Չլինի՞՝ Թրամփը «նժդեհական» է

donald-trump2

Անցյալ շաբաթվա գլխավոր իրադարձությունը՝ ԱՄՆ նախագահի ընտրությունները, շարունակում են մնալ բոլորի քննարկումների ու բանավեճերի թեման։ Ռուսաստանում գոհ են Դոնալդ Թրամփի անակնկալ հաղթանակից՝ թեեւ անկեղծորեն չեն պատկերացնում, թե ԱՄՆ 45-րդ նախագահն ինչպես է կարգավորելու ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Եվրոպայում երկյուղած են՝ հղում անելով Թրամփի անկանխատեսելիությանն ու անտեղյակությանը։ Շատերն են հիշում Դոնալդի նախընտրական մի «ռեպլիկ», թե՝ «Բելգիան, դա հրաշալի քաղաք է»:

Փոխարենը՝ հրճվում են Երեւանում։ Ու չգիտես՝ ինչու։ Ներքին մի ենթագիտակցությամբ՝ մերոնք ուրախանում են, որ իրականություն են դառնում ռուսական ցանկություները։ Իսկ դրանք առավելապես վերաբերում էին ոչ թե Թրամփին, այլ հանգում էին նրան, որ Քլինթոնը չընտրվի։ Օրինակ Ռուսաստանի Պետդումայում ծափահարություններով դիմավորեցին Դոնալդի ընտրության փաստը։ Մեր հանրապետականները սահմանափակվեցին հարցազրույցային հրճվանքով։ Պարզվում է՝ նրա համար, որ ԱՄՆ-ում հաղթել է հանրապետական թեկնածուն։ Շարմազանովն ու մյուսներն այնպիսի տպավորություն ստեղծեցին՝ կարծես Ամերիկայի հանրապետականները մեր ՀՀԿ-ի մասնաճյուղն են, իսկ Թրամփն էլ՝ ՀՀԿ ԳՄ «դաբրոն» ստացած թեկնածու: Բայց եթե ՀՀԿ վերնախավը Շմայսի ինտելեկտուալ մակարդակից գոնե մի քիչ ավելի բարձր լիներ, կիմանար, որ ավարտված ընտրություններում Թրամփը հաղթել է ոչ միայն դեմոկրատներին, այլ նաեւ՝ հանրապետական վերնախավին, որը, տարբեր պատճառներով, սահմանազատվել էր թեկնածուից։ Այլ խոսքով, եթե Թրամփը նույնիսկ հանրապետական է, ապա նրանց «նոր ոգին» է։ Ակամայից շատ ցավեցրեցի մեր հանրապետականներին, որոնց դռանն, այս օրերին, թարսի պես, «նոր ոգի» է «չոքել»։

Սակայն ավելի ճիշտ կլիներ, որ մեր հանրապետականները դուրս գային մանկապարտեզային բարդույթից եւ ոչ թե հրճվեին Թրամփի հանրապետական լինելուց, այլ դասեր քաղեին ամերիկյան քաղաքական մշակույթից, ընտրական համակարգից։

Օրինակ, այն հանգամանքից, որ գործող նախագահ Բարաք Օբաման ընտրությունները չկեղծեց՝ իր կուսակցին նախագահ կարգելու կամ էպոտաժային Թրամփի հաղթանակը կանխելու համար։ Նույնիսկ իշխանությունները խանգարեցին Հիլլարիին՝ քվեարկությունից տաս օր առաջ թարմացնելով «էլեկտրոնային նամակագրության» գործը։ Հայաստանում իշխանությունը կրակելու հրաման է տալիս, երբ ընդդիմության թեկնածուի հաղթանակի մտավախություն է ունենում։ Օբաման շնորհավորեց Թրամփին, որին տանել չի կարողանում եւ հանձնարարեց իր աշխատակազմին՝ ապահովել իշխանության սահուն փոխանցումը։

Մեր իշխանությունները՝ Թրամփով հրճվելու փոխարեն, պետք է ուշադիր հետեւեն, թե ինչպիսի արժանապատվությամբ է ԱՄՆ կառավարող կուսակցությունն ընդունում իր պարտությունը եւ հանձնում իշխանությունը։ Մարդ ես՝ գուցե այդ ամենը մերոնց պետք գա արդեն 2017թ-ի ապրիլին։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *