Նոր դեմքերը շատ ավելի արդյունավետ են, քան վաղուց իրենց սպառած, արժեզրկած որոշ շրջանակներ. Ստեփան Մարգարյանը` «Միասնություն» շարժման մասին

stepan-margaryan-470x265

«Համախմբում»-ն այսօր էլ շարունակում է իր բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ և որևէ հստակ պայմանավորվածություն առայժմ այս կամ այն քաղաքական ուժի հետ չկա: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն, ով հավաստիացրեց նաև, որ այսօր էլ տարբեր ուժերի հետ քննարկումներն ու հանդիպումները շարունակվում են և հավանաբար առաջիկայում նրանք հանդես կգան հայտարարությամբ:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անհավանական է համարում ընդդիմադիր ուժերի համագործակցությունը, Ս. Մարգարյանն արձագանքեց. «Ես դժվարանում եմ ասել, թե ինչ արդյունք կստացվի, բայց այն, որ այսօր կա ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտություն, դա նաև հասարակական պահանջ է: Հասարակական պատվեր կա, որ պետք է ընդդիմությունն ինչ-որ ձևով միավորվի: Ես վստահ եմ, որ այսօր կա իշխանությունից դժգոհ հսկայական զանգված, և դա հասարակության ճնշող մեծամասնությունն է, որը պետք է տեսնի այն բևեռը, որն, ըստ էության, արտահայտում է իր շահը: 15 կուսակցությունների միավորումը շատ դժվար է: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը կողմնորոշվեց դեպի ընդդիմություն, բայց քանի որ ընդդիմությունը չկարողացավ հաղթահարել իր մի քանի ամբիցիաները, այդ քվեները փոշիացվեցին, և արդյունքում ունեցանք այն, ինչ այսօր ունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությանը, պատգամավորը նշեց, որ այդ ինֆորմացիան ուղղորդված է և ինքն այս պահին կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն՝ ինքը չի հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: «Գագիկ Ծառուկյանին մենք շատ հարգում ենք, ում հետ մենք ճանապարհ ենք անցել, և հարգում ենք նաև մեր ընդհանուր անցած ճանապարհը»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը՝ այսօր քաղաքական լուրջ հայտ է ներկայացրել նաև «Միասնություն» շարժումը, դուք նրանց հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, Ս. Մարգարյանը նշեց, որ այդ ուժի ներկայացուցիչների հետ դեռևս չեն հանդիպել և նշեց. «Կրկնում եմ, որ մենք նախապատվությունը տալիս ենք ոչ թե անձերին կամ անհատներին, այլ գաղափարներին, եթե մենք ընդհանուր ինչ-որ եզրեր ունենք, ապա ոչինչ էլ չի բացառվում և ընդհանրապես` նոր դեմքերը շատ ավելի արդյունավետ են, քան վաղուց իրենց սպառած, արժեզրկած որոշ շրջանակներ»,- եզրափակեց նա:

Արմինե Եփրեմյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *