Վարչապետը վերահսկողության տա՞կ է վերցնում հզորագույն ռեսուրսը

%d5%bf%d5%b0%d5%b5%d6%82%d5%af

Հայաստանում շարունակվում են ամբողջ թափով ընթանալ պետական կառավարման համակարգում Կարապետյանի գալստյամբ սկիզբ առած աննախադեպ փոփոխությունները, որոնք աչքի են ընկնում հետաքրքրական նյուանսներով ու նրբություններով՝ վկայող համակարգի ներսում՝ չերևացող հատվածում, տեղի ունեցող խորքային գործընթացների մասին, որոնց ընթացքից է, խոշոր հաշվով, կախված լինելու այն հարցի պատասխանը, թե առաջիկայում որ ուղենիշով է ընթանալու, զարգանալու Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարությունն այլևս բերվել է վերջնական տեսքի, ու Սերժ Սարգսյանն հայտնել է այն մարդկանց անունները, որոնք զբաղեցնելու են պաշտպանության և արտաքին գործերի նախարարների բարձր պաշտոնները: Ի թիվս այս ամենի՝ արդեն իսկ պարզ է դարձել նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեիում ևս փոփոխություն է տեղի ունեցել, որ լիուլի տեղավորվում է այն համընդհանուր տրամաբանության մեջ, որի ծիրից ներս էլ տեղի էին ունենում պետական կառավարման համակարգի վերջին շրջանի փոփոխությունները. Հովհաննես Հովսեփյանին, ով ավանդաբար համարվում է նախագահի կադրը, փոխարինելու է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ ու գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից մեկն է հանդիսանում: Իսկ սա նշանակում է, որ Հարությունյանի՝ ՊԵԿ ղեկավար նշանակմամբ Կարեն Կարապետյանին է տրվում երկրի կառավարման կարևորագույն ու հզորագույն ռեսուրսներից մեկը, որն, ինչպես հայտնի է, չափազանց արմատական դերակատարություն ունի տնտեսության համընդհանուր զարգացման, խաղի կանոնների հաստատման գործում: Ինչ վերաբերում է անձամբ Վարդան Հարությունյանին, ապա պետք է նշել, որ ՊԵԿ նորանշանակ ղեկավարը աշխատանքային գործունեության բավական հարուստ կենսափորձ ունի ու հրաշալի տիրապետում է այն մասնագիտական նրբություններին, որոնք թույլ են տալու նրան պատշաճորեն իրականացնել սեփական գործառույթները նոր պաշտոնում:

Առանձնապես գաղտնիք չէ, որ նախքան այս նշանակումը, տարբեր շրջանակներում բավական ակտիվորեն ընթանում էին խոսակցություններ այն մասին, թե իբր նախագահ Սարգսյանը տնտեսության վրա իր բացարձակ վերահսկողությունը պահպանելու համար ՊԵԿ ղեկավարի պաշտոնում շարունակելու է աջակցել Հովհաննես Հովսեփյանին՝ վերջինիս միջոցով ջանալով ձեռքը պահել տնտեսության զարկերակի վրա: Շատերը նույնիսկ խոսում էին նախագահի ու վարչապետի միջև առկա կամ լուռ հակամարտության մասին՝ բախման հիմնական թատերաբեմ ներկայացնելով հենց ՊԵԿ-ը: Բայց ահա ՊԵԿ-ում կատարված համապատասխան փոփոխությունը գալիս է փաստելու, որ իրականում նմանօրինակ խոսակցությունները չափազանցրած էին, անհիմն, ու Կարապետյանի նկատմամբ Սարգսյանի տարածած վստահությունը գրեթե աներկբա է, համապարփակ. իրականում ոչ մի անհաշտություն էլ նախագահի ու վարչապետի միջև լինել չի կարող, քանի որ պետք չէ մոռանալ՝ հենց Սերժ Սարգսյանի համաձայնությամբ ու կայացրած որոշման արդյունքում է Կարապետյանը դարձել ՀՀ վարչապետ:

Անկասկած է՝ տեղի ունեցած կադրային փոփոխությունը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն այսուհետ հենց Կարապետյանի լիարժեք պատասխանատվությանն է հանձնում երկրի տնտեսության զարգացման կարևորագույն գործը՝ տրամադրելով նրան լիարժեք լծակներ՝ կյանքի կոչելու ունեցած տեսլականներն ու ծրագրեըը, որ գոնե տեսականորեն կոչված են լինելու տեսանելի ապագայում շոշափելի արդյունքներ ապահովել ու բարելավել երկրի համընդհանուր տնտեսական վիճակը. այս հարցում նախագահի ու վարչապետի միջև որևիցե վատառողջ մրցակցություն գոյություն ունենալ չի կարող:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *