Ինչու Խաչատուրովը

timthumb (2)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս որոշումն ընդունվել է միաձայն: Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը կարծում է, որ Խաչատուրովի այս նշանակումը բացասական ազդեցություն՝ հաստատ չի ունենա:

«Ես ավելի շուտ կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը դեկլարատիվ կառույց է. չեմ կարծում, որ դա լուրջ գործոն է: Բայց այն, որ այդ կառույցում նշանակվել է մեր հայրենակիցը, օգուտ է, հաշվի առնելով Խաչատուրովի գրագետ զինվորական լինելը: Կարճ ասած՝ օգուտ է, վնաս չէ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդանովը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Խաչատուրովը կարողանա նպաստել, որ կազմակերպությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի անվտանգության խնդիրներին, սահմանային միջադեպերին, հետախույզը պատասխանեց. «Չեմ կարծում, թե նա ավելի գործնական քայլեր կանի: Էնպես չի, որ ուշադրություն չեն դարձնում: Ուղղակի, քանի որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ձեռքի տակ գտնվող կառույց է, ինչպես ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի, ով էլ նշանակվի գլխավոր քարտուղար կամ ուրիշ պաշտոնի, միևնույն է՝ այդ կառույցը ռուսական շահերին հակառակ չի գործելու: Դա պետք է լավ հասկանանք: Ռուսաստանը միշտ հայտարարել է, որ մենք իրենց դաշնակիցն ենք, բայց Հարավային Կովկասի թուրքերն էլ իրենց ստրատեգիական գործընկերներն են: Ռուսը, որ միշտ մեզ ասում է՝ երկու աթոռի վրա նստելը սխալ է, որոշեք՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, թե Եվրամիություն, ինքը միշտ երկու աթոռի վրա է նստում»,- մանրամասնեց Վովա Վարդանովը:

Ըստ ազատամարտիկի՝ Խաչատուրովին նշանակեցին այդ պաշտոնին՝ հաշվի առնելով վերջինիս գրագետ զինվորական լինելը. «Դա անհերքելի է, ոչ ոք չի կարող հակառակն ասել: Նաև հաշվի է առնվել այն, որ ինքը շատ հին կապեր ունի ռուսական բանակում, որը մինչև հիմա պահպանվել է»:

Իսկ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ դրական է գնահատում այն, որ ռազմական գործիչը, մարտական ուղի անցած անհատը նշանակվում է նման պաշտոնի: «Մեր մարտական ընկերն է, մարտական ճանապարհ է անցել, մեծ ներդրում ունի: Ինչպես պետք է բնութագրեմ իմ մարտական ընկերոջը: Իհարկե, պետք է նման պաշտոններում զինվորականներ լինեն, որպեսզի ավելի կոնկրետ ներկայացնեն մեր շահերը»,- տեսակետ հայտնեց ազատամարտիկը:

Յ. Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ կմեծացնի՞ ուշադրությունը Հայաստանի անվտանգության նկատմամբ հարցին Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչը կմեծանա, ինչը կփոքրանա, բայց որպես զինվորական՝ ես ուրախ կլինեմ, որ բոլոր բնագավառներում մարտական գործողություններ անցած մարդիկ լինեն:

Ամեն դեպքում՝ մարտական գործողություն անցած մարդը չարիք չի՛ կարող դառնալ, պետության հանդեպ չարիք չի՛ կարող դառնալ: Իսկ թե այդ պաշտոնում ինչքան կթույլատրեն, ինչպես կներկայացնեն մեր երկրի շահերը, արդեն կախված է, թե ՀԱՊԿ-ում մեր երկիրն ինչքան հնարավորությունների դաշտ կունենա: Սա արդեն կախված է ոչ թե անհատից, այլ՝ երկրի իմիջից՝ տվյալ կառույցում: Հիմա, եթե մենք այնտեղ կցորդ ենք լինելու, բնական է՝ ում էլ նշանակեն, ոչինչ չի փոխվելու: Բայց եթե նորմալ, հավասարը հավասարին կներկայանանք, արդեն կապ կունենա, թե ով է ներկայացնելու երկիրը: Զինվորական կրթություն ունեցող, մարտական ճանապարհ անցած մարդը շատ ավելի լավ կներկայացնի ռազմական իրավիճակը»,- մանրամասնեց Ռազմիկ Պետրոսյանը:

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *