Առաքել Մովսիսյանին պատժե՞լ են

timthumb (2)

Այն, որ մեզանում դեռևս մինչև վերջ գիտակցված չէ խորհրդարանի կարևորությունն, ու շատերը, նույնիսկ որոշ երեսփոխաններ այնքան էլ չեն գիտակցում սեփական աշխատանքի գերկարևորությունը Հայաստանի կյանքում, ցավալի, բայց վաղուց անհերքելի դարձած իրողություն է:

Ահավասիկ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը՝ հայտնի «Շմայսը», ներկայացնելով իր կարծիքն ու վերաբերմունքը վերջին քաղաքական իրադարձությունների ու դրանց արդյունքում իր՝ 6-րդ գումարման ԱԺ-ից դուրս մնալու շուրջ, հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ես ոնց կամ, ըտենց մնում եմ, ոնց շարժվել եմ, ըտենց շարժվում եմ, ոնց ապրել եմ, ապրում եմ, էդ դեպուտատը ընձի ոչ տաք ա պահել, ոչ սառը: Պատգամավորական կյանքն էլ իմ համար երբևիցե ոչ մի տեսակի փոփոխություն չի տվել, նաաբարոտ՝ ավելի շատ տուժվել եմ ըտեղ, քան օգտվել։ Ժամանակ եմ վատնե, եկել եմ Ազգային ժողով, մի քանի հոգու քիչ եմ լավություն արե, գործերից հետ ենք ընգե»։

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ նախորդ 4 տարիները Առաքել Մովսիսյանի համար եղել են դժոխային չարչարանքների շրջան, երբ մարդուն ուղղակի ստիպել են, աներևակայելի ջանքերի գործադրմամբ հարկադրել՝ գալ ու մաս կազմել ՀՀ գլխավոր օրենսդիր մարմնին: Հարց է ծագում՝ եթե ամեն բան, իրոք, այդքան ողբերգական է եղել պարոն Առաքելյանի համար, ինչո՞ւ մարդն ուղղակի որոշում չի կայացրել՝ կամավոր հիմուքներով հրաժարվել պատգամավորական մանդատից: Ո՞վ է ստիպել Մովսիսյանին սեփական մասնակցությունը բերել օրենսդիր մարմնի աշխատանքներում մի պարագայում, երբ նա, ինչպես հասկանալի է, այնքան էլ անփոխարինելի մեկը չէր. թո՛ղ ներվի ասելը, բայց բազում են նրանք, ովքեր թե՛ իրենց հոգեկերտվածքով, թե՛ ստացած կրթությամբ շատ ավելի համապատասխան կարող էին դիտարկվել ԱԺ պատգամավորի պաշտոնում, քան Մովսիսյանը:

Իհարկե, գնահատելի է, որ Առաքել Մովսիսյանը սեփական կուսակցության դեմ «սուր չի ճոճում» ու ավելորդ «աբիժնիկություն» չի անում, սակայն կարծում ենք՝ մի փոքր չափազանցված է նրա այն պնդումը, թե պատգամավոր լինելն իր համար կրակ ու պատիժ է հանդիսացել. բոլորն էլ սիրում են իրենց կարևորված զգալ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *