Գյուղացին կրկին խաբված է…

8292789996d25f13b241c47fd59af56f

Հանրապետության բազմաթիվ գյուղեր այսօր հայտնվել են աղետալի վիճակում: Նոր թափ է ստացել արտագաղթը, խորացել է գյուղական աղքատությունը, անբարենպաստ եղանակի պատճառով բազմաթիվ գյուղացիներ կանգնած են սովի վտանգի առջև և ի վիճակի չեն մարելու բանկերից վերցրած վարկերը: Գյուղերում չեն ստեղծվում նոր աշխատատեղեր: Երկրի մշակելի հողերի մեծ մասն այսօր չի մշակվում, ավելին՝ դեգրադացվում է, որովհետև աղքատ գյուղացին ի վիճակի չէ այն մշակել, իսկ պետության կողմից չի ստանում համապատասխան աջակցություն

Մի քանի օր է՝ մարզերի գյուղացիական համայնքներից ահազանգում են, որ վարկերը չմարելու պատճառով բանկերի սև ցուցակներում են հայտնվել, պետությունն էլ իր հերթին խոստացել էր, սակայն որևէ կերպ այս դժվար պահին գյուղացուն թև ու թիկունք չի լինում, շուտով գարնան գյուղատնտեսական աշխատանքներն են մեկնարկում և գյուղացիները անելանելի վիճակում գտնվելով, պատրաստվում են հրաժարվել գյուղատնտեսությամբ զբաղվելուց:

Եվ չնայած ստեղծված իրավիճակին, գյուղնախարարությունում ոլորտի զարգացման համար կարծես թե առավել կարոր են համարում նոր տեխնիկայի ներկրումը: Հարց է առաջանում՝ եթե պետության սխալ քաղաքականության արդյունքում հազարավոր գյուղացիներ կանգնել են փաստի առաջ, պատրաստվում են անմշակ թողնել սեփական հողատարածքները, ո՞ւմ է հարկավոր այդ նոր տեխնիկան:

Հանրապետությունում գործող շուրջ 320 000 գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը «վարկերի տակ են», իսկ դրանց սուբսիդավորումն աննշան է: Անցած տարիներին գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկություններին բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման արդյունքում՝ բազմահազար քաղաքացիներ զրկվել են իրենց գույքից և սեփականությունից։ Ուստի, տարբեր պետական և բանկային համակարգի չինովնիկներ՝ պարտավոր են փոխհատուցել այդ վնասները:

Պետությունը, փաստացի, գյուղացիներին հանձնում է բանկերի հոշոտմանը՝ հիմնավորելով, որ դա իրենց և բանկերի հարաբերություններն են, և այստեղ պետական համակարգը չի կարող միջամտել: Որքան էլ գյուղատնտեսությունը երկրում հայտարարվի գերակա ուղղություն, գյուղում էլ իրականացվի «դեմքով դեպի գյուղը» օպերացիա (կանգնել գյուղացու կողքին կամ նրան «մի բուռ գարի» և «մի բուռ խոստում» տալ), միևնույնն է՝ գյուղացին չի զգում գյուղնախարարության աջակցությունը և անգամ գոյությունը. հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա…

Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կլուծի նաեւ բազում սոցիալական խնդիրներ։ Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում մարզերում ապրող մեր քաղաքացիները, քանի որ չեն կարողանում տեղում աշխատելով, ապահովել իրենց ընտանիքների նվազագույն պահանջները։ Եթե տեղում հնարավորություններ ստեղծվեն, ապա համոզված եմ, որ մարդիկ կմնան եւ կզարգացնեն մեր տնտեսությունը, այլ ոչ թե օտարության մեջ կփնտրեն իրենց եկամուտներն ու կշենացնեն այլոց տնտեսությունները։

Գյուղացին շարունակում է կուտակել վարկեր ու տոկոսադրույքներ, որոնք փակելու համար շարունակում է մեկնել արտագնա աշխատանքի, գյուղերում տեխնոլոգիական նորամուծություններ չեն իրականանում, հողի մշակման արդյունավետությունը չափազանց ցածր է…

Ամենամեծ «ներդրումը» գյուղատնտեսության զարգացման գործում՝ թերեւս ունի ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, որի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ գյուղմթերքի արտադրությունը Հայաստանում աճում է ժամ առ ժամ:

Եւ նույնիսկ որոշ մթերքների արտադրությամբ, ըստ ԱՎԾ-ի տվյալների, մենք արդեն ոտք ենք գցում ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ճապոնիայի հետ: Բայց միայն պաշտոնական վիճակագրական տվյալներով: Հետաքրքիր է՝ մեր պաշտոնյաները գյուղացու կողքին կանգնած ժամանակ տեսնես մտածե՞լ են, թե իրականում ինչպիսի աջակցություն է պետք մեր գյուղացուն: Որ խորը մտածեն, երեւի կանգնելու փոխարեն՝ կգնան գործ կանեն:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *