչ հարված հասցնել:

Բայց, արի ու տես, որ այսքան չարչրկված ԸՕ-ի թեման դեռևս վաղ է փակել, ու սրա շուրջ դեռևս շարունակվում են ծավալվել համապատասխան քննարկումներ. հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովը կրկին սկսեց քննարկել Ընտրական օրենսգրքում և հարակից մի քանի օրենքներում երկրորդ խումբ փոփոխությունների փաթեթը: Պետք է նկատել, որ չնայած իշխանություններն այս նախագծով ընդունել էին ընդդիմադիրների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկությունները՝ բացառությամբ ռեյտինգային քվեարկության չեղարկումը, այնուամենայնիվ, փաստաթղթի քննարկումը բավական թեժ մթնոլորտում է անցել, ինչը ևս մեկ անգամ խոսում է ընդդիմության փորձի մասին՝ կախվելու փրփուրներից: Փոխարենը համախմբվելու, բռունցքվելու ու միաձայն պահանջելու՝ չեղյալ հայտարարել օրենսգիրքն ամբողջությամբ, քանի որ ակնհայտ է՝ որքան էլ դզեն-փչեն, ոչինչ չի ստացվելու, ընդդիմադիրները կրկին սկսել են իշխանությունների հետ «չանա տփել», թե այս կետին դեմ ենք, այն մյուսին՝ կողմ, սա հանեք միջից, իսկ այս մեկը կարող եք հանգիստ խղճով թողնել: Միայն Գյումրիի ու Վանաձորի ՏԻՄ ընտրությունները բավարար էին, որպեսզի ընդդիմությունը համոզվեր՝ անպիտան են ոչ թե ԸՕ-ի՝ առանձին վերցրած դրույթներ, այլ ԸՕ-ն՝ ամբողջությամբ. շատ ավելի տրամաբանական կլիներ պահանջել օրենսգրքի ամբողջական չեղարկում ու միանգամայն նոր օրենսգրքի ընդունում, որն ի սկզբանե կբացառեր զանազան ճամարտակություններն ու ռեյտինգ-մեյտինգները, քան՝ իբր նորոգել հինը:

Ակնհայտ է ու փաստացի անվիճելի, որ ներկայիս Ընտրական օրեսնգրքով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը հավասար է լինելու յուրատեսակ հանցագործության ընդդեմ իրական ժողովրդավարության, քանի որ եթե հաշվի առնենք այն ճշմարտությունը, որ ՏԻՄ ընտրությունները սպասվող ընտրությունների նախերգանքն էին ու, հետևաբար, դառնալու են նույնանման արդյունքների պաշտոնական ամրագրման յուրատեսակ արարողակարգ, ապա ակնհայտ է, որ որևիցե այլ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելը վերածվելու է իսկական կլոունադայի՝ ի սկզբանե բացառելով հաղթանակի որևիցե հնարավորություն: Իսկ այս ամենն էլ, իր հերթին, նշանակում է, որ ընդդիմության կենսական շահերից է բխում ամեն գնով ԸՕ-ի չեղարկումն ու դադարելը ՀՀԿ-ի հետ մուկնուկատու խաղալ. լրջանալ է պետք. առջևում ճակատագրական իրադարձություններ են…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *