Ի՞նչ է սպասվում նախարարին…

artem-asatryan-1-634x445

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծես ամբողջությամբ լծվել է իր պարտականությունները կատարելու գործին: Մեկ ամիս առաջ կառավարության նիստում վարաչապետից ստացած հանձնարարականների մի ամբողջ շարք վերաբերում էր հենց իր ոլորտում ակնկալվող փոփոխություններին: Այն, որ սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ հատվածում՝ փաստ է, սակայն արդյո՞ք իրականացվող ծրագրերի արդյունավետությունը զգում են հանրության լայն շերտերը և հատկապես այն թիրախային խմբերը, որոնց հետ և որոնց համար նախարարությունն ամենօրյա աշխատանքներ է տանում:

Այն, որ Հայաստանի պետական համակարգը տառապում է կոռուպցիա կոչվող գրեթե անբուժելի հիվանդությամբ, դա փաստ է: Սակայն, որ այս խնդիրը նման ճցացող մասշտաբների կհասնի մի կառույցում, որի գործունեությունը միտված է բնակչության սոցիալապես անապահով խավերի հոգսերը թեթևացնելուն, դժվար էր պատկերացնել:

ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն` իր ստորաբաժանումներով հանդերձ, արդեն տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2016թ-ի տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը՝ ձերբակալվել:

Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր՝ առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ, բացի այդ, մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը:

Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Կարծես թե այս լուրջ միջադեպերը պետք է սթափեցնող ազդեցություն գործեին Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցի վրա՝ դրդելով նրանց աշխատել ավելի թափանցիկ և գործունեությունը ուղղել թիրախային խնդիրների լուծմանը: Սակայն, ինչպես երևում է, նախարարը դասեր չի քաղել: Նախընտրական շրջանում, այլ պետական կառույցներից հետ չմնալու մորմոքով Արտեմ Ասատրյանը ևս իր ենթականերին հանձնարարել է ձայներ հավաքել՝ իշխանությունների վերարտադրությունը ապահովելու համար:

Կամ հասարակությունը ճիշտ չի հասկացել սույն կառույցի պատասխանատվության շրջանակները, կամ էլ Արտեմ Ասատրյանը չի գիտակցում, թե ինչով պետք է գործնականում զբաղվի իր կառույցը: Նախարարը վերջին շրջանում կարևորում էր սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը մեր երկրում:

Վերջերս բարձրաձայնվեց սույն կառույցի կողմից օրենքի կոպիտ խախտման ևս մեկ դեպքի մասին: Մասնավորապես, սոցիալական ծառայության աշխատակիցները ուղղակիորեն սպառնում են ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին՝ ասելով, որ, եթե չընտրեն հանրապետական կուսակցության ներկայացուցչին իրենց նպաստը կկտրեն: Թերևս, սոցիալական աշխատողները սույն կերպով են պատկերացնում այս ինստիտուտի կայացումը, ինչը բնականաբար չի նպաստելու սոցապ նախարարության հանդեպ հասարակական նեգատիվ տրամադրությունների փոփոխմանը:

Արտեմ Ասատրյանը, ինչ խոսք, այն նախարարների շարքին է պատկանում, որոնք ջանք չեն խնայում ընտրություններում անհրաժեշտ ձայներ ապահվելու համար, իսկ պատճառը ակնհայտ է, եթե ընտրությունները չանցնեն ծրագրվածի պես, ապա արտեմասատրյանների նման բազմաթիվ պաշտոնյաներ պատասխան են տալու օրենքի առաջ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *