Երանի այն Հայաստանի բնակիչներին, որի վարչապետն այդ պաշտոնում իր աշխատանքը կընկալի որպես խաչելիություն

14341536_1129181600493983_1259612855_n

Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը նրանը չի եղել, այլ Հանրապետական կուսակցությանը, և որ «Հովիկ Աբրահամյանի կառավարության բոլոր թերացումների և առավելությունների, բացթողումների և ձեռքբերումների պատասխանատուն ՀՀԿ-ն է»: Նա նաև շեշտել է, որ իրենք, 1999-ից սկսած, և՛ բացասականի, և՛ դրականի տերն են:

Իհարկե, հենց այդպես էլ կա, Շարմազանովը շատ ճիշտ բան է ասել, միայն թե անհասկանալի է՝ կառավարության բացթողումների համար ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատասխանատու, սոսկ բառերո՞վ, մերկապարանոց հայտարարություններո՞վ (քիչ խելք կամ խորամանկություն ունեցող ցանկացած մեկը կարող է բառերով պատասխանատու հանդես գալ), թե նաև գործով, և եթե նաև գործով, ապա, օրինակ, Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ժամանակ որոշակի ինչպե՞ս է արտահայտվել ՀՀԿ-ի այդ պատասխանատվությունը, որ մեր հասարակության շատուշատ անդամներ դա ինչ-որ չեն զգացել

Դե, եթե ՀՀԿ-ն պատասխանատու է, թող, ուրեմն, պատասխան տա այն ահավոր և աղետալի արտագաղթի համար, որն եղավ անցած տարիների ընթացքում ու շարունակվում է, տեսնեմ ինչպե՞ս է պատասխան տալու: Սփյուռքի մեր հայրենակիցների զանգվածային ներգաղթը կազմակերպելու (ինչպես խորհրդային տարիներին էր), ժողովրդագրական առկա հիմնախնդիրները լուծելու և Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու փոխարեն, մենք ունենք ՀՀ բնակիչների զանգվածային արտագաղթ:

Քանի՞ հայ և հայկական ընտանիք եկավ Իրաքից և, հատկապես, Սիրիայից այստեղ, բայց Հայաստանի Հանրապետությունում մնալու փոխարեն, գնացին այստեղից: Եթե լավ կառավարություն և երկրի լավ կառավարում ունենայինք, կգնայի՞ն… Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ այնպիսի դեպք է եղել, որ Սիրիայից ՀՀ եկած հայը՝ Հագոպ Դերսեսեսյանը, չցանկանալով այստեղ մնալ, փորձել է նույնիսկ հանցանք կատարելու գնով (կեղծ անձնագիր ձեռք բերելով) ՀՀ-ից մեկնել Իրան:

Ահա վերը նշվածը և, ընդհանրապես, Հայաստանից մեր հայրենակիցների զանգվածային արտագաղթն է ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունների գործունեության ամենաիրական գնահատականը: Հետևաբար նախորդ կառավարության գործունեության բացասական կողմը սոսկ «թերացում» և բացթողում բառերով արտահայտելը չափազանց մեղմ է ստացվում, հետևաբար և իրականությունն ամբողջովին չարտահայտող և ոչ օբյեկտիվ գնահատում:

Կամ’ ի՞նչ է նշանակում վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի կապակցությամբ Շարմազանովի երեկվա ասածը, որ եթե կա պետական շահ, չպետք է վերմակը գցես միայն քո վրա, այլ պետք է մտածես ապագայի մասին: Ապրիլյան պատերազմից և ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո՞ էլ իշխանության մտածելակերպում ոչինչ չի փոխվել… Հիմա՞ էլ վարչապետի պաշտոնն ընկալվում է իբրև վերմակը սեփական անձի վրա գցելու հնարավորություն:

Ախր ով ով, գոնե Շարմազանովը, որը վարկաբեկված չէ վերմակն իր վրա գցելով, որքան տեղյակ եմ, համեստ կամ գոնե այլոց համեմատ, համեստ կյանքով է ապրում, դա չպետք է ասեր: Պետք է գիտակցեր, որ եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, ավելի ճիշտ, չզրկվել պետությունից, ապա իրենք, որպես իշխանություն, պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ իշխանության գոնե ղեկավար կազմում իշխանության ընձեռած հնարավորությունները չընկալվեն որպես վերմակ, և վերմակը սեփական անձի վրա գցելու մտայնությունը վերանա:

Երանի այն Հայաստանի բնակիչներին, որի վարչապետը չի լինի մեկը, որը «մանկուց» սիրել է այդ պաշտոնը, ձգտել դրան և ամեն կերպ պայքարել այդ պաշտոնին հասնելու համար՝ այն ընկալելով որպես իր և իր մերձավորների համար վերմակ, իշխանության համակարգում նման բարձր պաշտոնի ընձեռած հնարավորությունների աղբյուր:

Երանի այն Հայաստանի բնակիչներին, որի վարչապետը կլինի մեկը, որին խնդրելով, համոզելով, գրեթե զոռով բերած, նշանակած կլինեն այդ պաշտոնին, և որը վարչապետի պաշտոնը կընկալի իբրև մի խաչ, և այդ պաշտոնում իր աշխատանքը՝ որպես խաչելիություն հանուն իր ազգի և պետության: Ուզում եմ հավատալ, որ Կարեն Կարապետյանը հենց այն մարդն է, որն իրեն երկար խնդրելու, համոզելու փորձերից հետո մեծ դժվարությամբ է տվել ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատելու իր համաձայնությունը, միանգամից չի ասել «այո» և միանգամից չի նետվել այդ պաշտոնին’ այն ընկալելով որպես վերմակ: Չգիտեմ, ուզում եմ հավատալ, մնացյալը ցույց կտա ժամանակը…

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *