«Մեզ հիշում են միայն վարակների և համաճարակների ժամանակ». սահմանամերձ համայնքի մանկապարտեզի տնօրեն

%d5%b6%d5%b6%d5%b6%d5%b6%d5%b6%d5%b6%d5%b6%d5%b6

Կրթության և գիտության նախարարության կողմից նախադպրոցական հաստատությունների նկատմամբ ուշադրության պակաս կա: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը ցավով նշում է՝ այսօր նախարարության  ուշադրությունը սևեռված է դպրոցներին և բուհերին, իսկ նախադպրոցական հաստատություններն անուշադրության են մատնված:

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված «Վարպետություն առանց սահմանների» մրցույթում՝ Հայաստանը ներկայացրել է հենց Փառանձեմ Խանգելդյանը, ով անցնելով մրցույթային բոլոր փուլերը, գրավել է առաջին հորիզոնականը: Հայրենիք վերադառնալուց հետո, սակայն, վերջինս, որպես միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած միակ մասնակից՝ որևէ ուշադրության չի արժանացել:

«Ես նախադպրոցական կրթական համակարգում եմ արդեն 33 տարի, որից 30-ը կապված է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 նախադպրոցական հաստատության հետ, 20 տարի որպես դաստիարակ եմ աշխատել: Այդ տարիներն իմ մասնագիտական գործունեության ամենաերջանիկ տարիներն էին և արդեն 10 տարի՝ որպես տնօրեն եմ աշխատում։ Ես նպատակ չունեմ համեմատելու մեր նախադպրոցական կրթության վիճակը՝ ԱՊՀ այլ երկրների համապատասխան ոլորտների հետ, երկրների արժեքային համակարգերն ու մտածելակերպի տարբերություններն են ակնհայտ, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ այնպիսի տևական բարձիթողի վիճակ, ինչպիսին մեր նախադպրոցական կրթական համակարգում է, ոչ մի տեղ չկար։  Խոսքս չի վերաբերվում Երևանում գործող և քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող մի քանի մանկապարտեզներին, այլ ընդհանուր՝ նախադպրոցական ցանցին։

Մեր բնագավառում ոչինչ չփոխեցին տարբեր ժամանակաշրջանների նախադպրոցական կրթության ռազմավարական ծրագրերը. կարող եմ փաստարկված խոսել, եթե դրա կարիքը լինի։ Հարցրեք համակարգին քիչ թե շատ մոտ գտնվող ցանկացած մասնագետի՝ հեղեղի պես դժգոհություններ կթափվեն: Երևի մենք՝ նախադպրոցական համակարգի կազմակերպիչներս էլ մեղքի առյուծի բաժինն ունենք, հանրակրթական համակարգի աղքատ բարեկամի կարգավիճակը շատերիս ձեռք է տալիս, մեզ հիշում են միայն վարակների և համաճարակների ժամանակ, կրթության որակ հասկացությունն էլ մանկապարտեզներում ասոցացվում է ճոխ հադեսներ կազմակերպելու հետ։ Այնինչ՝ կրթական համակարգի անհաջողությունները գալիս են հենց մեր համակարգի խնդիրների շրջանցման հետևանքով, բայց խնդիրներն անտեսվելուց ավելի են խորանում»,- խոր ցավով մանրամասնեց տիկին Խանգելդյանը:

Նրա խոսքով՝ ինքը ցանկություն չունի, որ իր մասին գրեն, խոսեն. իր նպատակը նախադպրոցական կրթական ոլորտում որակի բարելավումն է, նախարարության կողմից ուշադրության հատկացումը,  որը, ինչու չէ, հենց նման դեպքերով էլ պետք է արտահայտված լինի: 

Մեր զրուցակիցը փաստեց, որ Կրթության  նախարարությունն այս նույն մրցույթի երկրորդ  փուլի մասին պատշաճ չի տեղեկացրել, որպեսզի նախադպրոցական համակարգում աշխատող այլ մասանագետներ ևս կարողանան մասնակցել և ներկայացնել Հայաստանը: Նա նշեց, որ այդ մրցույթին մասնակցելը նախարարության վրա ֆինանսական ավելորդ բեռ չի ավելացնում, ճանապարհածախսը և մնացած հարցերը կազմակերպիչների և մասնակցի վրա են դրված: Այդուհանդերձ՝ նախարարությունն անուշադրության է մատնել դա:

«Ես համոզված եմ, որ նախադպրոցական բնագավառն աշխուժանալու է և այդ գործում միասնական պետք է լինենք բոլորս՝ պետությունը, համայնքները, նախանձախնդիր մանկավարժներն ու կրթության պատասխանատուները, որովհետև իրավունք չունենք կորցնել թանկ ժամանակը և մեր երեխաներին զրկել որակյալ և արդյունավետ նախադպրոցական կրթություն ստանալու, բարեկեցիկ պայմաններում կրթվելու հնարավորությունից՝ Երևանի կենտրոնում և ամենահեռավոր մարզերում։

Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մրցույթներ, վարպետության դասեր, վերապատրաստման դասընթացներ եվ մանկավարժի մասնագիտական աճին նպաստող իրական, ոչ ձևական մոտեցումներ, որպեսզի դուրս գանք այս սպասողական իրավիճակից։ Մենք բոլորս պատասխանատու ենք այս իրավիճակի համար»,- իր խոսքը եզրափակեց Փառանձեմ Խանգելդյանը:

Ի դեպ՝ Փառանձեմ Խանգելդյանը «Վարպետություն առանց սահմանների» մրցույթի կազմակերպիչների կողմից նշանակվել է մրցույթի տարածաշրջանային ներկայացուցիչ:

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *