Դպրոցի տնօրենին անհատական նվեր մատուցելու համար յուրաքանչյուր աշակերտից պահանջվում է 10 000 դրամ

timthumb (3)

Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին կից գործող Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ, ավարտական դասարանի մի խումբ ծնողներ բաց նամակով դիմել են կրթության նախարար Լևոն Մկրտչյանին՝ բողոքելով, որ դպրոցում տնօրինության կողմից ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ չհիմնավորված ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:

«Սոցիալական այս բարդ իրավիճակում, երբ առանց այդ էլ ծնողները լուրջ գումարներ են ծախսում իրենց երեխաների համար անհրաժեշտ գրականություն, շտեմարաններ գնելու, ինչպես նաև ավարտական միջոցառումներ կազմակերպելու համար, լրացուցիչ գումարներ հատկացնել ինչ-որ անհեթեթ մագիստրոսական գլխարկ գնելու (որն արժե 3 000 դրամ և, որքան էլ զավեշտ թվա, նախատեսված է ուղղակի մի պահ նկարվելու համար), զանգակներ պատվիրելու (2 000 դրամ, որի շուկայական արժեքը 500 դրամ է), տնօրենին անհատական նվեր մատուցելու համար (այդ նպատակով յուրաքանչյուր աշակերտից պահանջվել է 10 000 դրամ) և այլն, համարում ենք, մեղմ ասած, անընդունելի և հակամանկավարժական: Հավելենք նաև, որ այս ամենն արվում է բացահայտ պարտադրանքով և «դպրոցական ավանդույթ» անվան տակ»,- բաց նամակում նշել էին ծնողները: 

ԼՈւՐԵՐ.com-ը հարցի վերաբերյալ զրուցեց Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի հետ: 

-Տիկի՛ն Մարուխյան, Ձեր դպրոցի մի խումբ ծնողներ բաց նամակով դիմել են կրթության նախարարին՝ բողոքելով, որ ստիպողաբար դրամահավաք եք կազմակերպում: 

-Ծնողները երեկ են դիմել նախարարին: Ես այսօր եկել եմ դպրոց, կանչել եմ և՛ ծնողներին ու աշակերտներին, և՛ ուսուցիչներին ու դասղեկներին, խոսել եմ, քննարկել եմ, նույնիսկ ստեղծվել է հանձնաժողով: Նմանատիպ խոսակցություն դպրոցում չի եղել, ոչ մի գումար, ոչ մի ստիպողաբար գործողություն դպրոցում երբեք տեղի չի ունեցել ու, առավել ևս հիմա՝ տեղի չի ունենում: Ուղղակի կա վերջին զանգի հետ կապված արարողություն՝ վերջին դաս կոչվածը, որը պետք է տեղի ունենա դպրոցում, աշակերտները պատրաստվում են, սցենարներ են գրել: Ի դեպ՝ աշակերտներն են սցենարները գրել, ոչ թե՝ գրել-տվել ենք, դասղեկի հետ միասին պատրաստվում են: Դպրոցում միայն այդ արարողությունն է լինելու: Դպրոցը ստիպողաբար ոչ մի դրամահավաք չի կազմակերպում:

-Իսկ Ձեր նշած վերջին դասի համար գումար հավաքվելո՞ ւ է, քանի որ ծնողներն իրենց բաց նամակում հատ առ հատ ներկայացրել են՝ ինչի համար ինչքան գումար են պահանջում:

-Նման բան ես չեմ լսել: Ուղղակի վերջին դասի համար ծնողները զանգեր, գլխարկներ են պատվիրել: Բայց դա կատարվել է ըստ ցանկության՝ ուզել են՝ պատվիրել են, չեն ուզել՝ չեն պատվիրել: Դա կատարվել է ծնողների ու աշակերտների ցանկությամբ: Դպրոցը դրա հետ ոչ մի կապ չունի: Վերջին դասը առանց զանգի էլ կկայանա, առանց գլխարկի էլ… Դրանք ուղղակի օրն ավելի գեղեցիկ ու տոնական դարձնելու համար, ծնողները որոշել են ինչ-որ բաներ նախաձեռնել՝ ծաղիկներ, փուչիկներ, գլխարկներ, զանգեր, բայց դրա հետ դասղեկը կամ տնօրինությունը ոչ մի կապ չունեն:

-Դուք գիտեք, թե որ ծնողներն են բաց նամակով դիմել նախարարին:

-Ո՛չ, չգիտեմ:

-Դուք բոլոր ծնողների հետ խոսե՞լ եք, իրենք հերքե՞լ են, որ բաց նամակով դիմել են Մկրտչյանին: 

-124 աշակերտ է սովորել 12-րդ դասարանում: 124-ի հետ էլ չեմ խոսել: Խոսել եմ տվյալ դասարանի ծնող-կոմիտեների հետ, բայց այսօր քննարկել ենք, որ էլի ծնողների հետ հանդիպում լինի դպրոցում, որպեսզի հասկանանք՝ խնդիրը երբ է առաջացել, ինչու և ով է հորինել: Բայց բոլոր ծնողներն ասացին, որ ոչ մի բողոք, խոսակցություն՝ դպրոցում չի եղել, իրենք տեղյակ չեն, թե ով կարող է դա լինել, կամ ում կարող է անհանգստացնել դպրոցում վերջին զանգի միջոցառումները:

-Սա դպրոցում առաջի՞ն նմանատիպ դեպքն է: 

-Այո՛, առաջին անգամն է: Մեր դպրոցը նույնիսկ առանձնանում է նրանով, որ երբեք ոչ մի գումար չի հավաքվել ո՛չ շինարարական աշխատանքների, ո՛չ առօրյա ինչ-որ ծախսերի համար: Երբե՛ք գումար չի հավաքվել: Ցանկացած աշակերտ, ծնող՝ կարող է վկայել այդ մասին: 3 տարի շարունակ՝ իրենց երեխաները սովորել են դպրոցում և ոչ մի օգնություն չեն արել: Դպրոցը չունի օգնության կարիք: Ինչ կարիք էլ որ ունի, համալսարանին կից դպրոց է, համալսարանն էլ հոգում է բոլոր կարիքները:

-Այդ դեպքում՝ այս ամենի նպատակը ո՞րն է: 

-Չեմ կարող ասել: Միգուցե ծնողներին հարցնեք՝ նպատակը որն է:

Ի դեպ՝ նշենք, որ այս դպրոցում միջադեպերի պակաս՝ կարծես թե չի զգացվում: Դեռևս անցած տարվա փետրվարին նույն այս դպրոցի արդեն նախկին աշակերտ, 17-ամյա Ներսես Պողոսյանը ստիպված է եղել ավարտելուց 2 ամիս առաջ տեղափոխվել այլ դպրոց: Պատճառը դպրոցի ուսուցիչներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել, որի ժամանակ աշակերտն անգամ ձեռքին եղած սուրճը լցրել է ուսուցչի վրա: Սակայն, 17-ամյա աշակերտի պնդմամբ՝ ինքը դա արել է այն բանից հետո, երբ ուսուցիչը ոտնահարել է իր իրավունքներն ու վիրավորել տղայի արժանապատվությունը: Դեպքից հետո տնօրեն Աննա Մարուխյանը, չնայած որ՝ Հանրակրթության մասին օրենքով դպրոցի տնօրենն իրավունք չունի հեռացնել աշակերտին, ստիպել է ծնողներին՝ տղային տեղափոխել այլ դպրոց, թեև ինքը՝ տնօրենը, հերքում է, որ որևէ ստիպողական գործողություն է իրականացվել: 

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *