Պուտինի ակնարկը Թրամփին…

timthumb (3)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետություններում:

«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ լուրջ ապակայունացման հանգեցնում այդ տարածաշրջաններում: Անշուշտ, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք եւ ամեն կերպ կջանանք պաշտպանել ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր է, թե ՀԱՊԿ անդամ ո՞ր պետություններից է Պուտինը վտանգ ակնկալում: Եվ արդյո՞ք այս հայտարարությունը նպատակ ունի իրապես օժանդակել գործընկեր պետություններին, թե՞ Ռուսաստանի նախագահը պարզապես նոր գործիքակազմ է ձևավորում այդ պետությունների ներքին գործերին լեգիտիմ միջամտություն ցուցաբերելու համար:

Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր պետություններն են ամբողջությամբ գտնվում Ռուսաստանի ազդեցության ուղեծրում: Գուցե Պուտինը որոշել է ուղղել այս անարդարությունը, դաշտ նետելով այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» պոտենցիալ սպառնալիքների մասին թեզը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ներքաղաքական վիճակը այս պահին կարելի է կայուն գնահատել, որևէ երկրում չեն նկատվում Ռուսաստանին «դավաճանելու» միտումներ, բացի այդ բոլոր պետությունները աչքի են ընկնում բավականին ուժեղ դիրքեր ունեցող կենտրոնական իշխանություններով: Արդյոք այս պարագայում իրատեսակա՞ն է ՌԴ նախագահի տողատակային նախազգուշացումը և նաև օգնության հասնելու պատրաստակամությունը:

Պուտինի նմանօրինակ հայտարարությունը միևնույն ժամանակ կարելի է պայմանավորել ռուս-ամերիկյան հարաբերություններում գրանցվող լարվածությամբ: Գուցե Ռուսաստանը անկանխատեսելիությամբ աչքի ընկնող Թրամփի վարչակարգից ակնկալում է նաև նման «նվերներ», ի դեմս ՌԴ գործընկեր երկրներում՝ դասական արևմտյան սցենարով իրավիճակի ապակայունացման:

Այս դեպքում, անշուշտ, Պուտինի հայտարարությունը ուղղված է ոչ թե ՀԱՊԿ անդամ պետություններին, այլ՝ հենց ԱՄՆ-ին: Սրանով Պուտինը նախապես ցանկանում է կանխել արևմուտքի ծրագրերի գործարկումը իր ազդեցության տիրույթում:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *