Եթե իսկապես ուզում ենք կանխել բանակում ինքնասպանությունները և սպանությունները մերոնց ձեռքով

14302588_329946467352119_2059652525_n

Թվում էր, թե ապրիլյան պատերազմից հետո, որը բոլորիս համախմբող խթան հանդիսացավ կամ գոնե պետք է այդպիսին հանդիսանար, և որը պետք է շարքային զինծառայողների ու սպաների մի մասին դրդեր վերանայել իրենց միջանձնային հարաբերությունները, մեր զինված ուժերում մերոնց ձեռքով կատարված սպանությունների, ինչպես նաև ինքնասպանության և ինքնասպանության փորձի փաստերի այլևս չենք հանդիպի կամ այդպիսի դեպքերի մասին կլսենք խիստ հազվադեպ:

Ցավոք, մեր այդ սպասումները չարդարացան, զուտ միայն պաշտոնական հաղորդագրություններից ելնելով, կարելի է ասել, որ այդպիսի դեպքերը քիչ չեն, հետևաբար դրանք կանխելու համար պետք է որոնել ու գտնել համապատասխան լուծումներ, այս դեպքում, ավելի ճիշտ կլինի ասել, համալիր լուծում, որը թույլ կտա ապահովել հիմնախնդրի ամբողջական լուծում: Առկա իրավիճակը, կարծում եմ, անհանգստացնում կամ գոնե մտահոգում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ինչի մասին վկայում է թեկուզ սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկման կազմակերպումը:

Մենք, անշուշտ, շատ հիմքեր ունենք հպարտանալու հաղթանակած Հայոց բանակով, դա անվիճելի է: Հիմքեր ունենք խոսելու նրա արիականության, բարձր ոգու, փոքր ուժերով ու համեստ կարողություններով մեծ ձեռքբերումների մասին: Սակայն, միաժամանակ, ունենում ենք նաև տխրելու, սգալու, ամաչելու և տագնապելու առիթներ, որքան էլ որ մեր բանակում ծառայակից ընկերների, ստորադասների և վերադասների կյանքը խլելու, սպանության փորձերի, ինքնասպանության հասցնելու, հաշմելու և խեղելու դեպքերը բնորոշ չլինեն ողջ բանակին: Ահա սա՛ է մեր բանակի, թերևս, ամենախոցելի կողմը, որը հաճախ պատճառ է հանդիսանում նաև ոչ քիչ ծնողների կողմից զավակներին զարտուղի ճանապարհով բանակից ազատելու հաջողված ու չհաջողված փորձերի, կոռուպցիայի, նորանոր քրեական գործերի…

Նկատի ունենանք նաև, որ այն զորամասերում և ստորաբաժանումներում, որտեղ, մեղմ ասած, անառողջ բարքեր են, ոչ կանոնադրային հարաբերություններ, մարտունակությունը չի կարող չտուժել: Բանակի ղեկավարությունը և անձամբ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, կարծում եմ, մտահոգված են այս վիճակով: Եթե մինչև իսկ խնդրի բարոյական կողմը մի պահ անտեսենք և առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ, ապա ծառայակցի կամ հրամանատարի ձեռքով զինվորի սպանությունը չի բխում նրանց շահերից, հակառակը` նրանց շահերի դեմ է: Հիշենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձի վերնագիրը` «Մեր բանակը մեր տունն է, մեր ամրոցը. մեր ամրոցում` մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ», և մեկ մեջբերում կատարենք այդ ուղերձից.

«Տեսե՛ք, թե որքան դժվար է Հայաստանի համար. բոլոր կողմերից նեղում են, շրջափակում, զրկում են էներգակիրներից և այլն: Բանակի համար նույնպես շատ դժվար է շրջափակված վիճակում «կռվելը». մի կողմից’ հակառակորդը, մյուս կողմից` ներքին բացասական երևույթները` ի դեմս փողոցային արատավոր բարքերի, որոնք ներթափանցում են բանակ ու ներսից «կազմաքանդում»:

Առանց դրանց «ջախջախման», հնարավոր չի լինի լիարժեքորեն լուծել մեր խնդիրը: Պիտի զերբազատվենք ներքին բացասական երևույթներից, նոր միայն կկարողանանք լիարժեքորեն կենտրոնացնել ջանքերը դեպի դրսի ուժերը, պայքարել ոչ միայն այժմյան հակառակորդի դեմ, որն արդեն «խաղ ու պար» կլինի, այլև մեր ժողովրդի ամենանվիրական երազանքների իրականացման համար»:

Չենք կարող ասել, թե նախարարի նշած փողոցային արատավոր բարքերի դեմ միջոցներ ընդհանրապես չեն ձեռնարկվել, սակայն դատելով բանակին առնչվող քրեական լրահոսից, ցավոք, դեռ չունենք ակնկալվող կամ բավարար արդյունքներ մասնավորապես այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են դիտավորյալ սպանությունները, ոչ կանոնադրային փոխհարաբերություններով պայմանավորված սպանության փորձերը, ինքնասպանության, ինքնասպանության փորձի դեպքերը: Ծանոթանալով այս կապակցությամբ վերջին ամիսներին ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկատվությանը, կհամոզվենք, որ այդպիսի դեպքերը դեռ շարունակվում են, դրանք մտահոգիչ են, եթե չասենք տագնապի տեղիք տվող:

Ինչ անել, ինչպե՞ս լուծել այս հիմնախնդիրը… Կարծում եմ, կարելի է ու պետք է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ նշված դեպքերը զգալիորեն կնվազեն: Նախ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակում վերոնշյալ հանցագործությունները միանգամից չեն կատարվում, որպես կանոն, դրանց նախորդում են զինծառայողների միջև անառողջ, լարված հարաբերությունները, վեճը, հայհոյանքը, երբեմն նաև ծեծկռտուքը, որոնք հրամանատարության կողմից, ցավոք, հաճախ չեն նկատվում, իսկ որոշ դեպքերում էլ, նկատվելով հանդերձ, անտեսվում են: Մինչդեռ պարզ է, որ եթե դրանք ժամանակին նկատվեին ու ձեռնարկվեին համապատասխան միջոցներ, այդ դեպքերից, իրավիճակներից ու դրանց ողբերգական հետևանքներից եթե ոչ բոլորը, ապա շատերը կկանխվեին:

Վերոնշյալ խնդիրը լուծելու համար նախ պետք է նկատի ունենալ, որ միջանձնային լարված և ոչ կանոնադրային հարաբերությունները, վեճերը ծնվում են հիմնականում այնտեղ, որտեղ զինծառայողներն առավել հաճախ են իրար հետ շփվում, իսկ այդպիսի վայրերը երկուսն են` զորանոցները` մերձակա տարածքներով հանդերձ, և դիրքերը, մարտական հենակետերը: Այս վայրերից գոնե զորամասերում զինծառայողների շփումները, խոսակցությունները թափանցիկ` տեսանելի ու լսելի դարձնելու, վեճերը, վիրավորանքները, ճնշումները ժամանակին հայտնաբերելու խնդիրը լուծելու համար առաջարկում եմ օգտվել ժամանակակից տեխնիկական հնարավորություններից` տեսախցիկներից: Այսօր դրանց գներն արդեն այնքան մատչելի են, որ տեսախցիկների կարելի է հանդիպել ոչ միայն Երևանի փողոցներում, մեծ, միջին ու նույնիսկ փոքր բազմաթիվ խանութներում, մասնավոր ու պետական ամենատարբեր օբյեկտներում ու դրանց մուտքերի մոտ, այլև մարզերի համանման օբյեկտներում: Ընդ որում, Հայաստանի և Արցախի բոլոր զորամասերում այսօր կան համակարգիչներ, հետևաբար տեսախցիկների առկայության դեպքում հնարավոր է իրականացնել ոչ միայն զորանոցներից ու դրանց մերձակա տարածքներից, շինություններից ստացվող պատկերների առցանց դիտում մոնիտորի վրա, այլև տեսաձայնագրառում:

Դիրքերում, մարտական հենակետերում տեսախցիկներ տեղադրել, դրանց ընձեռած հնարավորություններից օգտվել գուցե դեռ չենք կարող (թեև դա տեխնիկապես լուծելի է), այսինքն` այդ առումով խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, բայց հենց այն, որ գոնե զորամասերում, հարակից շինություններում ու տարածքներում տեսախցիկների տեղադրմամբ խնդիրը թերևս մեծամասամբ կլուծվի, արժե՛, որ բանակի հրամանատարությունն ընդունի այս առաջարկը և գնա այդ քայլին: Չէ՞ որ, ինչպես ասում ենք, անգամ մեկ զինվորի կյանքը թանկ արժե, շա՜տ թանկ:

Ընդ որում, որպեսզի զորամասերի հրամանատարներն ու նրանց համապատասխան տեղակալները տեսախցիկներով ստացվող ու կանխարգելիչ միջոցառումներ պահանջող տեղեկատվությունն աչքաթող չանեն կամ, տեսնելով ու լսելով հանդերձ, ինչ-ինչ պատճառներով համապատասխան ընթացք չտան դրան, կարելի է ի սկզբանե կամ հաջորդ փուլում համապատասխան կապուղիներով (դրանք, որքան տեղյակ ենք, առկա են) ապահովել ստացվող տեղեկատվության միաժամանակյա փոխանցումը ՀՀ պաշտպանության նախարարին, նրա համապատասխան տեղակալին և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Դրանից հետո դժվար թե որևէ զորամասի հրամանատար կամ նրա տեղակալն անտեսեն տեսախցիկներով տեսաձայնագրառվող համապատասխան տեղեկատվությունը` շատ լավ իմանալով, որ այդ պահին նույնը, հնարավոր է, դիտում է նաև ՀՀ պաշտպանության նախարարը կամ հիշյալ պաշտոնյաներից որևէ մեկը, որը վաղը կարող է իրենից խստորեն հաշիվ պահանջել այդ տեղեկատվությունն անտեսելու համար:

Ենթադրելի է, որ այս առաջարկության դեմ կարող են ներկայացվել պատճառաբանություններ, թե պետությունը համապատասխան միջոցներ չունի, որ կարողանա այդքան տեսախցիկներ գնել: Սակայն բնավ էլ պարտադիր չէ, որ սկզբնական շրջանում տեսախցիկները տեղադրվեն բոլոր զորամասերում, քանի որ կան զորամասեր, որտեղ լուրջ դեպքեր կամ ընդհանրապես չեն գրանցվել, կամ դրանց քանակն է համեմատաբար քիչ եղել, կամ այդպիսի դեպքերը գրանցվել են շատ վաղուց: Այսինքն` տեսախցիկները, առաջնորդվելով առկա վիճակագրությամբ ու դրա վերլուծությամբ, ինչպես նաև ռազմական ոստիկանության ու բանակի հրամանատարության ստացած օպերատիվ տեղեկատվությամբ, սկզբնական շրջանում պետք է տեղադրել միայն ռիսկային զորամասերում (ոչ միայն զորանոցներում, այլև համապատասխան մյուս վայրերում, քանզի խնդիրը համալիր չլուծելու պարագայում դժվար թե ակնկալվող արդյունքը ստացվի) և սպասել այդ միջոցառման արդյունքին: Հասկանալի է, որ այս դեպքում տեսախցիկների քանակն այնքան մեծ չի կարող լինել, որ պատճառաբանվի պետության ֆինանսական համապատասխան միոցների բացակայությունը: Մանավա՛նդ, որ խոսքը, թեկուզ սկզբնական շրջանում, ոչ թե 1-2, այլ հարյուրավոր տեսախցիկների մեծածախ գնման մասին է, որի դեպքում գինն էապես զեղչվում է: Ընդ որում, արտադրողից այդ գնումը ՊՆ-ն կարող է իրականացնել անմիջականորեն (այսինքն` անհամեմատ էժան), և ոչ թե ինչ-որ մասնավոր միջնորդ կազմակերպության միջոցով` արանքում հարստացնելով վերջինիս:

Ավելին. պետության հոգսը թեթևացնելու և համաֆինանսավորման համար հատուկ այս նպատակով կարելի է ստեղծել հատուկ հիմնադրամ: Կարծում եմ, շատուշատ ծնողներ, հատկապես նրանք, ովքեր բանակում զավակ ունեն կամ պատրաստվում են ուղարկել, կամավոր մուծումներ կկատարեն այդ հիմնադրամին: Շատերը կցանկանան, որ իրենց խիղճը հանգիստ լինի… Որոշներն էլ, իրենց զավակին կաշառքով բանակից ազատելու փոխարեն, կարծում եմ, կմտածեն այս ուղղությամբ:

Ինչպես արդեն նշեցի, հիմնախնդրի ամբողջական լուծման համար անհրաժեշտ է համալիր միջոցառումների իրականացում: Դրանցից մեկն էլ բանակում հոգևոր ծառայության ուժեղացումն է: Սակայն, սա մի թեմա է, որը պահանջում է առանձին անդրադարձ ու վերլուծություն:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *