Ու՞մ էր նախազգուշացնում ՀԱԿ-ը…

timthumb (1)

Խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր գլխավորած քաղաքական ուժի անհաջողությունը պատճառաբանել էր բավականին ուշագրավ դիտարկմամբ:

Համաձայն առաջին նախագահի՝ երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ:

Իր հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոր պարզաբանում էր տվել հանրությանը հուզող այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը մինչ ընտրությունները անտեղյակ էր երկրում ստեղծված իրավիճակից և ինչու քաղաքագիտական անգրագետ հաշվարկ կատարեց՝ մասնակցելով այս հույժ կասկածելի միջոցառմանը, որը մեր երկրում անվանում են խորհրդարանական ընտրություններ:

Բանից պարզվում է, ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում էր, ոչ թե մանդատների, ոչ թե քաղաքական պայքարի տրամաբանությունից դրդված, որպես լուրջ քաղաքական ուժ, որը ցանկանում է ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը, ոչ թե ԱԺ-ում պատշաճ կերպով ներկայացված լինելու համար, այլ՝ հանրությանը նախազգուշացնելու:

Թե ինչ հույժ կարևոր մեսիջ էր ՀԱԿ-ը փորձում նման զոհողությունների գնով փոխանցել չիմացության թմբիրում և մոլորված հանրությանը՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ: Որ այս մեսիջը ընկալեց հանրության ընդամենը մեկ տոկոսը՝ նույնպես: Հետևաբար՝ դժվար թե «նախազգուշացում» առաքելությունը կարելի է հաջողված համարել:

Միևնույն ժամանակ հետաքրքիր է, ինչու ՀԱԿ-ը չօգտագործեց հանրային, հասարակական հարթակները, այլ մտավ քաղաքական գործընթացի մեջ՝ նախապես հոգեբանորեն պատրաստ լինելով պարտության: Եթե ընտրություններին ՀԱԿ մասնակցությունը ուներ այդքան սիմվոլիկ նշանակություն, ապա ինչո՞ւ է այսօր այս քաղաքական ուժը կասկածի տակ դնում դրանց արդյունքները և փորձում հետընտրական պայքարի իմիտացիա ստեղծել: Գուցե սա էլ «նախազգուշացում» օպերացիայի հաջո՞րդ փուլն է…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *