Անհայտացած պատգամավորը. Աբրահամ Մանուկյան

%d5%b0%d5%a2%d5%b5%d5%b6%d5%af%d5%b4

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ, ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.comդիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է:

……………

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 15-ին Երեւանում:

1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975-1976թթ. սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1991թ. ավարտել է Երեւանի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը՝ առեւտրի կազմակերպում եւ ղեկավարում մասնագիտությամբ: 1997թ. ավարտել է Վարդանանց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2008թ. ավարտել է Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտը: Տնտեսագետ:

1978-1982թթ. Երեւանի «Մասիս» արտադրական միավորման «Կոշիկի նորաձեւության տուն» ֆաբրիկայում աշխատել է կոշկակար, ապա՝ պահեստապետ:

1983թ. Երեւանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում՝ արտադրամասի պետի տեղակալ: 1983-1989թթ. Երեւանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի տարբեր խանութներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ: 1989-1991թթ. եղել է «Հագուստի տուն» հանրախանութի տնօրեն: 1991-2003թթ.՝ Հայկոոպի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ գլխավոր տնօրեն: 2007-2010թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: 2011-2012թթ.՝ Երեւանի քաղաքային ունիվերսալ բազայի տնօրենների խորհրդի նախագահ:

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ՀՀԿ/: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

……

Բազմափորձ ԱԺ պատգամավոր, որ հասցրել է 2 տարբեր կուսակցություններ ներկայացնել ԱԺ-ում՝ ՀՀԿ ու ԲՀԿ:

Մենք այսօր չենք խոսելու Մանուկյանի առաջին պատգամավորական փորձի մասին՝ փորձելով ավելի շատ կենտրոնանալ մեր օրերի վրա, թեպետ կան անցած-գնացած օրեր, որ իրենց մասին հիշեցնում են ամեն դեպքում: Բայց՝ հերթով:

2012թ.-ին պատգամավորը ԱԺ մուտք գործեց, որպես դոլարային միլիոնատեր պատգամավոր՝ հայտարարագրելով 217 մլն դրամ և 117 հազար դոլար:

Մանուկյանի ԿԸՀ ներկայացրեց գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որն ուսումնասիրելով պարզվեց, որ պատգամավորը նաև բավականին մեծ անշարժ գույքի սեփականատեր է՝ Երեւան քաղաքում 3 հողամաս՝ 8.5 հեկտար ընդհանուր մակերեսով, ինչպես նաեւ՝ 3 շենք-շինություն եւ հողին ամրացված 5 անշարժ գույք, որից 2-ը՝ 8 եւ 9 հա մակերեսով, Կոտայքի մարզի Արզական գյուղում է:

Մանուկյանն ուներ նաեւ 2007թ. արտադրության «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքն էր 55 հազար դոլար:

Փաստորեն մենք ունենք միլիոնատեր պատգամավոր, որ ԱԺ նիստերի ներկայանալ չի սիրում: Նա ռեկորդակիր է բացակայությունների թվով՝ պաշտոնապես ունի 400 բացակա: Ներկա գտնված հատ ու կենտ օրերին էլ փորձել է ստվերում չմնալ՝ 12 ելույթ ունենալով և տալով 9 հարց:

Պատգամավորը չի փայլում օրենսդրական նախաձեռնություններով, սակայն փոխարենը բավականին ակտիվորեն հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում:

2013թ.-ի հուլիսի կեսին լուրեր տարածվեցին, որ բերման է ենթարկվել պատգամավորի որդին՝ Մարաշցի Արթուրն, ով Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փեսան էր: Մամուլում շատ արագ տարածվեց լուրը, թե Արթուրի հետ ձերբակալվածները թմրանյութի ազդեցության տակ են եղել…

Պատգամավորն ամեն կերպ հերքում էր այն՝ դրանք որակելով քաղաքական պատվեր, որ արվում էին իր ու խնամու դեմ: Սակայն ինչպես ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում…

2015թ.-ի փետրվարին Արթուրը կրկին հայտնվեց ոստիկանների ուշադրության կենտրոնում՝ այս անգամ նրան հարցաքննում էին ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծելու գործով:

Հարցաքննության հաջորդ օրը պատգամավորի որդին մեկնեց ՌԴ՝ սպասելով, թե երբ կանցնի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը:
Իսկ դա փետրվարն էր՝ թերևս ամենաթեժ քաղաքական ձմեռը, երբ Ծառուկյան-Սարգսյան լարվածությունը հասել էր գագաթնակետին: Ու հենց այդ օրերին ծեծված Արտակ Խաչատրյանի գործը կապվեց Աբրահամ Մանուկյանի անվան հետ՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե Մանուկյանն անմիջական կապ ունի դեպքի հետ: Անգամ խուզարկություններ կատարվեցին «Տեցի կռուգ»-ում գտնվող նախկին «Հայկոոպի» բազայի տարածքում, որտեղ գործում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն։

Այս պատմությունն էլ դեռ չէր հանդարտվել, երբ մեկ այլ լուրը պայթեցրեց համացանցը՝ ԲՀԿ-ի փողերը կիսել չէին կարող ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու Աբրահամ Մանուկյանը: Պարզվեց, որ հենց Մանուկյանի ձեռքով էին անցնելու կուսակցության փողերն, ինչը տիկին Զոհրաբյանի սրտով չէր:

Այդ կռիվը երկար քննարկվեց, ու կարծեք թե՝ հաղթողի դերում հայտնվեց Նաիրա Զոհրաբյանը: Սակայն այստեղ էլ ֆինանսական պատմությունը չավարտվեց:

Այս տարվա ապրիլի 29-ին լուր տարածվեց, որ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ին պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ Գումարը նախատեսված էր ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը…

Պատգամավորի օգնականը հաստատեց, որ Մանուկյանը երկրում չէ, իսկ Նաիրա Զոհրաբյանը գումարի կորստի հետ կապված լուրը հերքեց՝ այն ապատեղեկատվություն անվանելով:

Օգոստոսի վերջին «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորից հետաքրքրվեց նրա քաղաքական գործունեության մասին: Հարցնելով, թե ինչո՞վ է զբաղված Մանուկյանը, ո՞ւր է հեռացել քաղաքականությունից, այս անգամ ո՞ր կուսակցության ցուցակով է պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել:

Պատասխանը հակիրճ էր՝ Մանուկյանն իր հետագա անելիքների մասին հայտնելու է հոկտեմբերի կեսին:

Ճիշտ ժամանակն է խոսելու:
Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *