Պրոֆեսիոնալիզմ և նոր որակ՝ քաղաքագիտության մեջ (լուսանկարներ)

17506300_371392463260954_1197899970_n

Երևանում բացվեց Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցը, որի ընթացքում հիմնադիրները մասնակիցներին ներկայացրեցին  դպրոցի առաքելությունը, նպատակները, ծրագիրը և բանախոսներին:

Դպրոցի համահիմնադիր, Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ՏԺԴ-ի ստեղծման նպատակն է խորացնել քաղաքագիտական կրթությունը և այն ավելի հասանելի դարձնել լայն հասարակայնության համար: «Այս դպրոցն ունի հստակ քաղաքագիտական ուղղվածություն: Պետությունները, որոնք ցանկանում են ապրել,  ստեղծել կազմակերպված պետականություն և հասարակություն, այլ ոչ թե «յոլա գնալ», հստակ գիտակցում են՝ քաղաքականապես կրթված հասարակությունը բարիք է, իսկ քաղաքականապես չկրթված հասարակությունը՝ խնդիր իրենց և աշխարհի համար»,-նշեց Հայկ Սուքիասյանը՝ շեշտելով, որ դպրոցի ծրագրային ուղղվածությունը խիստ արդիական է և այն դասավանդելու են ոլորտի՝ բացառապես պրոֆեսիոնալ մասնագետներ:

Ըստ մեր զրուցակցի՝ նմանատիպ դպրոցների գործունեությունը տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում, և դրանց նպատակն է քաղաքագիտական գիտելիքը հասարակությանը հասցնել ավելի մատչելի եղանակներով. «Մյուս կողմից՝ նմանատիպ դպրոցների ծրագրերն, ի տարբերություն համալսարանական ծրագրերի, իրավիճակներին շատ արագ են արձագանքում, հետևաբար` դասավանդման գործընթացում ներառվում են իրադարձային լուրջ ուսումնասիրություններ՝ դասավանդման գործընթացը դարձնելով արդիական»:

Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցի համահիմնադիր, Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ այս դպրոցը վերաորակավորման նոր պայման է ստեղծում ոչ միայն նրանց համար, ովքեր քաղաքագիտության նկատմամբ  ունեն հետաքրքրություններ, այլ նաև պրոֆեսիոնալ քաղաքագետների և նրանց համար, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացների մեջ՝  տալով նրանց հնարավորություն քայլել ժամանակին համընթաց:

«Մենք ունենք շատ ակտիվ երիտասարդներ, ովքեր փորձում են իրենց ներուժն ու գիտելիքները կիրառել քաղաքականության մեջ՝ համագործակցելով տարբեր քաղաքական կուսակցությունների հետ: ՏԺ դպրոցը հավելյալ օժանդակություն կլինի նրանց համար՝ տալով նրանց նոր որակներ և հնարավորություններ՝ քաղաքական այս կամ այն երևույթների վրա իրենց ազդեցությունն ունենալու համար»,-մեզ հետ զրույցում նշեց Էմիլ Օրդուխանյանը:

Նշենք, որ Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցում դասընթացը կտևի երկու ամիս, շրջանավարտներին կտրվի դիպլոմ՝ հաստատված Ժողովրդավարության և երկրաքաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից:

Դպրոցի ընդունելության հայտարարությունը կտեղարվի դպրոցի կայք էջում՝ այսօր 26.03.2017-ին:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *