Կարեն Կարապետյանը «ձեռնոց նետեց» «լֆիկներին», «քեթրիններին», «թոխմախներին»

12653_am_1

Երեկ երեկոյան հեռարձակվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը երկրի առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ:

Անկեղծորեն պետք է խոստովանել, որ սա Կարեն Կարապետյանի լավագույն հրապարակային ելույթն էր վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Կառավարության ղեկավարը երեկ ասել է ավելին, քան պաշտոնը ստանձնելիս, խորհրդարանում ունեցած մի քանի ելույթներում: Հարցազրույցի դրական առանձնահատկությունը պոպուլիզմի բացակայությունն է: Օրինակ, պրագմատիզմը գերիշխում էր, երբ վարչապետը խոսում էր գյուղատնտեսությանն աջակցելու հարցում պետության սուղ հնարավորությունների մասին կամ խոստովանում էր, որ Նաիրիտի վերագործարկումը գործնականում անհնար է: Հատկանշական է, որ երեկ առաջին անգամ Կարեն Կարապետյանը թեկուզև անուղղակի խոստովանել է, թե իր հիմնական դաշնակցի դերում տեսնում է հասարակությանը, կարևորելով նրա հետ փոխադարձ կապի ստեղծումը:

Սա թերևս օրինաչափ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նոր կառավարության ծրագրի վարչապետի գործունեության թիրախներն են բյուրոկրատիան, օլիգարխիկ համակարգը, չհարկվող բիզնեսը: Ասել կուզի, որ, չնայած նախագահի հրապարակային հավաստիացումներին, Կարեն Կարապետյանը չի կարող ակնկալել պետական մյուս մարմինների աջակցությունը հենց այն պատճառով, որ դրանք գտնվում են քրեաօլիգարխիայի և բյուրոկրատիայի տոտալ վերահսկողության տակ և, ըստ էության, կառավարության քաղաքականության հիմնական թիրախներն են: Մյուս կողմից, թերևս Սերժ Սարգսյանն ակնարկում էր Կարապետյանին ցուցադրվելիք ուժային աջակցության մասին: Տեսականորեն չի բացառվում, որ Հայաստանը հայտնվել է զարգացման այն խաչմերուկում, որտեղ բարեփոխումների անհրաժեշտությունը գոնե կարճաժամկետ կտրվածքով կարող է դաշնակիցներ դարձնել հասարակությանը և ուժային մարմիններին:

Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը չի կարող հարյուր տոկոսանոց վստահություն ունենալ Սերժ Սարգսյանի խոստումների և երաշխիքների հարցում: Երեկվա հարցազրույցը նույնիսկ անուղղակի հաստատեց, որ նախագահի և վարչապետի օրակարգերում բացակայում է լիակատար ներդաշնակությունը: Օբյեկտիվորեն Կարեն Կարապետյանի կերպարը, նրա կրեատիզմը Սերժ Սարգսյանին պետք են առաջին հերթին սեփական իշխանության վերարտադրության պլանն իրականություն դարձնելու հարցում: Իսկ այս պլանի հիմնական հանգրվանը հենց խորհրդարանական ընտրություններն են, որոնց շուրջ Սարգսյանը ցանկանում է ապահովել հասարակության գոնե լոյալությունը՝ դա համարելով իր նոր իշխանության լեգիտիմության աղբյուր:

Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, հենց սա է Կարեն Կարապետյանի առաջիկա ամիսների հիմնական առաքելությունը՝ ձևավորել հասարակական դրական սպասումներ:

Հենց այստեղ էլ դրսևորվում է նախագահի և վարչապետի հակասությունը, որովհետև վերջինս, մեղմ ասած, չի ուզում «օգտագործվել» ընտրական գործընթացում կամ որ նույնն է՝ ուրիշի խաղում: Երեկ Կարեն Կարապետյանն անկեղծորեն խոստովանել է, թե ընտրությունների գործոնը խանգարում է իրեն և սա առաջին հերթին Սերժ Սարգսյանին հասցեագրված մեսիջ է: «Այս ընտրությունները և սպասումները որոշակի առումով խանգարում են, որ արձագանք լինի: Ես վստահ եմ, որ հասարակության մեջ կա հետևյալ կարծիքը. եկեք սպասենք՝ ինչ-որ հայտարարում է տեսնենք կլինի՞, թե՝ չի լինի, վեց-յոթ ամիս հետո ինքը կլինի՞, թե՝ չի լինի և վեց-յոթ ամիս հետո մենք նոր կարձագանքենք՝ գնանք այդ քայլերին, թէ՝ չէ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Սակայն երեկվա ասուլիսի առանցքը, գլխավոր թեման, որը կարծում եմ համահունչ է հասարակական տրամադրություններին Կարեն Կարապետյանի բացահայտ մարտահրավերն էր մենաշնորհներին, այդ կարգավիճակում գտնվող օլիգարխներին: «Օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ,  հավասար դաշտ ստեղծելով պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ»,- ասել է Կարապետյանը: Սա մի կողմից բարձր մակարդակով արձանագրում է այն փաստը, որ Հայաստանում մենաշնորհներն ու կոռուպցիան համակարգային բնույթ ունեն, մյուս կողմից՝ ազդարարվում է դրա դեմ պայքարի վճռականության մասին:

Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ՝ Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը, Մհեր Սեդրակյանը, հայտնի այլ անուններ «կուլակաթափ» չեն լինի, սակայն առաջիկայում կզրկվեն իրենց գերշահույթներից: Լրագրողի ճշտող հարցին Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք բերել և ինքն անձամբ է երաշխավորում դա:

Սա բացահայտ պատերազմ է մոնոպոլ կարգավիճակ ունեցող օլիգարխիային և այս պատերազմում, ըստ ամենայնի, կոմպրոմիսներ լինել չեն կարող:

Օլիգարխիան զրկվում է ոչ միայն մոնոպոլիայից, այլ արտոնությունների մի ամբողջ համակարգից: «Լֆիկները», «քեթրինները», «թոխմախները» պետք է «սպիտակեցնեն» իրենց «սև» փողերը և պատրաստ լինեն մրցակցության: Հազիվ թե արժի հույս դնել ՍերԺ Սարգսյանի վրա, որովհետև նա հստակ հասկացրել է, որ իշխանության վերարտադրության հրամայականը պահանջում է նաև զոհաբերություններ և դա հատկապես վերաբերվում է մարդկանց, ովքեր խորհրդանշել են քրեաօլիգարխիան և մերժելի դարձել հասարակության համար:

Այլ խոսքով, և մի փոքր պատկերավոր ասած՝ ժողովուրդը «մեծ զոհեր» է պահանջում իշխանությանը վստահելու դիմաց:

Կարեն Կարապետյանի երեկվա ասուլիսում կային ուշագրավ հատվածներ, որոնցում խոսվում էր բիզնեսին չխանգարելու մասին, արժևորվում էին կրթությունն ու գրագետ մարդը՝ որպես կենսունակ մոդելի հիմնական գրավականներ:

Այս դրականով հանդերձ Կարեն Կարապետյանի թե՛ ծրագրում, և թե՛ երեկվա խոսքում ակնահյտորեն թույլ էր քաղաքական բաղկացուցիչը: Օրինակ ես, որպես քաղաքացի լիարժեք չստացա այն հարցի պատասխանը, թե ինչու է արդարացված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն, եթե այդ կառույցը չի նպաստում Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Վարչապետն ակնհայտորեն չկարողացավ ձևակերպել նաև իր կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվության հասցեատերերին՝ հստակ չներկայացնելով իր, նախագահի և ՀՀԿ-ի հարաբերությունների բանաձևը:

Ըստ ամենայնի այս հարցերի պատասխանները վերապահված են ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարին: Մի բան ակնհայտ է, որ ազդարարված տնտեսական բարեփոխումները չեն կարող իրականություն դառնալ՝ առանց քաղաքական բաղկացուցչի և թիմի, որը հենց պետք է դառնա նոր վարչապետի և հասարակության միջնորդը՝ սիգնալները փոխադարձաբար տեղ հասցնելու առաքելությամբ:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *