Անկանխատեսելի Ամերիկան կամ Սպիտակ տուն Թրամփի շռնդալից մուտքը

011

ԱՄՆ քաղաքական ընտրանու հանդեպ շարքային ամերիկացիների անվստահությունն ու հակակրանքն ավելի խորքային էր, քան կարող էր պատկերացնել մեզանից յուրաքանչյուրը։ Հիլլարի Քլինթոնը՝ փորձառու քաղաքական գործիչ, նախկին պետքարտուղար, հենց այդ համակարգի կարկառուն ներկայացուցիչն էր եւ, ըստ էության, դարձավ դրա ճգնաժամի զոհը։ Միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահը, ներկայացնում էր հանրապետական կուսակցությունը, սակայն նրա հաղթանակը հավասարապես նաեւ այդ կուսակցության վերնախավի պարտությունն էր, որովհետեւ եթե դեմոկրատները Դոնալդի մրցակիցներն էին, ապա հարազատ կուսակցության ղեկավարությունն իրեն սահմանազատել էր թեկնածուից՝ նրա սկանդալային հայտարարությունների, հատկապես՝ վերջին սեքս սկանդալի հետեւանքով։ Արդյո՞ք Թրամփն, ի թիվս երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների, փորձելու է ձեւավորել քաղաքական նոր մշակույթ, կայացնել նոր համակարգ, թե՞ գործող համակարգն ուշքի է գալու ստացած «ապտակից», տրանսֆորմացվելու է՝ իրեն ինտեգրելով ու վերահսկելի դարձնելով նոր նախագահին։ Այս հարցերի պատասխանները կունենանք առաջիկա ամիսներին։

Նույն անորոշությամբ է պարուրված Դոնալդ Թրամփի հնարավոր քաղաքականությունը։ Ինչպե՞ս է տոլերանտ Ամերիկայի իմիջը մեկտեղվելու սեւամորթերի, այլազգիների, մահմեդականների հասցեին Դոնալդի արած ագրեսիվ հայտարարությունների հետ, թե՞ դրանք ընդամենը նախընտրական հնարքներ էին եւ մնացին անցյալում։ ԱՄՆ նոր նախագահն ընտրարշավի ընթացքում գրեթե ֆետիշացնում էր Պուտինին ու հիմա անհասկանալի է, թե ինչպես են ամերիկյան ու ռուսական սկզբունքային հակասությունները վերացվելու Սիրիայում կամ Ուկրաինայում։ Արդյո՞ք Թրամփին կհաջողվի «լեզու գտնել» իր «ընկեր Պուտինի» հետ, թե՞ իր անկանխատեսելի վարքագծով ավելի կխորացնի ռուս-ամերիկյան ճգնաժամը։

Հայաստանին կամ մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում Դոնալդ Թրամփը կատարյալ լռություն է պահպանել եւ հիմա անիմաստ է անշնորհակալ կանխատեսումներ անել։ Հայտնի է միայն, որ Թրամփը բիզնես հետաքրքրություններ է ունեցել Ադրբեջանում։ Մյուս կողմից՝ անկախ ԱՄՆ նոր նախագահի անձից, լուրջ ճգնաժամ է նկատվում թուրք-ամերիկյան եւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում, ինչը հայկական կողմի համար՝ դրական հեռանկարներ է խոստանում հատկապես ԼՂ խնդրում։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *