Կրթության համակարգը փտած է, եթե կպնես, գլխիդ շուռ կգա. կրթության փորձագետ

timthumb

Բարձրագույն կրթության և նորությունների գծով մասնագիտացած «Times Higher Education» պարբերականը հրապարակել է աշխարհի 2017 թ. լավագույն 981 համալսարանների ցանկը։ Հարկ է նշել, սակայն, որ Հայաստանը ընդգրկված չէ ցանկում, հատկապես այն դեպքում, երբ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի նման փոքր երկրները մի քանի համալսարաններ ունեն ցանկում։

Ցանկում ընդգրկված չլինելու պատճառների, կրթական ոլորտի թերացումների և այլ հարցերի շուրջ, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Ըստ փորձագետի՝ լավագույն համալսարանների ցանկում չլինելու պատճառն այն է, որ Հայաստանը շարունակում է բարձրագույն կրթության առումով մնալ մեկուսացած երկիր. «Հայաստանի ԲՈւՀ-երը ֆինանսական վիճակով, մարդկային ռեսուրսներով, դասավանդման, լեզվի և հետազոտությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Իսկ լավագույնների ցանկում ընդգրկվելու չափանիշներից մեկն այն է, թե որքան օտարազգի դասախոսներ են աշխատում համալսարաններում: Ահա այստեղ մեր մեկուսացվածությունը զգացվում է, որովհետև դժվար է պատկերացնել, որ աշխարհի տարբեր երկրներից գան Հայաստանի համալսարաններ՝ դասավանդելու: Կա աշխատավարձերի և ֆինանսավորման խնդիր: Իսկ այսօր աշխարհում շատ մեծ առավելություն ունեն այն համալսարանները, որոնք դասավանդում են անգլերեն լեզվով»:

Օրինակ բերելով Վրաստանին՝ Խաչատրյանը նշեց, որ նախկինում այս երկրի համալսարանները ևս չկային լավագույն համալսարանների ցուցակում, բայց վերջին դասակարգման մեջ Ջավախիշվիլու համալսարանն առկա է. «Որոշակի աշխատանք տանելու դեպքում, գոնե ԵՊՀ-ն հնարավոր է՝ ընդգրկվի ցանկում: Եթե Ուգանդայի նման երկիրը կարող է ընդգրկվել այդ ցանկում, Հայաստանը ինչո՞ւ չի կարող: Հարկավոր է ներդրումներ անել այս ոլորտում և փոխել համակարգը»:

Հարցին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քայլեր ձեռնարկո՞ւմ է կրթական ոլորտի զարգացման համար, փորձագետն ընդգծեց, որ ինքը, համենայնդեպս, արմատական քայլեր չի տեսնում. «Տեսնում եմ ավելի զգուշավոր քայլեր, տեսնում եմ խոստումներ՝ բարեփոխումներ իրականացնելու, սակայն չեմ կարծում, որ կրթության մասին օրենքը փոխելով բան է փոխվում: Պետք է համակարգ ստեղծել, իսկ այսօրվա համակարգը փտած է, եթե կպնես, գլխիդ շուռ կգա և այս պարագայում վտանգավոր է անգամ կպնելը: Եթե տան հիմքը ամուր չէ, տանիքը վերանորոգելով՝ ոչինչ չի փոխվում»:

Նրա կարծիքով՝ Հայաստանի կրթական ոլորտի խնդիրներն այնքան են խորացել, որ տեղափոխվել են մշակութային ավելի խորը հարթություն և համակարգ փոխելը շատ դժվար կլինի, քանի որ այն բավականաչափ իներտ վիճակում է, իսկ ճգնաժամի պատճառները շատ ավելի խորն են:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *