Բրյուսելի ազդանշանը` Երևանին…

49_main

Նորություն չենք լինի հայտնած, եթե նշենք, որ Հայաստանում վերջին տասնամյակներում անցկացված բոլոր քաղաքական ընտրությունները մշտապես մեկ բանով են աչքի ընկել. դրանց հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը բավականին բարձր է եղել: Բացառություն չեն և այս ընտրությունները, որոնք, պետք է նկատել, մեծ հետաքրքրություն են առաջ բերել միջազգային հանրության մոտ. մեր երկրում զանազան արևմտյան դիվանագետներ ու Հայաստան այցելող եվրոպացի պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում ու ելույթներում հաճախ են շեշտում արդար ընտրություններ անցկացնելու կարևորության մասին:

Այսպես՝ պարզվում է՝ հայկական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Խոսելով դրանց անցկացման որակից՝ Չարնեցկին, մասնավորապես, ասել է. «Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին և կարող են հանգեցնել տարաբնույթ հետևանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի, բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան»:

Առաջին հայացքից ուլտիմատիվ երանգներով հագեցած այս խոսքը, պետք է նկատել, բավական խորքային տարրեր է իր մեջ պարունակում: Չարնեցկին, ժողովրդական լեզվով ասած, մի կողմից յուղում է, մյուս կողմից՝ դաղում՝ հստակ հասկացնելով իշխանություններին, որ թեպետ Եվրոպան խիստ կարևորում է Հայաստանում փոփոխությունների իրականացումն ու դրանց հասնելու ճանապարհին ընտրությունների անցկացման որակը չափազանց ազդու հագամանք է դիտարկում, բայց հրաժարվում է՝ Հայաստանի հետ խոսել շանտաժի լեզվով: Այլ կերպ ասած՝ եվրոպացի պաշտոնյան «փափուկ բարձ է դնում» իշխանությունների գլխի տակ՝ շատ լավ պատկերացնելով ստեղծված իրավիճակը:

Այն, որ ժողովրդավարական ինստիտուտների վիճակն ու, մասնավորապես, քաղաքական ընրությունների անցկացման կուլտուրան ԵՄ-ն մշտապես կարևորել է հարևան երկրների հետ իր հարաբերություններում, աքսիոմատիկ իրողություն է: Իրողություն է նաև այն, որ գործընկեր երկրներում ժողովրդավարության մակարդակի հարցն ամեն անգամ երկրորդ պլան է մղվել այն ժամանակ, երբ բարի ցանկություններին հակադրվել են ռեալ իրողությունները. չնայած երբեք Եվրոպան չի դադարել ձգտել՝ զարգացնելու իր համար կարևոր երկրներում ժողովրդավարական ինստիտուտները, սակայն երբեք չի փորձել իր հարաբերություններն այդ նույն երկրների հետ պայմանավորել բացառապես դեմոկրատիայով: Ռեալ պոլիտիկն, ինչպես ասում են, իրենը միշտ էլ թելադրել է:

Վստահաբար, այս պարագայում ևս գործ ունենք նմանատիպ մի իրողության հետ: Եվրոպացիները վաղուց են հասկացել, որ Երևանի հետ ուլտիմատումների լեզվով խոսելն անպտուղ բան է, քանի որ այլընտրանք միշտ էլ լինում է՝ այլընտրանք, որը կարող է այնքան էլ չհամապատասխանել Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին: Ուստի՝ հայ-եվրոպական հարաբերություններն ավելի շատ պայմանավորվում են ոչ թե ներկա ընտրությունների անցկացման որակով, թեպետ դրանք ևս կարևոր են, այլ՝ Հայաստանի հետագա պատրաստակամությամբ՝ ստորագրելու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը: Ահա թե ինչն է լինելու վճռորոշ գործոնը Արևմուտք-Հայաստան կապերի հարցում առաջիկայում:

Արդյոք հայաստանյան իշխանությունները կգնա՞ն Եվրոպային ընդառաջ, իհարկե, ցույց կտան առաջիկա ամիսներ, բայց, որ եվրոպացիները Հայաստանում շատ կոնկրետ շահեր ունեն, անվիճարկելի է. նրանք այս հարցում վճռակամ են տրամադրված:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *