Քաղաքական ուժերից ամենավստահելին «Ծառուկյան» դաշինքն է…

timthumb

Ընտրարշավի ավարտին մնացել են հաշված օրեր, ու հեռու չէ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների համար այն ճակատագրական օրը, երբ վերջակետ կդրվի բավականին բուռն ընտրապայքարին. շուտով վերջապես պարզ կդառնա՝ որոնք են լինելու այն ուժերը, որոնք պատիվ են ունենալու տեղեր զբաղեցնել ձևավորվելիք խորհրդարանում:

Հաշվի առնելով այս իրողությունը՝ միանգամայն բնական ցանկություն է առաջանում հասկանալու, թե հիմա, ընտրապայքարի այս փուլում, երբ այլևս ժամանակ շատ քիչ է մնացել՝ ժողովրդին ինչ-որ բանում համոզելու, քաղաքական ուժերից ամեն մեկը, որ մակարդակում է գտնվում, և կամ մեկնարկային շրջանից սկսած այս կամ այն կուսակցությունն ու քաղաքական դաշինքն ինչ վիճակում է այժմ հայտնվել:

Առաջին բանը, որ պետք է ամրագրել, այս ընտրարշավի ունեցած՝ ինչ-որ իմաստով անկանխատեսելի արդյունքներն են. ներկան ապացուցում է, որ շատ ու շատ կուսակցությունների ակնալիքներն այդպես էլ չարդարացան: Ու չնայած, կուսակցությունների մոտ ընտրարշավի սկզբում հստակորեն նկատվում էր էնտուզիազմի մեծ պաշար, ու շատերը չէին կասկածում սեփական ընդունակությունների հարցում՝ համոզելու հանրությանը, որ հենց իրենք են միակ ճիշտ ուղի նախանշողները, փաստ է, սակայն, որ արդեն այսօր կարող ենք հաստատապես պնդել, որ բոլորն էլ հասկացել են՝ ընտրապայքարը հաջողված էր ընդամենը մի քանիսի համար:

Իրականում այս ընտրարշավն ապացուցեց մեկ բան՝ ժողովուրդն իմաստնացել է ու այլևս հակված չէ հավատալու ամեն մի խոսքին, որ հնչում է այս կամ այն գործչի շուրթերից: Ժողովուրդն իր կրիտերիաներն է այս տարիների ընթացքում հասցրել մշակել, որոնցով էլ փորձում է առաջնորդվել: Իսկ սա բերում է մի իրավիճակի, երբ երբեմնի պոպուլյար ուժերն, այսօր իրենցից գրեթե ոչինչ չներկայացնելով ու կորցրած լինելով ժողովրդի վստահությունը, չեն կարողանում անգամ մի հարյուր հոգի իրենց շուրջը համախմբել ու կենդանի շփման միջոցով ներկայացնել իրենց ծրագրերը: Սրա պատճառը, թերևս, նույն այդ քաղաքական ուժերի կամ դրանց լիդերների անցյալն է, նրանց խոսքի ու գործի միջև տեղ գտած տևական հակասությունն ու ժողովրդի շրջանում այն արդարացի համոզմունքը, որ ներկայում քաղաքական ուժերի գերակշիռ մասը ընդամենը փորձում է օդում տրվող խոստումների կամ նույնիսկ պարզունակ հոգեբանական ծուղակների միջոցով սեփական կողմը գրավել հանրության ուշադրությունը: Կարճ ասած, ընտրապայքարի ելած քաղաքական ուժերի մեծ մասի անհաջողությունը պայմանավորված է ժողովրդի խորագիտությամբ, ու այլևս ոչ ոք պոպուլիստական խոստումներին չի հավատում:

Բայց պետք է նշել, որ խոստումներն այդ հաճախ պոպուլիստական են թվում ոչ թե այն պատճառով, որ պրինցիպիալ առումով դրանցից շատերն ուղղակի ֆիզիկապես անհնարին է իրականություն դարձնել, ինչպես, ի դեպ պնդում են իշխանություններն, այլ այն պատճառով, որ նման խոստումներով հանդես եկողներից շատերը չեն կարող երաշխավորել իրենց խոսքի ճշմարտացիությունն ու դրա իսկությունը: Ընդդիմադիր դաշտում հանդես եկող ուժերից, թերևս, բացառություն պետք է համարել «Ծառուկյան» դաշինքը, որն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրություններն ու այդ ուժի կողմից անցկացվող բազմահզարանոց հավաքաներն, այսօր գրեթե միակ ուժն է, որի խոսքին հավատում են: Սա, թերևս, պայմանավորված է Ծառուկյանի անձով. ժողովուրդն ուղղակի հիմքեր չունի չհավատալու նրան:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա այստեղ բացառապես խոսում է երկու ֆակտոր՝ Կարապետյանի կերպարն ու ունեցած ռեսուրսը, որոնք էլ գրեթե երաշխավորում է ցանկալի արդյունքների գրանցումը: Մնացածների դեպքում, ուղղակի, անհերքելի է, գոնե հիմա՝ ներկա պահին, չափազանց բարդ իրավիճակ է ու նույնիսկ կարծիքներ են հնչում, թե խորհդրարան են ներթափանցելու բացառապես ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն, իսկ մնացյալները առանձին-առանձին չեն կարողանալու հաղթահարել նույնիսկ անցողիկ մինիմալ շեմը, և սա այն դեպքում, երբ նախկինում խոսվում էր այն մասին, որ խորհրդարանում հայտնվելու շանսեր ունեն թե՛ ՀՎԿ-ն, թե՛ «Ելք»-ը, թե՛ ՀՅԴ-ն ու թե՛ ՀԱԿ-ՀԺԿ-ն. փաստորեն՝ այդ պնդումները չափից դուրս լավատեսական դուրս եկան:

Թե ինչ վերջնական կոնֆիգուրացիա կունենա ապագա խորհրդարանը, և կամ արդյոք ընտրարշավի վերջին շաբաթը վճռական նշանակություն կունենա դաշտում քաղաքական ուժերի դիրքավորման վրա, պարզ կդառնա մի քանի օրից, բայց որ այսօր ժողովրդին հավատ ներշնչելը չափազանց դժվարացել է, փաստ է. ժամանակները փոխվել են:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *