Ակադեմիան կազմաքանդո՞ւմ են

f5723303487ab1_5723303487aee.thumb

Հայտնի է, որ մեզանում ցանկացած ձեռնարկ, անկախ դրա բնույթից կամ դրանում պարունակվող իրական ռիսկերից, որպես կանոն, ինչ-որ հիմնավորում գտնում է: Պետք է նկատել, որ այդ հիմնավորումները թեպետ երբեմն բավարար չափով պատճառաբանված են թվում ու նույնիսկ չափազանց խոստումնալից, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ոչ միշտ են դրանք համապատասխանում իրականությանը. որպես կանոն՝ ճիշտ հակառակ հետևանքների ենք ականատես դառնում:

Այն, որ մեզանում գիտության դերն ու նշանակությունը վաղուց է անտեսված, իսկ գիտությունն էլ հասարակությունից կղզիացած վիճակում է գտնվում, իրողություն է:

Անկախությունից ի վեր՝ Հայաստանում, ինչպես նաև բոլոր հետխորհրդային հանրապետություններում, գիտության դերն ու նշանակությունը միայն իջել է, նվազել: Հայաստանում, ուր խորհրդային տարիներին գիտությունը միայն ծաղկում էր ապրում, իսկ երկիրն էլ արտաքին աշխարհի կողմից դիտարկվում էր որպես ԽՍՀՄ գիտական մտքի կարևորագույն կենտրոններից մեկն, այսօր գիտության վիճակն այնքան էլ բարվոք չէ: Սրա պատճառները, թերևս, տարբեր են, բայց մեկ բան հաստատ է. պետական ուշադրության պակաս կա:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այժմ ընթանում է մի գործընթաց, որը բավական երկարաշունչ անվանում ունի՝  «գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատում»: Գործընթացների նախաձեռնողների նպատակներն, ինչպես միշտ՝ բարի են ու խիստ հնչեղ՝ բարձրացնել ակադեմիայի գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը՝ ավելացնելով ԳԱԱ ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը և ապահովել նրանց մրցունակությունը, բարձրացնել ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում և այլն: Մի խոսքով՝ Հայաստանի գիտությունը բարձրացնել, ասենք, անգլիականի մակարդակի: Ի դեպ՝ որպես այս գործընթացի վերջնարդյունք՝ նշվում է ոչ միայն ԳԱԱ աշխատակազմի կրճատումն, այլև մի շարք գիտահետազոտական ինստիտուտների վերացումը. նախատեսում են, իբր թեմատիկ ընդհանրություններ ունեցող գիտական ինստիտուտները՝ միավորել: Կարճ ասած՝ օպտիմալացնում են:

Պակաս ուշագրավ չէ նաև այն, որ պարզվում է՝ դեռևս ավարտված չէ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումը և առայժմ եզրակացություն էլ չկա, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում համակարգի գիտական կազմակերպությունները:

Հարցերը, սակայն, որոնք առաջ են գալիս այս ամենի հետ կապված, պետք է նկատել՝ բավական հրատապ են: Նախ՝ առաջին հարցը, որն առաջանում է, այն է, թե արդյոք հնարավոր չէ՞ր լինի բարձրացնել ակադեմիայի արդյունավետությունն՝ առանց մարդկանց կրճատելու: Չմոռանանք, որ յուրաքանչյուր օպտիմալացում ենթադրում է աշխատատեղերի կրճատում, ու կարելի է ենթադրել, որ այս ամենի արդյունքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գիտնականներ՝ ստիպված են լինելու հրաժեշտ տալ գիտությանը: Իսկ նման քայլի գնալ մի պարագայում, երբ հանրապետությունում գիտնականների քրոնիկ պակաս է նկատվում, ամենաքիչը՝ ռիսկային է:

Երկրորդ հարցադրումը, թերևս, այն է, թե ինչպես են հատկապես կողմնորշվելու, թե որ ինստիտուտն է առավել արդյունավետ գործում և որը՝ ոչ: Այլ կերպ ասած՝ որքանո՞վ օբյեկտիվ կլինեն անցկացվող կամ անցկացվելիք ուսումնասիրություններն այդ հարցում և արդյոք սողանցքներ չե՞ն լինի: Բանն այն է, որ գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց ոչ միայն անուններն են անհայտ, այլ նաև՝ քանակը: Եվ հետո՝ իսկ ո՞վ է ասել, որ գիտական ինստիտուտների միաձուլումն անպայմանորեն բերելու է դրանց աշխատանքի արդյուանվետության բարձրացմանը: Վերջապես, չմոռանանք, որ եթե արդյունավետության պակաս զգացվել էլ է, ապա դա տեղի է ունեցել ոչ թե, ասենք, հայ գիտնականների մտքի տկարության պատճառով, այլ բավարար ֆինանսավորում չլինելու:

Հետևաբար՝ եթե ֆինանսավորման հարցը չկարգավորվի ու շեշտը դրվի բացառապես կրճատումների վրա, կասկած լինել չի կարող այն բանում, որ ոչ մի էական արդյունք էլ չենք ունենա. օգուտներս կրճատված գիտնականները կլինեն ու գլխատված գիտությունը: Առանց այն էլ՝ վերջին տասնամյակներում արածներս հենց միայն դա է եղել՝ գիտության գլխատումը:

Անհերքելի է՝ ցանկացած նմանատիպ խոշորամասշտաբ քայլ կատարելուց առաջ՝ պետք է հաշվի առնվեն ոչ միայն դրական այլև, որ ամենակարևորն է, անկանխատեսելի վատ հետևանքները. կամայական բնույթ կրող օպտիմալացումն այս պարագայում չի կարող հարցի լուծում հանդիսանալ. ԳԱԱ-ն ՊՈԱԿ չէ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *