Մի՞թե, այնուամենայնիվ, խաբվեցինք…

big_1473328221_8806606

Ինչպես հայտնի է, Հայաստանում արդեն իսկ սկսվել է նոր կառավարության ձևավորման պրոցեսը՝ մի կարևորագույն գործընթաց, որից էլ, խոշոր հաշվով, կախված է լինելու այն հարցի պատասխանը, թե կհաջողվի՞, արդյոք, Կարեն Կարապետյանին դուրս բերել երկրի տնտեսությունն ու կառավարման համակարգն այն ծանրագույն վիճակից, որի պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ երկրի համընդհանուր զարգացումը, կարելի է ասել, գրեթե լիովին կասեցված է: Առաջին նշանակումներն արդեն իսկ կատարված են, որոնցից դատելով, կարելի է ասել, որ Կարապետյանն ամեն կերպ ջանալու է իրեն հատուկ ոճով ի կատար ածել այն տեսլականը, որի կրողն է ինքը՝ այդ ճանապարհին առաջնորդվելով հայաստանյան իրականության համար բավական նորարարական մեթոդներով:

Երբ ուսումնասիրում ես նորանշանակ նախարարների կենսագրությունն ու աշխատանքային փորձը, հասկանում ես, որ Կարապետյանը համապատասախան ընտրություն կատարելիս փորձել է ավելի շատ կարևորել նրանց ունեցած կառավարչական ունակությունները, քան՝ այլ հատկանիշներ. 4 նորանշանակներից առնվազն երեքը մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ են՝ իրենց ոլորտների հաջողված ղեկավարներ. էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մինչև իր նոր պաշտոնին անցնելը, 2015-ից «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2015 թվականից զբաղեցնում էր Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնն, իսկ ահա Վահան Մարտիրոսյանը 2012-ից ի վեր՝ մինչև նոր նշանակումը, «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել:

Ինչ վերաբերում է ֆինանսների նորանշանակ նախարարին՝ Վարդան Արամյանին, ապա հարկ է նշել, որ նա, թերևս, միակն է, ով ունի պետական աշխատանքի փորձ ու համարվում է Սերժ Սարգսյանի կադրը. Արամյանը 2013-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:

Վարչապետի կաբինետի ձևավորման նմանօրինակ կերպն, իհարկե, գրեթե իդեալական կարելի կլիներ համարել, եթե չլիներ մեկ կարևոր «բայց»: Բանն այն է, որ չորս նորանշանակներից առնվազն երկուսը սերտագույն կապերի մեջ են գտնվում վարչապետ Կարապետյանի հետ: Մասնավորապես՝ գաղտնիք չէ, որ նույն «GNC-ալֆա»-ն պատկանում է Կարեն Կարապետյանին, իսկ «Էներգո Ինվեստ Հոլդինգ»-ը, որ Հրազդանի ՋԷԿ-ի դուստր ձեռնարկությունն է, ևս այսպես թե այնպես առնչություններ ունի Կարապետյանի հետ (ըստ լուրերի՝ Կարապետյանը ՏԷՑ-երի բիզնեսում բաժնեմաս ունի):

Ուստի՝ հաշվի առնելով հայաստանյան ռեալները՝ կարելի է ասել՝ որոշակի ռիսկ, այնուամենայնիվ, այս նշանակումներում առկա է, քանի որ միայն այն փաստը, որ սույն պաշտոնյաները պետական կառավարման համակարգ են մուտք գործում բացառապես Կարապետյանի միջնորդությամբ ու նրա ղեկավարությամբ, արդեն իսկ որոշ հարցեր է առաջացնում ու ստեղծում տպավորուրթյուն, թե այս լայն աշխարհում Կարապետյանն,  չգտնելով ավելի օպտիմալ տարբերակ, միանգամայն միտումնավոր է սեփական մարդկանց իշխանության բերում՝ նրանց հետագայում դարձնելու լծակ՝ իր նպատակների համար. համաձայնե՛ք՝ այս տարբերակը ևս գոյության իրավունք ունի՝ հաշվի առնելով այն, որ մենք ամենևին էլ Սինգապուրում չէ, որ բնակվում ենք…

Մյուս կողմից, ինչպես ասում են, մեդալի հակառակ կողմն էլ կա. Կարեն Կարապետյանը, լինելով հիմնականում դրսում աշխատած մարդ, հասկանալի պատճառներով չէր կարող Հայաստանի պետական կառավարման համակարգում ունենալ այնպիսի ամուր կապեր, որոնք կօգնեին իրեն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունենալ նմանօրինակ որոշումներ կայացնելիս:

Ուստի՝ չի բացառվում, որ Կարապետյանը, պարզապես, փորձում է կարևորագույն պաշտոնների նշանակել մարդկանց, որոնց աշխատելաոճին անձամբ ծանոթ է, որոնք իրենց լիովին արդարացրել են այն պաշտոններում, որ զբաղեցնում էին նախքան պետական կառավարման համակարգ մուտք գործելը:

Իհարկե, դեռևս վաղ է ասել, թե նորանշանակ նախարարների՝ մասնավոր ոլորտում ունեցած հարուստ աշխատանքային փորձը որքանով է ազդելու պետական համակարգում նրանց կողմից ցուցաբերվելիք արդյունքների վրա, քանի որ ոչ միշտ են նմանօրինակ կադրերն իրենց արդարացնում, միևնույն ժամանակ, սակայն, ցանկանում ենք հավատալ, որ տեխնոկրատների այս թիմն ի վիճակի կլինի Հայաստանը դուրս բերել այն ճահճից, որում տևական ժամանակ է, ինչ հայտնվել է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *